Դեղորայքը թանկանալու է, սև շուկան ակտիվանալու է

Դեղորայքը թանկանալու է, սև շուկան ակտիվանալու է

Տպավորություն է, թե օրվա իշխանություններն իրենց առջև խնդիր են դրել` հանրության դժգոհությունն ու զայրույթն ամեն կերպ շարժելու: Բանն այն է, որ առողջապահության ոլորտում լուրջ դժգոհություններ կան էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման հետ կապված, քանի որ հերթական «բարեփոխումն» իրականացվում է բացառապես ծառայություն մատուցողների հաշվին, ինչը, բնականաբար, վաղ թե ուշ հանգեցնելու է բժշկական ծառայությունների թանկացման։ Ինչպես հայտնի է, մարտ ամսից դեղատոմսերը դարձել են էլեկտրոնային։ Մոտ 470 անուն դեղերի դեպքում (հակաբիոտիկային, հակասնկային, հակամիկոբակտերային, հակավիրուսային դեղերը, իմունային շիճուկները, իմունոգլոբոլինները, պատվաստանյութերը եւ միզապրաստոլ պարունակող դեղերը) բժիշկը դեղը դուրս է գրելու էլեկտրոնային եղանակով, իսկ երբ բուժառուն դիմի դեղատուն, այնտեղ որոնելու են եւ տեսնեն նրա համար գրված դեղատոմսը համապատասխան կայքում։

Թեմայի վերաբերյալ մենք զրուցել ենք առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանի հետ:

- Առողջապահական համակարգի այս փոփոխությունը հերթական դժգոհության առիթն է դարձել: Առհասարակ թե մասնագետները և թե սպառողները անորոշության մեջ են հայտնվել, ասում են, որ մի շարք խնդիրներ են առաջացել, բացի այդ չեն կողմնորոշվում, թե որ տեսակի դեղորայքներին է այս փոփոխությունը վերաբերում: Ի դեպ` Անահիտ Ավանեսյանն ասում է, որ ոչ մի խնդիր էլ չկա, մարդիկ շատ գոհ են եւ համակարգն էլ անխափան գործում է:

- Չեմ կիսում Անահիտ Ավանեսյանի տեսակետը, որ դժգոհություններ չկան ու մարդիկ գոհ են, իրականում մենք բոլորս էլ տեսնում ենք, որ բողոքները շատ-շատ են ու օր օրի շատանում են: Դրանք բաժանվում են մի քանի խմբի: Առողջապահության համակարգի բոլոր շահառուները դժգոհում են, դժգոհում են բժիշկները, որոնք ժամանակի խնդիր ունեն, չեն հասցնում այդքան դեղատոմսեր գրել, մի դեղատոմսի վրա առնվազն 13 րոպե ժամանակ են ծախսում` համապատասխան ծրագրերով աշխատելու համար: Հաճախ անհրաժեշտ է լինում մի հիվանդին 2-3 դեղատոմս գրել, որը բժշկի համար ժամանակի առումով մեծ խնդիրներ է առաջացնում: Դա նաև մեծ հերթերի առաջացման պատճառ է դառնում: Գաղտնիք չէ, որ պոլիկլինիկաներում մեծ հերթերով են աշխատում, հաճախ հիվանդները մի քանի օր շարունակ չեն կարողանում տեսնել իրենց բժշկին ու այդպես խորանում է պրոբլեմը: Այդ ամենին գումարվում է «Արմեդ» ծրագրի խափանումներով աշխատանքը, ծրագիրը կախվում է, դեղատոմս ներբեռնել չի հաջողվում: Լրացնում են մոտ 40 կետ` մի դեղատոմս ներբեռնելու համար: Շատ բժիշկներ բողոքում են, որ այս ծրագրի ներդրումից առաջ ամսվա վերջին օրերին` հաշվետվությունների ժամանակ «Արմեդ» ծրագիրը շատ վատ էր աշխատում: Բողոքում են նաև հիվանդները` անսահման հերթեր, լավագույն դեպքում, եթե հասնում են բժշկներին, դրանից հետո էլ պետք է փնտրեն դեղատներ, որոնք ունեն «Արմեդ» համակարգը ու այդպես շարունակ: Քանի որ թրեյնինգներ չեն արվել, մարդիկ չեն կրթվել, առաջացնում են տեխնիկական թերություններ և այլն: Ինձ դիմում են տարբեր դեղատների տնօրեններ ու պնդում են, որ այս պարագայում աշխատող ուժի խնդիր կա, պետք է ավելացում անեն: Ավելացնելով աշխատողների թիվը, վճարելով «Արմեդ»-ին` դեղորայքի գները կբարձրանան:

- Ասում են, որ անգամ որոշ ցավազրկող դեղամիջոցներ վաճառվում են այս տարբերակով: Տպավորություն է, թե մեծ խառնաշփոթ է:

- Քաոս է: Դեղերի հստակ ցանկ չեն հրապարակել, միայն կոդեր են հրապարակել: Այստեղ մի այլ քաոս է ստեղծվում: Կան անտիբիոտիկ պարունակող ականջի և աչքի համար նախատեսված կաթիլներ, կան մաշկի քսուկներ, մոմիկներ: Այսպիսով, եթե հիվանդը նման դեղամիջոցներ է ցանկանում գնել, ապա տեղատան աշխատակիցը պետք է Farm.am մտնի, կայքից ներբեռնի 3000 անուն դեղորայքի ցանկը, գտնի այն դեղամիջոցը, որն ուզում է քաղաքացին, գտնի կոդերը, համապատասխանեցնի, նոր միայն վաճառի այն: Տեխնիկապես այս ամենն անհնար է: Դեղորայքը թանկանալու է, սև շուկան ակտիվանալու է, ի վերջո` կբերվեն անօրինական դեղամիջոցներ ու այդպես շարունակ: Համակարգը պատրաստ չէր այս ամենին: Այս փոփոխությունը պետք է անմիջապես կասեցնել ու անցնել թղթային տարբերակին: Համակարգը պետք է քիչ-քիչ հասցնել էլեկտրոնային դեղատոմսի մակարդակին:

- Իսկ վերահսկողությունն ինչպե՞ս է այժմ իրականացվում, Հայաստանում հազարավոր դեղատներ կան, ինչպե՞ս են կարողանում հսկել նրանց բոլորին, որպեսզի իրենց նոր օրենքներով շարժվեն: Ունե՞ն այդ ռեսուրսը:

- Վերահսկողությունը դրված է Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի վրա, իսկ նրանք չունեն այդ ռեսուրսները, չեն կարող դեղատնային վերահսկողությունն ամբողջությամբ իրականացնել: Անիմաստ ինչ-որ պրոցես է սա, որից տուժում են բացառապես հիվանդները: