Մեղուները թունավորվե՞լ են, թե տիզն է․ կպարզի փորձաքննությունը

Մեղուները թունավորվե՞լ են, թե տիզն է․ կպարզի փորձաքննությունը

«Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն օրերս ֆեյսբուքյան գրառմամբ հարցրել էր՝ ինչո՞ւ են սատկել Արմավիրի մարզի մեղուները։ «Հրապարակի» հետ զրույցում Սոֆյան ասաց, որ պարզել է՝ մարզի այգեգործները չափից շատ են թունաքիմիկատներ օգտագործել։ Պարզվեց, որ ամեն տարի խնդիր է առաջանում։ Սա լուրջ խնդիր է, ես պարետատուն եմ ներկայացրել և կառավարություն, որպեսզի այս խնդրին առանձնահատուկ ուշադրություն դարձնեն։ Մեղվապահների հետ էլ եմ խոսել, որ հենց սկսվեն աշխատանքները, հանձնաժողովում քննարկում արվի, որովհետև, տեսեք, այգեգործները մտածելով միայն իրենց այգու մասին՝ թունաքիմիկատները առանց տեղեկացնելու օգտագործում են, հետո դժգոհում են, որ իրենց այգիներում փոշոտում չի եղել։ Այսինքն՝ այդ նույն մեղուների մասին այգեգործներն էլ պետք է մտածեն, որովհետև մեղուն է ապահովում իրենց այգու բերքը»։

ԻՔ-ական պատգամավորն ասաց, որ այս ընթացքում առաջ են եկել վարկածներ, որ այդ տարածքներում չափից շատ ախտահանող միջոցներ, մասնավորապես, քլոր է շատ օգտագործվել, բայց սա հերքվել է, քանի որ Արմավիրի մարզի երկու գյուղերում, որտեղ սատկել են մեղուները, չեն ախտահանվել։

«Եվ հիմա գյուղատնտեսական տեսչությունը, նախարարությունը և մարզպետարանի գյուղբաժինը կազմել են աշխատանքային խումբ և զբաղվում են հենց այդ հարցով։ Եվ թերևս մոտեցումն այն լինի, որ մյուս մարզերում ավելի ուշադիր լինեն՝  մեղուներին նախապես տեզափոխեն, հետո նոր այդ թունաքամիկատներն օգտագործեն»,-ասաց Սոֆյա Հովսեփյանը։

Պատգամավորն  ասաց, որ եղել է նաև վարկած, որ հնարավոր է՝ մեղուների անկման պատճառը սեզոնային տիզն է, որը նույնպես մեղվապահների համար ամեն տարի խնդիրներ է առաջացնում։ Հիմա արվել է նմուշառում, ուղարկվել լաբորատոր փորձաքննության։