Ամեն ինչ կանխատեսելի էր

Ամեն ինչ կանխատեսելի էր

Արցախի նախագահական ընտրությունների հաջորդ օրը գրեցի «Օրենսդրական փակուղի՞»  հոդվածը եւ կանխատեսեցի, որ Մասիս Մայիլյանը քվեարկության երկրորդ փուլին չի մասնակցի: Ավելի վաղ հարցադրում էի արել, թե ի՞նչ առաքելության է նա նախապատրաստվում, իսկ առհասարակ քարոզարշավի ամբողջ ընթացքում պնդում էի, որ նախագահի պաշտոնում ընտրվելու նրա հնարավորությունը չափազանց նվազ է: Մարտի 31-ի քվեարկության արդյունքներն արդեն պաշտոնապես հաստատված են: Եւ ինձ թույլ եմ տալիս Մայիլյանի՝ երկրորդ փուլից հրաժարվելու որոշման եւ խորհրդարանական ընտրություններին «Միասնական հայրենիք» կուսակցության արդյունքների միջեւ կապ տեսնել: Չնայած Սամվել Բաբայանի կողմնակիցների ֆեյսբուքյան խրախճանքներին՝ կուսակցության առաջնորդն իրավիճակը բոլորից սթափ է գնահատում: Անցյալ տարի սահմանադրական փոփոխությունների նախագծի ստորագրահավաքին մասնակցել էր 25 000 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացի: Դա մարտի 31-ի ընտրությունների մասնակիցների գրեթե մեկ երրորդն է, բայց «Միասնական հայրենիքն» ստացել է 17 000 քվե: Ստորագրահավաքից 7-8 ամիս հետո կորցնել 8000 ձայն՝ լավագույն ցանկության դեպքում անգամ հաջողություն չես համարի: Չի լուծվել ոչ միայն խորհրդարանի մեծամասնությունը, այլեւ, այսպես ասած՝ «վերահսկիչ փաթեթը վերցնելու» խնդիրը:

«Միասնական հայրենիքը» կունենա 9 պատգամավոր եւ զրկված կլինի նախագահին անվստահություն կամ իմփիչմենթ հայտնելու նախաձեռնության սահմանադրական իրավունքից: Դրա համար պետք է ունենալ առնվազն 11 պատգամավոր: «Առավոտին» Սամվել Բաբայանի հարցազրույցից մի եզրակացության կարելի է գալ՝ նրա հիմնական թիրախը խորհրդարանական մեծամասնությունն էր, նպատակ, որին չի հասել: Եւ, բնականաբար, կորցրել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նկատմամբ հետաքրքրությունը: Որովհետեւ եթե Մասիս Մայիլյանը նույնիսկ հաղթեր, Սամվել Բաբայանը դրանից ոչինչ չէր շահի: Ի՞նչ արժե ընտրված նախագահը, եթե Ազգային ժողովում քաղաքական մեծամասնություն չունի եւ նույնիսկ տեսականորեն չի կարող ձեւավորել, քանի որ «Ազատ հայրենիքն» ավելի շատ մանդատ ունի, քան «Միասնական հայրենիքը» եւ Վիտալի Բալասանյանի «Արդարությունը»: Ահա այսպիսի իրավիճակ: Բաց է մնում մի հարց՝ ի սկզբանե Մասիս Մայիլյանը գիտե՞ր, որ խաղի մեջ  է մտնում «Միասնական հայրենիքի» համար խորհրդարանական մեծամասնություն ապահովելու կանխածրագրով, թե պարզապես իր հաշվարկներում սխալվե՞լ է: Բայց դա արդեն անցյալ է: Իրական քաղաքական ռեժիմում կարեւոր է «Միասնական հայրենիքի» եւ նրա առաջնորդի հետագա կեցվածքը: Նա կփորձի պայմանավորվե՞լ հաղթող ուժի հետ: Կգնա համաձայնությունների երեք-երկու մանդատ ունեցող կուսակցությունների հե՞տ: Թե՞ կընտրի 9 պատգամավորով կոշտ ընդդիմության ճանապարհը: