Հրայր Թովմասյանի սպասելի՞, թե անսպասելի քայլը

Հրայր Թովմասյանի սպասելի՞, թե անսպասելի քայլը

Սահմանադրական դատարանը մերժեց 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանի՝ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի գործողությունը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը։
ՍԴ որոշումն ինչ-որ իմաստով որոշ շրջանակների համար անսպասելի էր, քանի որ հասարակության մի ստվար զանգված վստահ էր, որ դատավոր Գրիգորյանի ՍԴ դիմումը, փաստաբանի միջնորդությունը մեկ ընդհանուր հեռահար ու նուրբ մշակված ծրագրի  օղակն է․ ՍԴ որոշմամբ մի այլ օղակ պետք է ավելանար, և Քոչարյանի ազատման շղթան ամբողջացվեր ՍԴ նախագահ և գործող Սահմանադրության «հայր» համարվող Հրայր Թովմասյանի կողմից։ Հարցը տեղափոխվում է Սամանադրական դատարանի տիրույթ, իսկ Բարձր դատարանն էլ հարցը «ջրում է»։

 Ինչևէ․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբն ինչպե՞ս է գնահատում ՍԴ մերժումը, անսպասելի՞ էր։ Արամ Օրբելյանն ասաց․ «Անսպասելի լինել-չլինելու խնդիր չկար, ընթացիկ միջնորդություն էր, որի մասով ցանկացած միջնորդություն կարող էր լինել։ Համապատասխան հոդվածի կիրառման պրակտիկա Հայաստանում շատ չկա, հետևաբար, ինչ-որ չափանիշ, ինչի հիման վրա անալիզ կամ սպասելիք պիտի ունենայինք, չկար»։
Արամ Օրբելյանը միջնորդությունը որակեց որպես հայցի ապահովման միջոցի նման մի բան։
Հիշեցնենք, որ դեռ կա օգոստոսի 29-ը, երբ  Սահմանադրական դատարանը քննության է առնելու Քոչարյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի և 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, այդ թվում՝ 35-րդ հոդվածի մասով՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները։
Արամ Վարդևանյանն էլ՝  ՍԴ ներկայացված միջնորդության հեղինակը, մոտավորապես կրկնեց գործընկերոջն՝ ասելով․«Ընթացակարգային, միջանկյալ որոշում է։ Այդ ինստիտուտը Հայաստանում միայն մեկ անգամ է օգտագործվել՝ կուտակային կենսաթոշակների դեպքում։ Ըստ որում՝ միջնորդել էին մոտ մեկ տասնյակ հոդվածներ կասեցնել, կասեցվել էին մեկ-երկուսը։ Ինչևէ, ընթացք է, բնականոն գործընթաց, ընթանում է»։
Արամ Վարդևանյանը նաև մեկնաբանեց, որ ՍԴ աշխատակարգային որոշման մեջ հստակ ամրագրված է, որ նորից դիմելու հնարավորությունը չի սահմանափակվում։
«Դատարանն արձանագրեց, որ դեռևս Վճռաբեկ դատարան դիմելու խնդիր կա։ Դրանից հետո նոր ավելի առարկայական հնարավոր է անդրադառնալ»,-ասաց փաստաբանը։
Բացի իրավական կողմը, ՍԴ աշխատակարգային այս որոշումը նաև քաղաքագիտական տեսանկյունից է հետաքրքիր։ Հնարավո՞ր է, որ այս աշխատակարգային որոշմամբ ՍԴ նախագահը Նիկոլ Փաշինյանին «մեսիջ» ուղարկեց, որ «ՍԴ նախագահը Վահե Գրիգորյանը չէ, այլ Հրայր Թովմասյանը»։
Հարցն ուղղեցինք քաղաքագետ Աղասի Ենոքյանին, որը նույնպես կարծում է, որ այս որոշումը իրավական է, չկա «քաղաքական պահ»։ Թերևս բացի նրանից, որ Սահմանադրական դատարանի շուրջ կան զարգացումներ։
«Համենայնդեպս, այն պահից հետո, երբ Վահե Գրիգորյանը հայտարարեց, որ ինքը Սահմանադրական դատարանի նախագահն է, Թովմասյանը դեռ իր գնահատականը չի տվել, որևէ խոսք դրա վերաբերյալ չի ասել։ Ընդունո՞ւմ է  Վահե Գրիգորյանի մարտահրավերը, թե՝ ոչ», -արձանագրում է  Աղասի Ենոքյանը։
Որպես ափոփում քաղաքագետը  նշեց, որ Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ ճանաչում է մեկ հոգի և այդ մեկ հոգին Վահե Գրիգորյանն է։