Այդ ծրագիրը մեր գյուղերի համար չէ` ոչ մեկն իր էրեխուն թույլ չի տա գնալ կողքի գյուղի դպրոց

Այդ ծրագիրը մեր գյուղերի համար չէ` ոչ մեկն իր էրեխուն թույլ չի տա գնալ կողքի գյուղի դպրոց

ԿԳՄՍ նախարարության որոշման համաձայն` մինչեւ 2026 թվականը 100-ից պակաս աշակերտ ունեցող դպրոցները կմիավորվեն: Համաձայն վերջին ցուցանիշների, 1-ին տեղում Սյունիքն է, որտեղ դպրոցների 2/3-ը մինչեւ 100 աշակերտ ունի: Նախօրեին Շիրակի մարզից ընտրված ՀՅԴ-ական պատգամավոր Մհեր Մելքոնյանն ԱԺ-ում ահազանգեց, որ այդ ցանկում ընդգրկված 232 դպրոցներից 48-ն էլ Շիրակի մարզում են, որտեղ քիչ չեն նաեւ սահմանամերձ գյուղերի դպրոցները, որոնք, ըստ պատգամավորի, կազդարարեն գյուղերի կործանումը։

ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանի դիտարկմամբ, խոսքը ոչ թե միավորման, այլ նոր կրթահամալիրների, նոր ուսումնական հաստատությունների ստեղծման մասին է, որոնք կապահովեն այն ժամանակակից միջավայրը, որտեղ երեխաների կրթությունը շատ ավելի լավ կկազմակերպվի։ «Հատկապես այդ փոքր գյուղական համայնքներում մենք չունենք նաեւ նախադպրոցական ծառայություններ, այդ կրթահամալիրներն ունենալու են նաեւ նախադպրոցականի բաղադրիչ մաս, եւ դրանք դառնալու են կրթական կենտրոններ, որոնք ծառայելու են ոչ միայն դպրոցի, այլեւ համայնքի համար։ Մենք նախագծերն արդեն ուսումնասիրել ենք, շատ լավն են, ունեն ենթակառուցվածքներ` մարզադահլիճ, հանդիսությունների սրահ, եւ դրանք միայն դպրոցի համար չպետք է օգտագործվեն, այլ նաեւ արտադպրոցական պարապմունքներ անելու համար, սպորտային, ժամանցային, երիտասարդական, մշակութային տարբեր միջոցառումներ էլ կարող են իրականացվել, որովհետեւ դրանք տվյալ համայնքի տարածքն են դառնալու` լավ ենթակառուցվածքներով, կահավորված, բոլոր պայմաններով, եւ, հետեւաբար, պետք է օգտագործվի հնարավորինս շատ»,- մեզ հետ զրույցում նշում է ԿԳՄՍ փոխնախարարն ու հավելում, որ ամբողջ հանրապետության մարզերի դպրոցներն արդեն քարտեզագրվել են: 

Ոլորտի մասնագետները, սակայն, բարձրաձայնում են, որ կրթության որակի բարելավման անվան տակ հարված է հասցվում սահմանամերձ բնակավայրերի հատկապես փոքր գյուղական դպրոցներին, որոնք նախեւառաջ ազգային անվտանգության կարեւորություն ունեն: Թե ինչու է գործընթացը սկսվել հենց Սյունիքից, որը, պայմանավորված աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակով, տարբեր մտահոգությունների տեղիք է տվել, Ա. Սվաջյանն ասում է. «Մի մարզից պե՞տք է սկսեինք, հիմա քարտեզագրումը մեկնարկել է Սյունիքից, բայց հանրապետության բոլոր մարզերի փոքր դպրոցները` մինչեւ 100 սովորող ունեցող, արդեն քարտեզագրվել են, եւ առաջիկայում շինարարության մրցույթներ են հայտարարվելու այդ դպրոցների կառուցման համար»: 

Ի՞նչ սկզբունքով են միավորվելու այդ փոքր դպրոցները։ «Շատ տարբեր է պատկերը..., բայց նորից ուզում եմ շեշտել, որ այստեղ խոսքը ոչ թե միավորման մասին է, այլ երեխայի համար լավ պայմաններ, լավ կրթություն ստեղծելու մասին: Մենք ունենք դպրոցներ, որտեղ 4-5 աշակերտ է սովորում կամ 20-30 աշակերտ, ուսուցիչների մեծ մասը չկա, եւ, հետեւաբար, մեր հետազոտությունները վկայում են, որ այդ դպրոցներում կրթության որակը շատ ցածր է, էլ չեմ ասում, որ երեխաների սոցիալիզացիան է տուժում: Օրինակ, Վայոց Ձորում մի դպրոց ունենք, որտեղ 2 երեխա է սովորում, մեկն ավարտեց, մնաց մեկը, պատկերացնում եք, չէ՞, այդ դպրոցում հիմա ինչպիսին է կրթությունը: Դրա համար մենք կարծում ենք, որ շատ ավելի նպատակահարմար կլինի, որ այդ երեխային պետությունը տրանսպորտ ապահովի, եւ նա գնա հարեւանությամբ գործող մեկ այլ դպրոց, որտեղ լավ պայմաններ կան, բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչներ, եւ հետո էլ պետության կողմից տրամադրվող տրանսպորտով վերադառնա տուն, քան մենք շարունակենք նույնկերպ` ունենալ այդ փոքր դպրոցները, որտեղ կրթության որակի հետ կապված խնդիրներ ունենք»: 

Սյունիքի մարզի Շուռնուխի միջնակարգ դպրոցն ունի 17 աշակերտ, դպրոցի տնօրեն Արմենակ Լալաբեկյանն իրավիճակը ներկայացնում է տեղից։ «Եթե իրենց ասածը տեղի ունենա, գյուղում պարզապես մարդ չի մնալու, ոչ մեկն իր երեխուն թույլ չի տալու, որ ստեղից գնա Որոտան դասի ու գա, նույնձեւ էլ՝ Բարձրավանից: Բացի դրանից, գյուղում համարյա ամեն ընտանիքից մարդ է աշխատում, այդ մարդիկ հիմա մնալու են անգործ,- ասում է տնօրենն ու նշում, որ գյուղում բոլորն են վատ ընդունել կառավարության այս նոր որոշումը։- Որ ասեմ՝ դրական են ընդունել, կհավատա՞ք, իհարկե՝ բացասական են մարդիկ արձագանքել»:

Այս որոշման արդյունքում Շուռնուխի, Որոտանի, Բարձրավանի դպրոցները միավորվելու են, որոնց միջեւ հեռավորությունը բավականին շատ է, Շուռնուխից Որոտան 14 կմ է, Բարձրավան էլ` մոտ 20 կմ. «Բացի այդ, եղանակային պայմաններն այնպես են, որ եթե ձյուն շատ եկավ, բազմաթիվ հարցեր են առաջանում, այսինքն՝ Արարատյան դաշտավայրի նման չէ, որ ճանապարհները հարթ են, ու 1 կմ-ն այդքան էական նշանակություն չունի, եւ կարող են 10 կմ-ն 10-15 րոպեում անցնեն, ստեղ սաղ ոլորաններ են»:

Պետությունն իր վրա է վերցնում տրանսպորտի ապահովման հարցը, որը, ըստ տնօրենի, դարձյալ հարցի լուծում չէ։ «Մենք էդքանը հասկանում ենք, որ եթե այդքանը նախատեսել են, ուրեմն տրանսպորտի հարցն էլ են հաշվի առել, բայց ոչ մեկն իր էրեխուն չի թողնելու, որ ամեն օր թեկուզ էդ կես ժամը գնա կողքի գյուղ, գա: Իմ կարծիքը սա է, որ դրանից հետո գյուղում մարդ չի մնալու, այդ ծրագիրը մեր գյուղերի համար չէ... գյուղը պահողը դպրոցն է, եթե գյուղում դպրոց չլինի, այդ գյուղը գյուղ չի դառնում,- ասում է տնօրենն ու նշում, որ գործընթացը մեկնարկելու է 2026-ին, բայց,- դեռ շենք էլ չունեն սարքած, այդ 3 դպրոցները միավորելու են, ու նոր միավորված դպրոցը Որոտանում է լինելու»: 

