Փախո՞ւստ, թե՞ հրաժարական

Փախո՞ւստ, թե՞ հրաժարական

Հունվարի 23-ին հանրապետության նախագահի պաշտոնից Արմեն Սարգսյանի անսպասելի հրաժարականը շարունակում է ներքաղաքական կյանքի առանցքում մնալ։ Շատերն են ուզում հասկանալ՝ ինչո՞ւ հիմա, եւ ո՞րն է հրաժարականի իրական պատճառը։ Իշխանական կուլիսներում խոսվում է Փաշինյան-Սարգսյան պայմանավորվածության մասին, եւ վստահեցնում են, որ Սարգսյանը պետք է հեռանար, որպեսզի սահմանադրական բարեփոխումներից եւ կիսանախագահական մոդելին վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը զբաղեցնի նախագահի պաշտոնը՝ հերթական անգամ երկարաձգելով իր իշխանության ժամկետը։ Չմոռանանք, որ Արմեն Սարգսյանի քաղաքացիության հետ կապված դիլեմային 2018-ին վերջ դրեց Նիկոլ Փաշինյանը։

Մինչ հասարակական-քաղաքական շրջանակները վիճարկում էին Սարգսյանի՝ նախագահի պաշտոնում ընտրվելու օրինականությունը՝ վկայակոչելով, որ նշանակման պահին Արմեն Սարգսյանը երկքաղաքացիություն ուներ, ուստի օրենքի խախտմամբ է դարձել նախագահ, 2018-ի ապրիլի 26-ին՝ վարչապետ ընտրվելուց առաջ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ․ «Պարոն Սարգսյանն իր հետ բերել էր նաեւ փաստաթղթեր այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին»։ Սրանով Նիկոլ Փաշինյանը լեգիտիմացրեց Սարգսյանին, սակայն փաստաթղթերն այդպես էլ չհրապարակվեցին, եւ միակ հավաստումը մնաց Փաշինյանի գրառումը։ Չի բացառվում, որ այդ կոմպրոմատը Փաշինյանը հետագայում նաեւ կխաղարկեր։

Նկատենք, սակայն, որ Փաշինյան-Սարգսյան պայմանավորվածության մասին անտեղյակ են եղել բոլորը՝ Փաշինյանի թիմակիցները եւ անգամ ՔՊ վարչության կազմը։ Նրանցից ոմանք հրաժարականից հետո մասնավոր զրույցներում չէին թաքցնում, որ իրենց համար եւս անսպասելի էր Սարգսյանի հեռացումը։ Որոշ շրջանակներ էլ վստահեցնում են, որ Արմեն Սարգսյանը պայմանավորվածից վաղ է հեռանում, ամենալավատեսական հաշվարկներով՝ Սահմանադրությունը հնարավոր կլինի փոխել մեկ տարի անց, որից հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն, հետո նաեւ՝ նախագահական ընտրություններ։ 

Հրաժարականն անսպասելի էր այն առումով, որ ընդամենը օրեր առաջ Արմեն Սարգսյանը հերթական աշխատանքային այցով գտնվում էր Միացյալ Արաբական Էմիրություններում, հանդիպումներ էր ունենում Էմիրությունների թե՛ ղեկավար, թե՛ բիզնես շրջանակների հետ, քննարկում Հայաստանում ներդրումային նոր հեռանկարները, խոսում գլոբալ, հատկապես էներգետիկ ծրագրերի մասին։ Իսկ վերջին այցից հետո՝ հունվարի 18-ին, եղավ հաղորդագրություն այն մասին, որ Արմեն Սարգսյանը կարճատեւ արձակուրդ է վերցրել՝ առողջական զննություն անցնելու համար: Գուցե հենց այդ զննության արդյունքներն են բացասական եղել, եւ նա առողջությունը նախընտրել է պաշտոնից։ Նա արձակուրդում է գտնվել մինչեւ հունվարի 21-ը, որն անցկացրել է հարազատ Լոնդոնում, իսկ ժամկետը լրանալուց հետո ոչ թե վերադարձել է Հայաստան, այլ հրաժարականի հայտարարությունն է ուղարկել՝ ճիշտ 25 տարի առաջ տված հրաժարականի նման, երբ հեռացավ Հայաստանից, ապա շաբաթներ անց ուղարկեց վարչապետի պաշտոնից հրաժարականի տեքստը՝ բացատրելով առողջական խնդիրներով։ Այս պահին էլ նա Հայաստանում չէ։

Հրաժարականի ուղերձում Արմեն Սարգսյանը նշում է պատճառները, որոնք համոզիչ չեն։ Ըստ դրանց՝ ինքը բավարար սահմանադրական լիազորություններ չուներ երկրի արտաքին ու ներքին քաղաքականության վրա ազդելու, ճգնաժամը կանխելու համար։ «Նախագահը ստիպված է պետականության երաշխավոր լինել՝ փաստացի չունենալով որեւէ իրական գործիք»,- գրել է նա։

Ըստ Արմեն Սարգսյանի՝ նախագահի հնարավորությունները տարբեր քաղաքական խմբեր ընկալում են որպես սպառնալիք՝ թերեւս ակնարկելով Փաշինյանին ու նրա իշխանությանը։ Նշում է, որ նախագահական ինստիտուտը դարձել է բամբասանքների ու դավադրության տեսությունների թիրախ, նախագահը եւ երբեմն նաեւ նրա ընտանիքը թիրախավորվում են տարբեր քաղաքական խմբավորումների կողմից։ Ապա որոշ ակնարկներ է անում առաջիկայում սպասվող արմատական իրադարձությունների վերաբերյալ, ինչը ենթադրության տեղիք տվեց, որ նա չի ցանկանում ստանձնել այդ իրադարձությունների եւ ՀՀ կառավարության կայացրած կամ կայացնելիք որոշումների պատասխանատվությունը։ Սակայն նրա բերած փաստարկները մի շարք կոնտրհարցադրումներ առաջ բերեցին, մասնավորապես՝ երբ ստանձնում էր նախագահի պաշտոնը, չէ՞ր կարդացել  Սահմանադրությունը, չգիտե՞ր, որ նախագահի լիազորությունները նեղ են։ Ստանձնելով նախագահի պաշտոնը, ենթադրվում է, որ Արմեն Սարգսյանը ծանոթ էր նաեւ հայկական քաղաքական դաշտին։ 

Սահմանադրական անհրաժեշտ լիազորությունների բացակայության մասին խոսող Սարգսյանը պաշտոնավարման 4 տարիների ընթացքում անգամ եղած լիազորությունները պատշաճ կերպով չօգտագործեց՝ դարձել էր իշխող թիմի սպասարկուն, չէր համարձակվում հակադրվել Փաշինյանին, լուռումունջ դակում էր անգամ ամենաանընդունելի օրենքներն ու հրամանագրերը։

Որ Արմեն Սարգսյանը չի բողոքել օրենքով իր համար սահմանված լիազորություններից, ասում է նաեւ նրա՝ հասարակական հիմունքներով խորհրդական աշխատող Թեւան Պողոսյանը, ուստի վերջինս չի կարող խոսել նրա հրաժարականի պատճառների մասին։ «Տեքստ է, գրել է, էլի»,- Սարգսյանի հայտարարության մասին ասաց նա։ «Մինչեւ մայիս, երբ ես այնտեղ եմ եղել, դժգոհություն չի եղել, բայց հիմա ես ի՞նչ իմանամ»,- կտրուկ պատասխանեց Պողոսյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանի խոսքով՝ 4 տարիների ընթացքում ՀՀ նախագահն այս իշխանությունների գրեթե բոլոր նախաձեռնություններին լուռ աջակցել է։ «Այսինքն՝ եղել են դեպքեր, երբ հանրապետության նախագահը կոնկրետ օրենսդրական հարցերով դիմել է ՍԴ, եւ դրանցից շատերի դեպքում ՍԴ-ն դրական որոշում է կայացրել, բայց փաստացի այս 4 տարին ցույց տվեց, որ նախագահն առավելապես դժգոհում էր իր լիազորություններից՝ առանց այդ լիազորություններն ամբողջությամբ իրացնելու»։ Պատգամավորի համոզմամբ՝  ՀՀ նախագահի ինստիտուտը կարող էր բավականին լուրջ ձեւով կայանալ, նախագահի լիազորությունները, ի վերջո, ավելի շատ են, քան մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները։ «Տեսել եք՝ ինչպիսի արդյունավետությամբ է գործում ՄԻՊ ինստիտուտը, բայց նաեւ տեսել եք, թե ինչքան իներտ եւ պասիվ է հանրապետության նախագահի ինստիտուտը»,- ասաց Վարդեւանյանը։

Իրականում ՀՀ-ն կանգնած է նոր մարտահրավերների առջեւ, եւ դա, պատգամավորի դիտարկմամբ, տեսանելի է նաեւ Սարգսյանի հայտարարությունից․ «Ակնհայտ է, որ առկա են նոր մարտահրավերների ռիսկեր»։ Արթուր Ղազինյանն էլ հորդորում է նախագահին՝ հրապարակել իր իմացած ինֆորմացիան, թե ինչի առջեւ է առաջիկայում կանգնելու Հայաստանը՝ դա պայմանավորված է արտաքին քաղաքական գործընթացներո՞վ, ապա նաեւ ներքին իշխանական վերադասավորումներո՞վ: Նա նախագահի հրաժարականը կապում է սահմանադրական փոփոխությունների հետ, որը նախաձեռնել է իշխանությունը։

Ղազինյանը, որը համարվում էր Արմեն Սարգսյանի պրոտեժեն, կարծում է` Սարգսյանը, տեղեկանալով այն ծրագրերի մասին, որոնք ունի այս իշխանությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, հրաժարական տվեց` չցանկանալով մաս կազմել այդ ամենին։