Կարգին Նիկոլ

Կարգին Նիկոլ

Եթե անկեղծ` ապա ես գոհ եմ Հայկ Մարությանին պաշտոնազրկելու այս կապկազ թամաշայից: Գոհ եմ թե՛ Հայկ Մարությանի հայտարարություններից և թե՛ Ալեն Սիմոնյանի ու մյուս ՔՊ-ական կարկառունների արձագանքներից: Սա այն դեպքն է, որ ստիպված եմ խոստովանել` երկու կողմն էլ ճիշտ է: Կեցցեք, տղերք: Այն ինչ այս երեք տարում Նիկոլի ու ՔՊ-ի համար ես չկարողացա անել, դուք արեցիք մեկ օրում:

Նիկոլի սիրած բառով ասեմ` եկեք արձանագրենք, որ ՔՊ-ն ոչ թե գաղափարական-քաղաքական միավոր է, այլ պատեհապաշտների խմբակ, որտեղ առանձնյակներից յուրաքանչյուրը պատրաստ է կոխկռտել կուսակցի գլուխը, միայն թե վոժդի կամքը կատարվի: Պարզ է չէ՞, եթե Նիկոլ նիխտ, ուրեմն իրենք էլ նիխտ: Իսկ Հայկ Մարությանը ճիշտ վարվեց, որ ամենավերջում խոսեց: Նրա պաշտոնանկության համար ոտքի կանգնած ավագանու անդամները կհոշոտեին Հայկին, եթե վերջինս այն ինչ ասաց իր ելույթում, ասեր ավելի շուտ, մինչև երդվյալ ՔՊ-ականների ամբիոն բարձրանալը: ՔՊ-ականները, չկարողանալով պաշտոնանկության հիմքեր բերել, մեկումեջ նաև Հայկի հետ անցկացրած լավ օրերն էին հիշում: Ամեն ինչ սկսվեց Հայկի ելույթից հետո:

Մասնավորապես նկատի ունեմ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արձագանքը: Ալեն Սիմոնյանը երևի խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների մասին այնքան վատ բան չի ասել, ինչքան Հայկի մասին ասաց, որի հետ մի ժամանակ լավ բարեկամներ են եղել: Ալեն Սիմոնյանը խիստ անզգույշ գտնվեց Հայկի հարցում` հիշատակելով Պրահան` որպես Հայկի սիրելի քաղաք: Դրանով ԱԺ նախագահը, փաստորեն, խոստովանեց, որ պատրաստ է լուտանքներ թափել նաև Արսինե Խանջյանի, Սերժ Թանկյանի, տո հենց Քիմ Քարդաշյանի գլխին, եթե նրանք որևէ կերպ շեղվեն Նիկոլի կյանքով ապրելու հրամայականից: Ալեն Սիմոնյանը կարող է ասել` հատուկ չեմ արել, բայց խոսքը, այդ թվում նաև ԱԺ նախագահինը, թռչուն է, հենց թռավ, այլևս չես բռնի:

Հայկ Մարությանին կարելի է հասկանալ: Նա պաշտպանվում էր և պարտավոր էր դրա հիմքերը ներկայացնել: Նա հո չե՞ր կարող ասել` դուք ճիշտ եք, հարգելի ՔՊ-ականներ, ես գնացի: Բայց այն փաստարկները, որ Հայկը բերեց ի արդարացում իր պահվածքի, առանձնապես նորություն էլ չէին: Հայկը որտեղի՞ց իմացավ նախարարների աշխատավարձերը թաքուն բարձրացնելու մասին: Մամուլից: «Հրապարակ» թերթից:

Հայկն ինչպե՞ս տեղեկացավ Ալեն Սիմոնյանի նոր մեքենայի մասին: Նորից մամուլից: Ավելի կոնկրետ` Վահե Մակարյանի հոդվածից, որտեղ ոչ միայն այդ մեքենայի մակնիշի ու դասի մասին էր խոսվում, այլև BMW կոնցեռնի տնտեսական խիզախումների: Այսուհանդերձ` Հայկի ելույթը հիանալի էր կառուցված: Նա սկսեց «Իմ քայլի» և ՔՊ-ի տարանջատումով, հակադրեց այդ ուժերին և տեղին հարցադրում արեց` դե հիմա եկեք տեսնենք մեզնից ո՞վ է հեռացել քաղաքական գծից: Բրավո, Հայկ:

Վաղը մենք կմոռանանք այս խայտառակ ներկայացման մասին: Նիկոլը մեզ համար ուրիշ զբաղմունք կգտնի` ես չեմ կասկածում: Բայցևայնպես կուզենայի մի քանի խոսքով գնահատել քաղաքապետարանում տեղի ունեցածը, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ Հայաստանի կեսի չափ բնակչություն ունեցող մայրաքաղաքի բռնազավթում ՔՊ-ի կողմից: Նկատենք, որ Երևանի ընտրություններին, Հայկն էլ այդ մասին ասաց, ՔՊ կոչվող ուժ չէր մասնակցում: Ավելին ասենք, առաջին անգամ, երբ «Իմ քայլը» հայտնվեց Երևանի ավագանիում, Նիկոլն էր առաջնորդում ցանկը և հրաժարվեց գնալ քաղաքապետարան` նախընտրելով մնալ խորհրդարանում ձևավորված «Իմ քայլը» անունով խմբակցությունը, որ նույնպես ՔՊ-ական չէր: ԱԺ վերջին ընտրություններից հետո խմբակցության անունը փոխվեց, բայց քաղաքապետարանում շարունակեց գործել «Իմ քայլը» դաշինքը, որի մեջ, ի դեպ, ի ծնե ՔՊ-ականներն ամենևին էլ մեծամասնություն չեն: Ահա, թե որտեղ էր հակասությունը: 2020թ. նոյեմբերի 9-ին Նիկոլը հեռանար` մենք ՔՊ անունով խմբակցություն ԱԺ-ում չէինք էլ ունենա: Եվ այսօր «Իմ քայլը», որ դադարեց գոյություն ունենալ խորհրդարանում, փորձում էր գոյատևել Քաղաքապետարանում որպես ինքնուրույն միավոր: Նիկոլն այսօր, առանց ընտրությունների, գլխատեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը` երևանցիներին դնելով հպարտ ավանակների տեղ:

Մի խոսքով` Հայկ Մարության- Նիկոլ Փաշինյան «հակասությունների» պայթյունից կեղտոտ լվացք է դուրս թափվել, որի տեսքից արդեն հայտնի է, թե ինչ բարքեր են տիրում Փաշինյանի իշխանության ներսում: Կարելի է ասել նաև, որ Փաշինյանն այսկերպ տվեց Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների քարոզարշավի մեկնարկը` աչքի առաջ ունենալով անցյալ ՏԻՄ ընտրությունների խայտառակ պատկերը: Երևանը զիջել` նույնն է թե վարչապետի աթոռը զիջել: Փաշինյանը վախեցած է: