Ադրբեջանում ճնշում են անկախ ԶԼՄ-ներին․ 6-րդ լրագրողն է ձերբակալվել
Ադրբեջանում ձերբակալվել է «Կանալ 13» ինտերնետային հեռուստաալիքի հաղորդավար Ռուֆաթ Մուրադլին։
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, նրա նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 510 (մանր խուլիգանություն) և 535.1 (ոստիկանության օրինական պահանջին չենթարկվել) հոդվածներով։ Խաթայի շրջանային դատարանի որոշմամբ Ռ.Մուրադլին դատապարտվել է 30-օրյա վարչական կալանքի։
Հատկանշական է, որ Ադրբեջանում «լրտեսների որսի» շրջանակներում վերջին 12 օրվա ընթացքում 6-րդ լրագրողն է հայտնվում ճաղերի ետևում։
Ձերբակալված, ապա 3-4 ամսվա նախնական կալանքի ենթարկված լրագրողները հայտնի են քաղաքական կոռուպցիայի հետաքննությամբ, նրանք մասնավորապես գրել են այն մասին, որ տասնամյակներով երկրի իշխանության ղեկը ձեռքում պահող Ալիևների ընտանիքը շարունակում է հարստանալ պետբյուջեի հաշվին։
Մինչդեռ, ինչպես պնդում են Ադրբեջանի իրավապահները նախագահական ընտանիքի մութ գործարքները բացահայտած լրագրողներն են ֆինանսական ապօրինություններ իրականացրել, զբաղվել արտարժույթի մաքսանենգությամբ։ Գործի շրջանակում Ադրբեջանում եզակի անկախ լրատվամիջոցի՝ Abzas media-ի արդեն չորրորդ լրագրողն է կալանավորվել (այդ թվում նաև պարբերականի տնօրենը)։
Լրագրողների ձերբակալություններն Ադրբեջանում տեղի են ունենում Արևմուտքի ու Բաքվի միջև լարվածության ֆոնին։ Անցած օրերին էլ իշխանություններն են արևմտյան մի շարք երկրների, այդ թվում՝ Միացյալ Նահանգներին բաց տեքստով մեղադրել ադրբեջանական լրատվամիջոցների ապօրինի ֆինանսավորման, երկրի ներքին գործերին միջամտելու մեջ։ Ադրբեջանի ԱԳՆ էին կանչվել ԱՄՆ-ի և Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարները, Ֆրանսիայի դեսպանը։
Կարծիքներ