Հիվանդանոցից զանգել ու մահացածի աղքատ ընտանիքից 40 հազար դրամ են ուզել․․․

Հիվանդանոցից զանգել ու մահացածի աղքատ ընտանիքից 40 հազար դրամ են ուզել․․․

Ամեն օր մի նոր աչքալուսանք ենք ստանում  Առողջապահության նախարարից ու այնպիսի տպավորություն է՝ կարծես երկրում առողջապահության համակարգը  մասամբ անվճար է։ Եթե չենք առնչվում հիվանդանոցի հետ, ասում ենք՝ տեսնու՞մ եք, ինչքան լավ փոփոխություններ կան, եթե առնչվում ենք, գլխներս կախում ենք՝ ոչինչ էլ չի փոխվել, նույնն է ամեն ինչ։ Տա Աստված, որ չառնչվենք որևէ հիվանդանոցի կամ բուժհաստատության հետ և մեզ թվա, թե սրտանոթային, քաղցկեղով, ու էլի շատ հիվանդություններ,  բուժվում են անվճար, երեխաների համար  խնդիր չկա, դեղերի մեծ մասն էլ անվճար կտան։ Ու գիտե՞ք սարսափելին որն է, երբ գրում են, որ այսինչ տարիքային շեմի բուժումն էլ է անվճար դարձել, հայտնվում են գովազդող ֆեյքեր և գրում՝ ապրի առողջապահության նախարարը, կեցցե առողջապահության նախարարը, մեր միակ աշխատող նախարարը։

Մարդիկ, ուշքի եկեք, մենք մեզ խաբելով ապրում ենք, գործ ունենք սոցիալապես վատ վիճակում գտնվող մարդկանց հետ, որոնց ապրելու աղոտ լույսը հույսն է։ Այդ հույսն էլ մի կտրեք։

Երեկ տան հետ կապված խնդիրներով ծառայողն էր եկել մեր բնակարան։  Կոտրված, քամված։ Մի կերպ են ծայրը ծայրին հասցնում։ Երկու քույր են ու եղբայրը։

Եղբայրս է մահացել,- ասաց,- ուշքի չեմ գալիս։ Վատացել էր, սրտից էր բողոքում, հիվանդանոց ենք տեղափոխել։ Բուժզննում չարեցին։ Հաշվի չառան, որ եղբայրս ծայրահեղ վիճակում է, փող չունեինք, պիտի պարտք անեինք։ Սպասեցրին այնքան, մինչև փողը բերեցինք, մուծեցինք ու չեկը ներկայացրինք։ Իսկ այդ ընթացքում եղբորս վիճակն ավելի վատացավ։   Բուժզննումից հետո ասացին, որ պիտի տեղափոխենք այսինչ հիվանդանոց՝ վիրահատության։ Այնտեղ 4,5 միլիոն դրամ պահանջեցին մուծել։ Որտեղի՞ց մեզ այդքան փող։ Նույնիսկ չէին լսում, երբ ասում էինք, որ չենք կարող, փող չունենք։ Զարմացած մեզ էին նայում, երբ ես ու քույրս ասում էինք, որ սրտանոթային հիվանդություները, ինչքան լսել ենք, անվճար կամ զեղչով են անում։

Անճար մի հիվանդանոցից մյուսն էինք վազում, չգիտեինք՝ ինչ անենք, ում դիմենք։ Հերթական անգամ, երբ հիվանդանոց գնացինք, ասացին՝ միք բարձրանա, ձեր եղբայրը մահացել է։ Թալանչիներ են,- ասում էր,- հավաքարարից բռնած մինչև քույրը, բժիշկը, միայն ձեռքիդ են նայում։

․․․Երբ եղբորս տուն տարանք ու մտածում էիք, թե ոնց ենք հուղարկավորելու,  զանգ հնչեց։ Վերցրի, նույն հիվանդանոցից էր, վերակենդանացման բաժնից,  պալատի փողն էին ուզում՝ 40, 000 դրամ։ Ինձ կորցրած գոռում էի՝ որտեղի՞ց տամ,  հետո չեմ հիշում՝ երբ ուշքի եկա ու տեսա, որ քույրս մահացած եղբորս թողած, ինձ է կանչում։ Կարծես երազում լինեի։

Սա է մեր հիվանդանոցների վիճակը։ Սա է աղքատ, բայց հպարտ ապրող մեր քաղաքացու վիճակը։ Ի դեպ դեպքը տեղի է ունեցել այն հիվանդանոցում, որի տնօրենին ազատեցին աշխատանքից ու նոր տնօրեն նշանակեցին։ Այն տնօրենին ազատեցին աշխատանքից, ում մասին ասում էին՝ դեռ ոչ մի աղքատի փողի համար հետ չի տվել։

ՀԳ Ավելորդ եմ համարում անգամ անուններ հրապարակել։ Ավելորդ այն առումով, որ դա համարում եմ համակարգային ախտ։ Համակարգային փոփոխություն անելու փոխարեն, փոխում են հիվանդանոցի տնօրեններին, իսկ նրանք նույն խողովակով օգտվում են։ 

Ու կրկին անդրադառնամ մեզ։ Եկեք խոսենք պարզ, առանց ստի,առանց ֆեյքերի ու կեցցեների։ Ի՞նչ է փոխվել առողջապահության համակարգում․․․ Փաստացի։ Էլի ծայրահեղ աղքատները սրա, նրա ոտն են ընկնում, խնդրում,  դիմում ժողովրդի օգնությանը։ Ու մի զարմանալի բան էլ՝ հիմա ինչ որ մարդիկ քսան տարի առաջվա դեպքեր են հիշում՝ պապիկս է "խուտուտ տվել", "քեռիս է փորձել․․․"՝ ներկայացնելով որպես բռնաբարության փորձ, պահանջում հանրային, միջազգային ուշադրություն,  բայց ոչ մեկը ուշադրություն չի դարձնում, երբ կողքինը մեռնում է անօգնական։ Երբ կարող էր ապրել, բայց մեռնում է, որովհետև բուժվելու համար փող չունի։ Ոչ մեկը չի փորձում նման դեպքը ներկայացնել հանրության ուշադրությանը, որովհետև գրանտ չի ստանում։ Ոչ մեկը չի փորձում ասել՝ ու՞ր են այն բարեփոխումները, որ ամեն օր միանվագ կաթացնում եք․․․