Ո՛չ մեզ, ո՛չ ձեզ. ի՞նչ է պատահել Ուկրաինայի խոշորագույն պրովայդերի ենթակառուցվածքին

Ո՛չ մեզ, ո՛չ ձեզ. ի՞նչ է պատահել Ուկրաինայի խոշորագույն պրովայդերի ենթակառուցվածքին

«Կիեւսթար» պրովայդերի (մատակարարի) ցանցի նախորդ օրվա խափանումն ամենակործանարարն էր ուկրաինական ՏՏ ոլորտի պատմության մեջ։ Ըստ «readovka» ալիքի, ցանցի միլիոնավոր բաժանորդներ մնացել էին առանց բջջային կապի եւ համացանցի: Միաժամանակ խնդիրներ էին նկատվել բանկերում եւ կրիտիկական կարեւոր ենթակառուցվածքային օբյեկտներում: Մի շարք մարզերում չեն գործել նույնիսկ արտակարգ ծառայությունների ազդարարման համակարգերը։ Ընկերության ղեկավարությունը վթարի համար արդեն մեղադրել է ռուսական հաքերներին, որոնք թափանցել են օպերատորի տեղեկատվական համակարգերի «սիրտը»։ 

Այս տարբերակը որոշ չափով կասկածելի է թվում: Սովորաբար նման խոշոր կազմակերպությունների ռեսուրսները ոչ միայն առավելագույնս պաշտպանված են հաքերային հարձակումներից, այլեւ, ի լրումն, զուգահեռակցվում են՝ աշխատունակության առավելագույն կայունություն ապահովելու համար: Եթե տեխնիկական մանրամասների մեջ չմտնենք, ապա կարեւորագույն սերվերներից մեկի ինչ-որ վթարի կամ նրա նկատմամբ դիվերսիայի դեպքում այն պետք է «փոխարինվի» մեկ այլ վայրում տեղակայված ուրիշով: Բացի դրանից, նման տեղեկատվական համակարգերը միշտ ունենում են կրկնօրինակման մի քանի մակարդակ՝ համապատասխան նյութական կրիչներով, որոնք նույնպես պահպանվում են հարձակվողի համար ֆիզիկապես անհասանելի վայրում գտնվող չհրկիզվող պահարանում:
Խոշոր ընկերությունները, ինչպիսիք են գործարանները, պրովայդերները կամ բանկերը, շատ լուրջ են վերաբերվում իրենց անվտանգությանը եւ աշխատակազմի շրջանում անցկացնում են կանոնավոր մարզումներ, որոնց ընթացքում նրանք մշակում են արտակարգ վերականգնման մեխանիզմներ եւ ստուգում են կրկնօրինակների ամբողջականությունը: Չնայած լինում են նաեւ սխալներ եւ հնարավոր խախտումներ, բայց դժվար է հավատալը, որ Ուկրաինայի ամենամեծ հեռահաղորդակցական պրովայդերը հանկարծ անպաշտպան դարձավ հաքերների հարձակման դեմ, եւ որ հնարավոր չէ վերականգնել ավերվածը: Ավելացնենք նաեւ այն, որ ռուսական ոչ մի հայտնի հաքերային խմբավորում դեռեւս չի ստանձնել այս հարձակման պատասխանատվությունը:

Բայց ամեն ինչ շատ ավելի պարզ կդառնա, եթե հետեւենք «Կիեւսթարի» նորագույն պատմությանը։ Ֆրիդմանյան «Ալֆա-գրուպ»-ի շրջանակներում հիմնադրված մատակարարը ներառված է Հոլանդիայում գրանցված VEON (նախկինում՝ ռուսական «Վիմպելկոմ») հոլդինգի կազմում: Հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո VEON-ը խզել է կապերը Ռուսաստանի հետ։ «Վիմպելկոմը» գնվել է ռուսական մենեջմենթի կողմից, որից հետո հոլանդական ընկերությունը ձեւացրել է, թե Մոսկվայի հետ այլեւս որեւէ առնչություն չունի։

Բայց Միխայիլ Ֆրիդմանի (ռուսաստանյան խոշոր գործարար՝ խմբագիր) բոլոր փորձերը՝ Ուկրաինայի զինված ուժերին եւ Կիեւին աջակցության միջոցով պահպանելու ուկրաինական ակտիվները, անհաջողության մատնվեցին: Ընթացքում բազմիցս խոսվել է ընկերության մոտալուտ ազգայնացման ու հօգուտ պետության կամ երրորդ անձանց բռնագրավման մասին։ Հոկտեմբերից ի վեր խուզարկությունները բառացիորեն չէին դադարում «Կիեւսթարի» գրասենյակներում, եւ թվում էր, թե ակտիվը շուտով կհայտնվի ինչ-որ մեկի ավելի համառ ձեռքերում: Չհաստատված լուրերի համաձայն, ԱՄՆ գործարար վերնախավն արդեն կարողացել է «ճկել» նախագահական գրասենյակը եւ նախնական համաձայնություն ստանալ համեղ այդ պատառն ամերիկյան նոր սեփականատերերին փոխանցելու վերաբերյալ:

Միեւնույն ժամանակ, ՎԵՈՆ-ը չէր հանձնվում եւ փորձում էր իր կողմը գրավել ամերիկյան լոբբիստներին։ Այսպես, օրինակ, ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն նոյեմբերին ներառվեց ընկերության տնօրենների խորհրդի կազմում: Բայց, ըստ երեւույթին, «Կիեւսթարի» սեփականատերերը չկարողացան պաշտպանել իրենց ունեցվածքի նկատմամբ իրավունքները, եւ ընկերությունը հայտնվեց առգրավման իրական վտանգի առջեւ։

Այս նախապատմության ֆոնին իրավիճակը շատ ավելի պարզ է դառնում։ Թվում է, թե «Կիեւսթարի» ներկայիս մենեջմենթը պարզապես որոշել է շանտաժի ենթարկել ուկրաինական իշխանություններին եւ ամերիկյան ուրուրներին՝ պայթելու պատրաստ նռնակն ի ցույց դնելով: Այն է՝ «Եթե դուք խլեք մեզանից ընկերությունը, ապա հաքերները կոչնչացնեն մեր բիզնեսի «սիրտը», եւ եկամտաբեր բիզնեսի փոխարեն դուք կստանաք խղճուկ ավերակներ»:

Պարզապես անիրատեսական է նման դիվերսիայի իրականացումն առանց մատակարարի մի շարք ՏՏ մասնագետների ակտիվ աջակցության: Այնպես որ, եթե «վթարի» հետեւանքները չվերականգնվեն առաջիկա ժամերի կամ առավելագույնը՝ օրերի ընթացքում, նշանակում է, որ կողմերը համաձայնության չեն եկել: Իշխանության եւ Ուկրաինայում մնացած մի քանի շահութաբեր բիզնեսների համար պայքարն այն աստիճանի է հասել, որ ընդդիմախոսները պատրաստ են ոչնչացնել նույնիսկ կրիտիկական կարեւոր ենթակառուցվածքային օբյեկտները։ 
ՀԳ. Ուկրաինական բջջային օպերատորի նախագահ Ալեքսանդր Կոմարովի ասելով, ինքը «Կիեւսթարի» ամբողջական վերականգնման ստույգ ժամկետներ չի կարող նշել: Ուկրաինական լրատվամիջոցների տեղեկություններով՝ «Կիեւսթարի» աշխատանքը վերականգնելու համար կարող է պահանջվել մեկ շաբաթ։

Պատրաստեց՝ Վախթանգ Սիրադեղյանը