Ինչպես պայքարել ֆեյք ԶԼՄ-ների դեմ

Ինչպես պայքարել ֆեյք ԶԼՄ-ների դեմ

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանից հետաքրքրվեցինք, թե ԵՄԱ-ն փորձե՞լ է ուսումնասիրել լրատվական դաշտը եւ հաշվառել այն լրատվամիջոցները, տվյալ դեպքում՝ կայքերը, որոնք չեն նշում իրավաբանական հասցե, գլխավոր խմբագրի եւ աշխատակազմի տվյալները, սակայն տարիներ շարունակ զբաղվում են լրատվական գործունեությամբ։

Այդ կայքերը հաճախ են զբաղվում գրագողությամբ, այլ՝ տարիների համբավ ունեցող, ամենօրյա աշխատանքի շնորհիվ կայացած թերթերի կամ կայքերի նյութերն առանց հղման արտատպելով և դիտումներ ապահովելով նրանց հաշվին։ 
«Մենք չենք ուսումնասիրել այդ կայքերի գործունեությունը, դրանում իմաստ էլ չենք տեսնում, որովհետև ամեն օր ինչ-որ բաներ են բացվում, փակվում, և մեր ջանքերն այդ ուղղությամբ կարող են արդարացված չլինել։

Մեզ հետաքրքրում է ավելի սկզբունքային մոտեցում։ Մենք ուզում ենք «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում այնպիսի փոփոխություններ առաջարկել, որոնք կխրախուսեն լրատվամիջոցներին կամ լրատվամիջոց լինելու հավակնություն ունեցող սուբյեկտներին բացել իրենց բոլոր հնարավոր տեղեկությունները։

Եվ արդարադատության նախարարությունն էլ է ուզում առավելություն տալ ԶԼՄ-ներին՝ բացել պետռեգիստրը, որպեսզի այդ հնարավորությունից օգտվեն այն ԶԼՄ-ները, որոնք թափանցիկ են աշխատում հանրության առջև։ Ինձ թվում է, որ դա միակ միջոցն է, որով կարելի է պայքարել այդ երեւույթի դեմ՝ առանց խոսքի ազատության սկզբունքին դիպչելու»,- ասաց Բորիս Նավասարդյանը։ 

Նկատեցինք, որ երբ վերջերս hzham.am կայքի գլխավոր խմբագիր Գայանե Մանուկյանին ձերբակալեցին շորթման կասկածանքով, հաշված ժամեր անց այդ կայքը տեղեկացրեց, որ ընդդիմադիր ԶԼՄ-ի են հետապնդում իշխանությունները։ 

Արդյո՞ք նման կայքերի համար մանիպուլյացիոն դաշտ չի բացվում, երբ ցանկացած դեպքում նրանք կարող են ներկայանալ «հալածյալի» լուսապսակով։

«Հետապնդում կարող է լինել եւ՛ թափանցիկ գործող ԶԼՄ-ի, եւ՛ ֆեյք ԶԼՄ-ի նկատմամբ։ Կոնկրետ այդ հարցում պետք է հասկանալ՝ հիմնավորվա՞ծ է այդ հետապնդումը, թե՞ ոչ։ Այդ դեպքում թափանցիկ գործող ԶԼՄ-ն չպետք է ավելի պաշտպանված լինի, քան՝ մյուսը, եթե հավասարապես  գործում են օրենքի դաշտում»,- ասաց ԵՄԱ նախագահը։