Դրսից Ադրբեջանին հարկադրել են դեռևս սպասել

Դրսից Ադրբեջանին հարկադրել են դեռևս սպասել

«Հրապարակի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

- Բաքվում անցկացվող Չմիացած երկրների շարժման նախարարական հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին։ Նա մասնավորապես նշել է, որ հայկական ռազմական կազմավորումները տեղերում պետք է զինաթափվեն և զորացրվեն: Ի՞նչ է սա նշանակում: 

-Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է թիրախավորել Արցախը, պետական կառույցները, պաշտպանական բանակը: Արցախի պաշտպանական բանակն ունի կարևոր գործառույթ՝ դա 120,000 հայերի, որոնցից 30,000-ը երեխաներ են, ֆիզիկական պաշտպանությունն է: Ադրբեջանը երբեք չի թաքցրել իր հանցավոր նպատակները: 90-ականներին մեր ժողովրդի պայքարը Արցախի հայերի բնաջնջումը կանխելու նպատակ ուներ: Այժմ էլ Ադրբեջանը չի հրաժարվել այդ ծրագրերից ու որևէ կերպ չի թաքցնում դա: Արցախում ՊԲ-ի կազմալուծումն ու զինաթափումը նպատակ ունի ավարտին հասցնել էթնիկ զտման ու բռնի տեղահանման քաղաքականությունը: Եթե Արցախում ապրող հայերը մնան անպաշտպան, ապա Ադրբեջանին կհաջողվի արագորեն հասնել իր վտանգավոր ծրագրերի իրագործմանը: Այս նպատակով էլ Ադրբեջանը թիրախավորում է Արցախի պաշտպանական բանակը: 

-Շատ է խոսվում այն մասին, որ Ադրբեջանն առաջիկա օրերին կարող է լայնածավալ գործողություններ սկսել Արցախում: 

-Դատելով Ադրբեջանի տեղեկատվական տիրույթի հրապարակումներից՝ իրենք փորձում են գործողությունների գնալ Արցախում: Վերջին օրերին նման հրապարակումները փոքր ինչ նվազեն են, բայց մոտ մեկ շաբաթ առաջ ակտիվ արշավ էր: Իրենց հանրային հեռուստաընկերությունը հարցումներ էր անում ու քարոզում, որ պետք է գնալ նոր օպերացիայի Արցախում: Ինձ թվում է՝ դրսից եկած որոշ ազդակներ նրանց հարկադրել են դեռևս սպասել: Ադրբեջանը ցանկանում է, որ առհասարակ «Խաղաղության պայմանագրում» որևէ խոսք չլինի Արցախի մասին, իրենք չունենան որևէ պարտավորություն միջազգային մեխանիզմների ներքո բանակցելու Ստեփանակերտի հետ: Փաստացի, Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելով Փաշինյանը չի ստացել ոչինչ, բացի էսկալացիայի նոր ռիսկից: Ադրբեջանն անգամ մինիմալ զիջման պատրաստ չէ, իսկ մեր ղեկավարությունը շարունակական զիջումներ է անում մեր պետական ու անվտանգային շահերի հաշվին: ՀՀ իշխանությունները չեն ուզում հասկանալ, որ եթե բարձրաձայնում են էթնիկ զտման քաղաքականության մասին, չեն կարող միաժամանակ խոսել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին: Նրանք նման իրավունք ու մանդատ չունեն: Թո՛ղ բացեն իրենց նախընտրական ծրագիրն ու կառավարության ծրագիրը կարդան ու չմանիպուլացնեն ժողովրդից ստացած քվեն:

-Ալիևը նաև հայտարարել է, որ Հայաստանը խոչընդոտում է «Զանգեզուրի միջանցքի» բացմանը: Ի՞նչ նկատի ունի Ադրբեջանի նախագահը: 

-Նկատի ունի, որ ինքը շարունակում է չճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը և տարածքային նկրտումներ ունենալ Սյունիքի մարզի նկատմամբ:  ՀՀ իշխանությունները փոխարենը ցույց տալու, որ Ադրբեջանը չի գնում իրական խաղաղության կառուցման ճանապարհով, ջանք ու եռանդ չեն խնայել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու ուղղությամբ: Փոխարենը Ադրբեջանը ՀՀ–ն դարձնում է թիրախ: Ալիևից լավ ոչ ոք չի կարող ապացուցել, թե որքան կեղծ է «Արցախը հանձնենք, խաղաղ կապրենք» վտանգավոր թեզը...