Թուրքիայի ազդեցությունը ավելացել է և Հայաստանի, և Ռուսաստանի վրա

Թուրքիայի ազդեցությունը ավելացել է և Հայաստանի, և Ռուսաստանի վրա

«Հրապարակի»  զրուցակիցն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը:

-Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 22-ին Հայաստան է այցելելու։ Արդյոք իր այցով Պուտինն ուզում է ցույց տալ, որ այս տարածաշրջանը դեռևս գտնվում է Ռուսաստանի ազդեցության գոտում, թե՞ այլ նշանակություն ունի այս այցը։

- Խնդիրն այն է, որ պաշտոնական հաղորդագրությունն ամբողջապես չի բացահայտում այս այցը։ Նաև պետք է հաշվի առնել, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում ինչ ռուս-ուկրաինական պատերազմն է սկսվել, Պուտինը ընդամենը երկու անգամն է, եթե չեմ սխալվում, Ռուսաստանից դուրս գնացել, այնպես որ հիմա մի քիչ դժվար է ենթադրել, բայց կարող ենք վարկածներ ունենալ։ Գուցե խնդիրն այն է, որ Պուտինը տեսնում է, որ Հայաստանում Ռուսաստանը կորցրել է իր դիրքերի զգալի մասը և գուցե փորձում է բանակցություններն առաջին դեմքից վարել։ Որովհետև պարզ է, որ Ռուսաստանի ներսում էլ կան խնդիրներ, գուցե այնտեղ էլ անվստահություն կա և գուցե փորձում է անձամբ մասնակցել, անձամբ տեսնել, թե ինչ իրավիճակ է Հայաստանում և հայ-ռուսական հարաբերություններում։

-Իսկ այցելության ժամանակ Հայաստանի հետ համագործակցության մասին նոր հայտարարություններ կլինե՞ն։

-Որքանով որ ես կարող եմ ենթադրել՝ նման բան տեղի չի ունենա։ Այսինքն, շատ բան կախված է մեր դիվանագիտության ճկունությունից և այն համատեքստից, որը կստեղծվի։ Օրինակ, պետք է հիշել, երբ այս տարվա ընթացքում՝ ամռանը, եկան եվրոպական երկրների ղեկավարները՝ սկզբից մի տրամադրությամբ են եկել, բայց այնտեղ իրենց ճիշտ ուղորդեցին, որպեսզի Ուկրաինայի շահերի հետ դա համընկնի և իրենք արդեն լրիվ այլ օրակարգով գնացին, քան նախանշել էին։ Այնպես որ, իրականում հնարավորություններ կան, բայց դա չի նշանակում որ ամեն ինչ շատ հեշտ կստացվի։ Ամեն ինչ կախված է դիվանագիտական աշխատանքից։

-Այդ աշխատանքը կտարվի՞, հաշվի առնելով վերջին շրջանում իշխանական շրջանակների կողմից արվող հայտարարությունները։

-Դա ինձ հուշում է, որ չի արվի։ Հայաստանի դիվանագիտությունը և ի վիճակի չէ, և ցանկություն չունի այն հարցերը լուծել կամ դնել, որոնք Հայաստանի համար առավել կարևոր հարցեր են։ Այսպիսով, գործանականում չպետք է որևէ էական ակնկալիք ունենանք առհասարակ որևէ գործընթացից, որովհետև մենք չենք կարող ունենալ դրական ակնկալիք այն գործընթացներից, որոնք մեզանից անկախ են՝ դա անիմաստ է։

-Տեղեկություններ կան, որ Պուտինի այցին ընդառաջ հակառուսական բնույթի ակցիաներ են սպասվում։

-Պուտինի նախորդ այցը, որը տեղի է ունեցել 2019 թվականին, ուղեկցվել է թեև շատ փոքր ակցիայով, բայց այնպես էր կազմակերպվել, որ վրացուհի լրագրողը կարողացել էր մուտք ունենալ Պուտինի հետ ճեպազրույցին և կասկածներ չունեմ, որ այդպես կարող է լինել։ Ինչու եմ դա ասում, որովհետև նույն այդ ժամանակ ուրիշ մարդիկ էլ էին ցույց կազմակերպում՝ Փաշինյանի դեմ, բայց դրան ամեն ձևով խոչընդոտեցին, իսկ հակապուտինյան ցույցը հենց Բաղրամյանում անցկացվեց։ Սա հասկանալի է, սա այդպիսի քաղաքականություն է և հիմա այդ ցույցը շատ ավելի մեծ կլինի՝ մի հազար հոգի կլինի, որպեսզի պատկեր տրվի և այն մարդկանց, ովքեր հիմա Հայաստանում հայ-ռուսական հարաբերություններին դեմ են, և այն մարդկանց, ովքեր Ռուսաստանում են հայ-ռուսական հարաբերություններին դեմ և առաջին հերթին Բաքվին ու իր լոբբիստներին, որոնց շահերից է բխում հայ-ռուսական հարաբերությունների նման ցածր որակը։

-Այսինքն, Պուտինի այցից հետո հայ-ռուսական հարաբերությունների հարաբերությունների կարգավորման հույսեր պետք չէ՞ ունենալ։

-Հստակ, իհարկե, չեմ կարող ասել, բայց բացառել ևս չենք կարող, որովհետև իրականում նման միտում կա և ես չեմ տեսնում որևէ ադեկվատ հակազդեցություն այս միտմանը ոչ Հայաստանում, ոչ Ռուսաստանում։ Այսինքն, նույն Ռուսաստանի իշխանությունները, տեսնելով այս միտումները, չեն կարող ադեկվատ քաղաքականություն դրսևորել։ Հայաստանի իշխանությունների մոտեցումները և պահվածքը պարզ է, բայց նույն այդ ուժերը, որ Հայաստանում կան և չեն ուզում հայ-ռուսական հարաբերությունների վատթարացում, իրենց կողմից էլ որևէ ադեկվատ քաղաքականություն չեմ տեսել։ Բայց ասել, որ այս իշխանությունների օրակարգը սա է կամ նա է՝ դա ադեկվատ չի, իմ կարծիքով, այստեղ կարիք կա ճիշտ կոմունիկացիայի, ճիշտ քաղաքական աշխատանքի, այլ ոչ թե ինչ-որ հայտարարությունների, մեղադրանքների, խոսքերի՝ առհասարակ և պետք է նաև հաշվի առնել համատեքսը։ Եվ այդ համատեքստը միայն հայ-ռուսական հարաբերություններում չի դրսևորվում։ Այդ համատեքսն այնպիսին է, որ Ռուսաստանը պարտվում է Ուկրաինայում և պարտվում է նաև Արևմուտքին, և պարզ է, որ դա ազդում է ողջ հետխորհրդային տարածքի վրա։ Նույնն էլ կարելի է ասել Հայաստանի պարագայում, եթե Հայաստանը Արցախում և առհասարակ Թուրքիային ու Ադրբեջանին է պարտվում, պարզ է, որ Ռուսաստանում այս տարածաշրջանում ներկա լինելու շատ քիչ տեղ է մնում։ Խնդիրն այն է, որ այս ադեկվատ գիտակցումը վերջին տարիների ընթացքում արդեն չկա, որովհետև Թուրքիայի ազդեցությունը ավելացել է և Հայաստանի, և Ռուսաստանի վրա։ Եվ այսպիսով, սա էլ է խնդրահարույց, այսինքն,  խնդիրների շղթան, որ բերում է իրադարձությունների այս զարգացմանը, բավականին մեծ է և Ռուսաստանի ղեկավարը կարող է ինչ-որ բաներ փոխել, բայց իր քաղաքականությունից ես չեմ տեսնում, որ ինքը ունակ է ճիշտ պատկերացնել իրավիճակը, ունակ է ինչ-որ լուծումներ տալ։ Այսինքն, ես ակնկալում եմ, որ լուծումները կշարունկվեն այնպես, ինչպես գնում են մինչև հիմա։