Նա ո՞ւմ մատից է փուշ հանել, ո՞ւմ ցավն է կիսել

Նա ո՞ւմ մատից է փուշ հանել, ո՞ւմ ցավն է կիսել

Արդյո՞ք իր կյանքում ՄԻՊ-ի ՔՊ-ական թեկնածու, արդարադատության նախկին փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը որեւէ ղեկավարի՝ հանուն արդարության, հակադարձել է, արդյո՞ք եղել է որեւէ դեպք, որ նա պաշտպանի մի հալածյալի, բռնության ենթարկվածի, մի ծեծված երեխայի, մի սատկացրած շան: Այս հարցերը հանրության համար մնացին մութ, քանի որ պատգամավորներից ոչ մեկին դա չհետաքրքրեց: Երեկ խորհրդարանում, ՄԻՊ ընտրելիս, նրանք հավերժական նախկին-ներկա վեճն ու հակադարձումներն էին ծավալում, իսկ ատելության խոսքի մասին այնքան խոսվեց, որ հայկական իրականությանն անծանոթ մեկին կողքից կարող էր թվալ, թե Հայաստանում ամենագլխավոր խախտումը մարդու իրավունքների ոլորտում ատելության խոսքն է: 

ՄԻՊ-ացուն, հարցերին պատասխանելով, հղումներ էր անում իր իսկ ելույթին, ցիտում էր ինքն իրեն, իր նախորդ օրվա ելույթից դրվագներ էր մեջբերում՝ խոսքը սկսելով «ես արդեն ասել եմ», «ինչպես արդեն նշել եմ իմ խոսքում» արտահայտություններով: Սա ինքնասիրահարվածության եւ ինքնարժեւորման մասին է խոսում: Նա իրեն առաջադրող քաղաքական ուժի վերաբերյալ ոչ մի թթու խոսք չասաց, թեեւ ընդդիմադիր պատգամավորները գերազանցիկ ՄԻՊ-ացուին ամեն կերպ դրդում էին դա անելու՝ Սյունիքի բնակիչների խաթարված անվտանգության մասին էին հարցնում, Առուշ Առուշանյանի դեմ իրականացվող քաղաքական հալածանքի, քաղբանտարկյալների, բազմազավակ ընտանիքների օգտին ՔՊ-ի դեմ քվեարկելու եւ այլն: 

ՄԻՊ-ի ՔՊ-ական թեկնածու Քրիստինե Գրիգորյանը «մեջքը գետնով չտվեց» ընդդիմության առաջ: Նա պարտիզանի նման անգիր արած պատասխաններ էր տալիս խորհրդարանականների հարցերին, մոնոտոն ձայնով եւ դեմքի ոչինչ չասող արտահայտությամբ: «Հանրաճանաչ փաստ է, որ մարդու իրավունքներն ունիվերսալ են», «մարդու իրավունքների մարտահրավերները լրջագույն մարտահրավեր են ստեղծում պաշտպանության համար», «մեր երկրում կան մարդու իրավունքների պաշտպանության բազմաթիվ խնդիրներ», «այդ խնդիրների բարդությունն է կարեւորում նաեւ ինստիտուտի բարդությունը», «չի կարելի ֆետիշացնել անվտանգության գոտին: Խոսքը մարդկանց անվտանգության մասին է, եւ սա է իմ սկզբունքային մոտեցումը»․ ահա Քրիստինեի խոսքը: 

Մտքի թռիչք, սկզբունքայնություն, իշխանությանն ընդդիմանալու ունակություն, մեկ առանձին վերցված մարդու համար աշխարհի հզորների դեմ դուրս գալու պատրաստակամություն՝ Քրիստինե Գրիգորյանին լսելով, չնկատեցինք: Նույն հաջողությամբ Նիկոլ Փաշինյանը Քրիստինե Գրիգորյանին կարող էր նշանակել, ասենք, շինարարության պետ կամ մանկապարտեզի տնօրեն: 17 տարվա մասնագիտական փորձառության մասին էր խոսում Քրիստինեն: Բայց այդ 17 տարվա «մասնագիտական բարձր որակով» աշխատելու ընթացքում նա ոչ մի գործով աչքի չի ընկել, հանրության համար մնալով «գորշ ձիուկ»: 

Արդյոք պախարակելի կետեր կենսագրության մեջ չունենալու, սկանդալներում չլինելու հանգամանքը ՄԻՊ լինելու համար բավարա՞ր է, անհրաժեշտ չե՞ն անձնային հատկանիշներ, որոնց մասին նաեւ ոչքպ-ական հանրությունը պետք է իմանա: «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ

Նինա Կարապետյանցը, որը պատկառելի ստաժ ունի ՄԻ պաշտպանության ոլորտում, պատասխանում է. «Չինովնիկների մի կատեգորիա կա՝ գրագետ, պատրաստված, բազայի առումով հրաշալի մասնագետներ, որոնք պետք է լինեն ցանկացած նախարարության անփոփոխ կազմում՝ ով գա-գնա, իրենք պետք է մնան: Գրագետ, պատրաստված ժողովուրդ են, բայց ինչ-որ բան ռեալ փոխելու ունակ չեն: Նրանք թուղթ գրել-մրելու համար են, տասը տարվա ծրագրեր գրելու, դրանց կեսը տապալելու, հետո գալու ասելու՝ դե, կներեք, չստացվեց: Մինչդեռ ՄԻՊ ստատուսը, իրենց լեզվով ասած՝ դուխ է պահանջում: Շատ կարեւոր են նրա անձնային հատկանիշները, ինչն այս դեպքում չկա կամ գոնե ինձ հայտնի չէ»:

Դուք երկար աշխատում եք ՄԻ ոլորտում, հիշո՞ւմ եք, որ Քրիստինեն մեկին պաշտպանած լինի: «Ինքը միշտ չինովնիկ է եղել: Կաբինետներում է աշխատել, շատ փոքր խումբ մարդիկ են, որ էդ չինովնիկներին ճանաչում են, նրանք են, ովքեր իրենց հետ գործով առնչվել են: Մարդիկ են, որոնց համար թղթի վրա ամեն ինչ նորմալ է: Նրանք լավ թիմ կարող էին լինել, եթե մենք ապրեինք, ասենք, Դանիայում, միապաղաղ մի իրավիճակում, ու ընդամենը պետք կլիներ երիտասարդներով ապահովել ինչ-որ առաջընթաց: Բայց մեր պայմաններում պետք է կարողանալ արագ փոփոխություններ բերել, ինչը չեղավ ո՛չ երկար, ո՛չ էլ կարճատեւ ժամկետում»:

Նինա Կարապետյանցը չբացառեց, որ ժամանակի հետ Քրիստինե Գրիգորյանը կփոխվի եւ կսկսի ատամ ցույց տալ նիկոլականներին: «Էդ պաշտոնը բոլորին հեղափոխում է, ինչ-որ էտապում մեր ՄԻՊ-երը, որոնք բոլորն էլ ապարատից էին եկել պետական, փոխվել են, չեմ բացառում, որ ինքն էլ փոխվի: Հենց օմբուդսմենի պաշտոնն է դրդում փոփոխության, որովհետեւ եթե ինքը դարձավ Նիկոլի սրտի ՄԻՊ-ը, նա իր կարիերայի վրա խաչ կքաշի»: