Վերահաստատում ենք Հայոց ցեղասպանությունը երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդենի ուղերձը

Վերահաստատում ենք Հայոց ցեղասպանությունը երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդենի ուղերձը

«Այսօր մենք դադար ենք առնում՝ հիշելու Մեծ Եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ընթացքում կորսված կյանքերը, և վերահաստատում ենք երբեք չմոռանալու մեր խոստումը», - հայտարարում է Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը իր ապրիլքսանչորսյան ուղերձում:

«Դաժանության արշավը սկիզբ առավ 1915 թվականի ապրիլի 24-ին, երբ օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում կալանավորեցին հայ մտավորականներին ու համայնքի առաջնորդներին: Հաջորդած օրերին, ամիսներին ու տարիներին մեկևկես միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ մահվան երթի դուրս եկան՝ ընդմիշտ կոտրված թողնելով ընտանիքներն ու հավերժ փոխված՝ սերունդները», - ասված է ուղերձում, որ հրապարակված է Սպիտակ տան պաշտոնական կայքէջում:

«Սգալով այս ողբերգությունը՝ մենք նաև հարգանքի տուրք ենք մատուցում հայ ժողովրդի տոկունությանը: Մարդկային պատմության ամենամռայլ գլուխներից մեկը վերապրելուց հետո, փրկվածները սկսեցին կռել ավելի լավ ապագա մեր աշխարհի համար: Խիզախորեն և նվիրվածությամբ նրանք վերակառուցեցին իրենց կյանքը: Նրանք պահպանեցին իրենց մշակույթը: Նրանք ուժեղացրին պետություններն աշխարհով մեկ, այդ թվում՝ մերը: Եվ նրանք պատմեցին իրենց պատմությունները՝ ապահովելու համար, որ 109 տարի առաջ այս օրը սկիզբ առած զանգվածային վայրագություններն այլևս երբեք չկրկնվեն», - հայտարարում է Միացյալ Նահանգների նախագահը:

«Դա մնում է մեր հանդիսավոր ուխտը: Այսօր, և ամեն օր, Միացյալ Նահանգները պաշտպան է կանգնելու մարդու իրավունքներին և հանդես է գալու ընդդեմ անհանդուրժողականության: Մենք շարունակելու ենք ատելությունն ու սարսափը դիմագրավել հույսով և ապաքինմամբ: Եվ մենք շարունակելու ենք կանգնել նրանց կողքին, ովքեր հետամուտ են լինում ապագայի, որտեղ բոլորը կարող են ապրել արժանապատիվ, անվտանգ և հարգված», - ասված է Ջո Բայդենի ուղերձում: