Իսրայելում ներքաղաքական իրավիճակը ծայրահեղ լարված է․ ի՞նչ դիրքորոշում ունեն այնտեղ ապրող հայերը

Իսրայելում ներքաղաքական իրավիճակը ծայրահեղ լարված է․ ի՞նչ դիրքորոշում ունեն այնտեղ ապրող հայերը

Իսրայելում արդեն 28 շաբաթ է, ինչ չեն դադարում հուժկու ցույցերը՝ ընդդեմ երկրում դատաիրավական բարեփոխումների, որի նախաձեռնությամբ հանդես է գալիս երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Հերթական զանգվածային բողոքի ակցիան ընդդիմության հայտարարած «Դիմադրության գիշեր» կարգախոսի ներքո անցկացվեց հուլիսի 20-ին՝ Թել Ավիվում և այլ քաղաքներում։ Դրանք ուղեկցվեցին հազարավոր ցուցարարների և իրավապահների միջև բախումներով։

Ի՞նչ է, իրականում, տեղի ունենում Իսրայելում, ինչո՞վ կհանգուցալուծվի ստեղծված լարված իրավիճակը և ի՞նչ դիրքորոշում ունեն իսրայելահայերը․ թեմայի շրջանակում զրուցել ենք «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր, Պետախ Տիկվա քաղաքի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանի հետ։

- Երկար ժամանակ է, ինչ Իսրայելում ներքաղաքական իրավիճակը լարված է․ կառավարության առաջարկած դատաիրավական բարեփոխման ընդդիմախոսները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում։ Հայտնի է, որ կառավարությունը նախատեսում է սահմանափակել Գերագույն դատարանի լիազորությունները և գործադիր իշխանությանը դատավորների ընտրությունը վերահսկելու իրավունք վերապահել, մինչդեռ ընդդիմության պնդմամբ, այդկերպ երկրում կխաթարվեն ժողովրդավարության հիմքերը։ Ուրիշ ի՞նչ հակափաստարկներ ունի ընդդիմությունը։

 - Քանի որ Իսրայելն աշխարհի այն եզակի պետություններից է, որ չունի Սահմանադրություն, ուստի Սահմանադրական դատարանի մասնակի գործառույթներ իր վրա վերցրել է Բագացը` Իսրայելի գերագույն դատարանը,  որի դատավորներին փոխելու և նշանակելու բարեփոխումներ է առաջարկում Նեթանյահուի կառավարությունը։ Փաստացի ռեֆորմների արդյունքում մեծամասնություն ունեցող Նեթանյահուի ծայրահեղական օրթոդոքս կառավարությունը կարող է բազմաթիվ համապետական որոշումներ կայացնել` մարդու տարրական ու հիմնարար իրավունքները ոտնահարելով, իսկ Բագացը չի կարողանալու այն կասեցնել։
Սահմանադրության բացակայության դեպքում բոլոր ժողովրդավարական իրավունքները կարող են ոտնահարվել։ Սրա պատճառով լուրջ տնտեսական խնդիրներ են առաջացել։ 2016  թվականից Նեթանյահուի ու նրա կառավարության նախարարների վրա քրեական գործեր կան հարուցված ու  Գերագույն դատարանը կարող է հեռացնել նախարարներին եւ Նեթանյահուին։ Դրա համար էլ ուժով ռեֆորմներ են անցկացնում։

- Իսկ ի՞նչ հիմնավորումներ է բերում Իսրայելի կառավարությունն իր առաջարկած բարեփոխման վերաբերյալ, որքանո՞վ են դրանք ողջամիտ, եթե մի պահ անտեսենք երկրի ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիաները։

- Նեթանյահուի կառավարությունն ուզում է արագ կարգով ու ամեն գնով անցկացնել ռեֆորմները երկրի խորհրդարանում՝ Կնեսետում, որպեսզի չեզոքացնի Բագացի որոշումներն ու հնարավորություն ունենա հակաժողովրդավարական օրենքներով երկարաձգել իրենց կառավարության գործունեությունը։ Կոալիցիան, իր հերթին, պաշտոնապես հայտարարել է, որ բարեփոխումների միջոցով վերջ է դնելու Բագացի՝ երկրի օրենսդիր մարմնի ընդունած օրենքները չեղարկելուն և այդ դատական մարմնի քաղաքական կյանքի վրա ազդեցության նվազմանը։

- Ըստ ձեզ, որքա՞ն կձգվի այս իրավիճակը, մի՞թե կոնսենսուսի ոչ մի եզր չկա։

- Ամիսներ շարունակ երկրի նախագահ Իցհակ Հերցոգի միջնորդությամբ բանակցությունները արդյունք չտվեցին, երկու կողմերը մեղադրում են միմյանց,  սակայն Նեթանյահուն խոստացել է գալիք երկուշաբթի խոստացել է Կնեսետ բերել օրինագիծը, որի շուրջ մեկ շաբաթ է, ինչ առավել ծայրահեղ լարված իրավիճակ է ստեղծվել։

- Ենթադրվում է, որ Իսրայելում ապրող մեր հայրենակիցները ևս իրենց տեսակետն ունեն վերջին զարգացումների առնչությամբ։ Կա՞ արդյոք իսրայելահայ համայնքի հավաքական դիրքորոշում այս իրադարձությունների հարցում։ Ինչպիսի՞ տրամադրություններ են մեր հայրենակիցների շրջանում։

 - Ցավոք, Իսրայելում պատկառելի հայկական համայնք չկա։ Ամենալավատեսական հաշվարկներով, խառը ընտանիքների հետ միասին, հայերի թիվը մոտ 10 հազար է։ Հայերը բողոքի ակցիաներին չեն մասնակցում և քաղաքացիական առանձին ակտիվություն չեն ցուցաբերում, սակայն ընդիմադիրների հետ են և կիսում են նրանց մտահոգությունները։ 

2019 թվականին Կնեսետն ընդունեց այսպես կոչված Ազգային օրենքը, որով հռչակվեց Իսրայեը որպես հրեական երկիր, այդպիսով երկրորդ կարգի բնակիչներ դարձնելով երկրի ոչ հրեա բոլոր քաղաքացիներին, այդ թվում նաև՝ հայերին։ Ինչ վերաբերում է Երուսաղեմի հայերին, ապա նրանք ավելի մտահոգված են հողերի կորստյան վտանգով և այդ հիմնախնդրի լուծմամբ։

Արա Ալոյան