ՌԴ-ի միջնորդությամբ վերսկսվել են թուրք-սիրիական բանակցությունները

ՌԴ-ի միջնորդությամբ վերսկսվել են թուրք-սիրիական բանակցությունները

Սիրիայի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ վերսկսվել են Սիրիայի և Թուրքիայի միջև բանակցությունները, որոնք որոշ ժամանակ սառեցված էին։

Թուրքիայի զինված ուժերի և սիրիական բանակի զինվորականները հանդիպել են հունիսի 11-ին Սիրիայում տեղակայված ռուսական ավիաբազայում։ Ըստ սիրիական աղբյուրների՝ հանդիպումը կայացել է Ռուսաստանի միջնորդությամբ, գրում է Էրմենիհաբեր-ը:

Հանդիպան ընթացքում մասնավորապես քննարկվել են Իդլիբում և դրա շրջակայքում վերջին զարգացումները։ Հանդիպումը տեղի է ունցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի՝ Մոսկվայում կայացած հանդիպման հաջորդ օրը։

Ըստ սիրիական աղբյուրների՝ այս հանդիպումն իր տեսակի մեջ առաջին անվտանգային թեմայով հանդիպումն էր, որը տեղի էր ունենում Սիրիայի տարածքում, իսկ Թուրքիա-Սիրիա հարաբերությունները կարծես թե գնալով ավելի են սերտանում։ Նշվում է, որ հաջորդ հանդիպումն առաջիկա օրերին կկայանա Իրաքի մայրաքաղաք Բաղդադում։
Հանդիպումից հետո Թուրքիայի զինված ուժերը բեռնափոխադրում են իրականացրել Իդլիբի հարավում գտնվող Ջեբել Զավիյե շրջան։

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հիմքերը դրվել էին 2021-ին։ 2022-ի դեկտեմբերի 28-ին պաշտպանության նախարարները և հետախուզության  ղեկավարները պաշտոնական մակարդակով հանդիպել էին Մոսկվայում, իսկ 2023-ի մայիսի 10-ին՝ արտաքին գործերի նախարարները։