Մերձավորարեւելյան ներկա ճգնաժամն ու ԱՄՆ նախագահական գալիք ընտրությունները

Մերձավորարեւելյան ներկա ճգնաժամն ու ԱՄՆ նախագահական գալիք ընտրությունները

Մերձավորարեւելյան ճգնաժամի աստիճանական խորացմանը զուգընթաց, շատ վերլուծաբաններ արդեն ահազանգում են, որ այն կեցվածքը, որը որդեգրել է Միացյալ Նահանգները՝ անվերապահ աջակցելով Իսրայելին, կարող է չափազանց ծանր հետեւանքներ ունենալ ԱՄՆ-մահմեդական աշխարհ հարաբերությունների կտրվածքով։ Առանց այն էլ այդ հարաբերությունները դյուրին չեն։

Մահմեդական երկրների կառավարությունները դեռեւս հույս ունեն, որ կկարողանան Վաշինգտոնին համոզել՝ ճնշում գործադրել Իսրայելի վրա, պաղեստինցիների կոտորածը Գազայի սեկտորում դադարեցնելու համար։ Սակայն այն իրավիճակը, որը կա այսօր, ամենայն հավանականությամբ, կստիպի մահմեդական աշխարհին՝ ամենամոտ ապագայում հասկանալու, որ անիմաստ է նման հույսեր տածելը։ Թե պաշտոնական մակարդակում ինչ կարող է լինել դրանից հետո, դժվար է ասել, սակայն այն, որ մոտ 2 միլիարդանոց մահմեդական աշխարհը սկսում է թշնամանալ Միացյալ Նահանգների հետ, արդեն պարզ է, ինչպես երկուսին գումարած երկուսը։ Ամերիկյան գործող վարչակազմի համար սա իրականում չափազանց լուրջ խնդիր է, հատկապես՝ հաջորդ տարվա նախագահական ընտրությունների նախաշեմին։

Նախ՝ Բայդենի միանշանակ իսրայելամետ կեցվածքը բավականին ներհակ տրամադրություններ է ստեղծել հենց իշխող Դեմոկրատական կուսակցությունում։ Վերջինիս ձախակողմյան թեւը դեմ է Գազայի սեկտորի ռմբակոծություններին եւ պահանջում է ստիպել, որ Իսրայելը դադարեցնի ռազմական գործողությունները։ Դեմկուսի վերնախավում, սակայն, կարծես թե առայժմ հանգիստ են՝ թերեւս հասկանալով, որ նույնիսկ «ձախ դեմոկրատները» չեն գնա ու չեն քվեարկի, օրինակ, Թրամփի օգտին, թեկուզ պայմանավորված այն հանգամանքով, որ իսրայելամետության առումով հանրապետականները դեմոկրատներից հետ չեն մնում։ Սակայն այստեղ կա նաեւ այլ հանգամանք։

Նույն՝ «ձախ դեմոկրատները» կարող են պարզապես քվեարկել նախագահական գալիք ընտրություններում ոչ պակաս հայտնի անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդու օգտին կամ էլ պարզապես կարող են չգնալ քվեարկության։ Չպետք է մոռանալ նաեւ մահմեդական դեմոկրատների մասին, որոնք քիչ չեն ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունում։

Ընդ որում, եթե հաշվի ենք առնում ամերիկյան ընտրական համակարգի յուրահատկությունները, ապա կարեւոր է ոչ միայն մահմեդական դեմոկրատների կամ «ձախ դեմոկրատների» թիվը, այլ նաեւ այն, թե որտեղ են նրանք ապրում, կոնկրետ որ նահանգներում։ Ավելի պարզ ասած՝ այն նահանգներում, որոնք ամերիկյան քաղաքական համակարգում հայտնի են «տատանվող նահանգներ» անունով եւ սովորաբար իրենց քվեն տալիս են մե՛կ հանրապետականներին, մե՛կ դեմոկրատներին, որքան է կազմում նրանց թիվը։ Օրինակ, հայտնի է, որ 2020-ին Բայդենը Միչիգան նահանգում, որը «տատանվող նահանգներից» է, հաղթեց 155 հազար ձայնի առավելությամբ։ Հայտնի է նաեւ, որ տեղի 146 հազար մահմեդական ամերիկացիների մեծ մասն այն ժամանակ իր քվեն տվեց Բայդենին։ Սակայն արդյո՞ք գալիք նախագահական ընտրություններում մահմեդական ամերիկացիներն էլի իրենց քվեն կտան Բայդենին։ Ամենայն հավանականությամբ՝ ոչ, ինչի մասին խոստովանում է նաեւ CNN-ը։ Այդ դեպքում Միչիգանի «կորուստն» ի՞նչ կարող է նշանակել դեմոկրատների համար։ Իսկ «տատանվող նահանգները» միայն Միչիգանով չեն սահմանափակվում։

Սա, ըստ փորձագետների, կարող է նշանակել, որ եթե Սպիտակ տան գործող վարչակազմն ինչ-որ կտրուկ քայլեր չձեռնարկի մերձավորարեւելյան ներկայիս ճգնաժամն ավարտելու հարցում, ապա հնարավոր է, որ Դեմոկրատական կուսակցության համար չափազանց դժվար լինեն առաջիկա նախագահական ընտրությունները, իսկ հաղթելու հույսն էլ կարող է գնալով մարել։ Խնդիրը, ի դեպ, միայն մահմեդական ամերիկացիներն ու «ձախ դեմոկրատները» չեն։ Այն ավելի ընդարձակ է եւ ներառում է բազմաթիվ հարցեր, որոնք կուտակվել են այս տարիներին եւ ամերիկացիների համար մտահոգության առարկա են հանդիսանում։