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով, սա բավականին բարդ հարց է, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցներում դժվար է կրթության որակ ապահովելը. «Այդտեղ նաեւ աշակերտների շփման հարց կա, որովհետեւ դասարաններում 1-2 հոգի է, այդ իմաստով, եթե մենք խոշորացնում ենք դպրոցը, դա կարող է նպաստել կրթության որակին, բայց այստեղ պետք է հաշվի առնել մի քանի հանգամանք. առաջինն անվտանգային հարցերն են, եթե այդ դպրոցը գտնվում է սահմանամերձ կամ ստրատեգիական կարեւոր դիրքում, այդ դպրոցների հանդեպ պետք է շատ զգուշավոր լինել: Կամ եթե ճանապարհը նորոգված չէ, մյուս դպրոցն էլ հեռու է, այսպիսի հարցերում պետք է շատ զգուշավոր լինել: Այսինքն՝ ամեն դպրոց պետք է առանձին նայել ու դիտարկել: Շատ կարեւոր է նաեւ աշակերտների թիվը, եթե, օրինակ, դպրոցն ունի 5, 10, 20 աշակերտ, պարզ է, որ այդ դպրոցն արդյունավետ չէ, եւ դա կրթության որակի վրա շատ վատ է ազդում, բայց եթե դպրոցն ունի 60-70 աշակերտ, գուցե այդտեղ պետք է ավելի զգուշավոր լինել, որովհետեւ այդ դպրոցը հնարավոր է պահել: Մյուս կողմից էլ, սահմանամերձ մարզերում` Սյունիքում, Գեղարքունիքում, Տավուշում, պետք է հաշվի առնել մի շարք խնդիրներ, օրինակ՝ Շիրակի մարզում պետք է հաշվի առնել նաեւ կլիմայական հարցերը, որովհետեւ այնտեղ ձմռանը կարող է ճանապարհ փակվել։ Այս ծրագիրը չի կարող լինել դեղատոմսային լուծում, հատ-հատ պետք է նայել, թե որ դպրոցը կարելի է միավորել, որը` ոչ, եւ եթե դպրոցն ունի 50-ից ավելի աշակերտ, նրանց չկպնենք, 50-ից պակասի դեպքում հաշվի առնել իմ նշած` անվտանգային, ճանապարհային, բնակլիմայական գործոնները»:

Դպրոցների միավորման հետեւանքով շատերն անգործ կմնան, ըստ փորձագետի, պետությունը պետք է գործազուրկ դարձած ուսուցիչներին աշխատանքով ապահովի. «Եթե դպրոցը փակեցինք, մարդկանց էլ գործ չտվեցինք, դա շատ վատ հետեւանքներ կարող է ունենալ»: Երբ անվտանգային խնդիրները լուծված չեն, հատկապես սահմանամերձ գյուղերում ծնողները վախենալու են թշնամու դիտակետի ներքո իրենց երեխաներին ուղարկել կողքի դպրոց. «Նման խնդիրների դեպքում առավել զգույշ պետք է լինել, դրա համար եմ ասում, որ այստեղ ունիվերսալ պատասխան եւ լուծում չկա: Սա այն դեպքն է, որ մի դեղատոմսով չես կարող բոլոր հարցերը լուծել, եւ Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի սահմանամերձ գյուղերի դեպքում առավել զգույշ պետք է մոտենալ»:

Վերջին հաշվով, սրանով պետությունն ի՞նչ խնդիր է լուծում, որտե՞ղ է շահում եւ որտե՞ղ կորցնում։ «Այստեղ օպտիմալացման խնդիրը կա, պետությունը գումար է խնայում, քանի որ 20-30 աշակերտի համար մի ամբողջ շենք է պահվում, դրական կողմն էլ այն է, որ սրանով կարող է կրթության որակը բարձրանալ, եւ եթե այդ 20-30 երեխային տանենք 150 հոգանոց դպրոց, հաստատ նրանց ուսումը կբարելավվի: Բայց խնդիրներն անխուսափելի են, օրինակ՝ երեխան վատ է զգում ու ուզում է տուն գնալ, որը մյուս գյուղում է, պետությունն արդյո՞ք այս դեպքում էլ տրանսպորտ տրամադրելու է, որ այդ մի հոգուն տանեն տուն ու բերեն, թե՞ ծնողին պետք է ասեն` արի երեխայիդ տար, իսկ ծնողն էլ եթե մեքենա չունի... այսպիսի բազմաթիվ հարցեր, որ կարող են առաջանալ, դրա համար ցանկացած մանրուք` հեռավորությունից սկսած, պետք է հաշվի առնել»,- ասում է Ս. Խաչատրյանն ու որպես օրինակ բերում միջազգային փորձը. 

«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ երբեմն դպրոցը կարող է գործել նաեւ փոքրաթիվ աշակերտների համար, եթե դա ռազմավարական նշանակություն ունի: Կան դեպքեր, որ երեխային անգամ ուղղաթիռով են տանում դպրոց, այսինքն՝ ընդամենը մի երեխայի համար պետությունն ուղղաթիռ է տրամադրում, որովհետեւ ինքն ապրում է կտրված մի գյուղում, բայց նրա կրթության իրավունքն ապահովելու համար իրեն ուղղաթիռ է տալիս: Այսինքն՝ պետք է ճկուն լուծումներ գտնել նաեւ մեր դեպքում»: