Նախկին պաշտոնյաները փրկություն են փորձում գտնել ՌԴ-ի տարածքում

Նախկին պաշտոնյաները փրկություն են փորձում գտնել ՌԴ-ի տարածքում

Հեղափոխությունից հետո նախկին պաշտոնյաների, Հանրապետականի հետ այս կամ այն ձեւով կապ ունեցող անձանց նկատմամբ սկսվեց քրեական հետապնդումների շարք։ Ոմանց գործն արդեն դատարանում է, ոմանցը՝ դեռ նախաքննության փուլում, իսկ որոշներին էլ իրավապահ մարմինները չեն կարողանում «հայտնաբերել»։ Բանն այն է, որ մի քանիսի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, որոնց մեծ մասն «ապաստան» է գտել հատկապես Ռուսաստանի Դաշնությունում։ 
Մեկ տարի է, ինչ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին, որն ավելի շատ հայտնի է «Ֆրանկլին Գոնսալես» անունով, Չեխիայի իրավապահները չեն արտահանձնում։ Ավելին՝ հրապարակումներ եղան մամուլում, որ նա այնտեղ քաղաքական ապաստան է ստացել։ Կարելի է ասել՝ նույն իրավիճակն է նաեւ Միհրան Պողոսյանի, Լեւոն Սարգսյանի՝ Ալրաղացի Լյովիկի, Վահագն Հարությունյանի, Միքայել Հարությունյանի դեպքում։ Վերջինիս նկատմամբ ՌԴ-ն անգամ դադարեցրել է հետախուզումը։ Երեկ էլ հայտնի դարձավ, որ հետախուզում է հայտարարվել նաեւ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ։ Նա եւս Ռուսաստանի Դաշնությունում է։

էքստրադիցիայի հարցերով զբաղվող ՀՀ գլխավոր դատախազությանն այս հարցերի շուրջ դիմելիս ստանում ենք նույն՝ հնացած պատասխանը։ Օրինակ, դիմել էինք՝ իմանալու, թե Լեւոն Սարգսյանի արտահանձնումը ե՞րբ է տեղի ունենալու։ Պատասխանել են․ «ՀՀ գլխավոր դատախազությունն անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթով օպերատիվ կերպով ՌԴ գլխավոր դատախազությանն է ուղարկել հետախուզման մեջ գտնվող, ՌԴ-ում հայտնաբերված եւ ձերբակալված Լեւոն Սարգսյանի հանձնման միջնորդությունը:

ՀՀ եւ ՌԴ դատախազությունների գործակցության արդյունքում ՌԴ դատարանը բավարարել է հանձնելու հարցը քննարկելու շրջանակներում Լեւոն Սարգսյանին 40 օրով կալանավորելու ՌԴ դատախազության միջնորդությունը»: Մի օրինաչափություն ենք նկատել․ երբ արտերկրում նախնական կալանք են տալիս Հայաստանի կողմից հետախուզվող անձին կամ հայտնաբերում են, անմիջապես մեր իրավապահները հաղորդագրություն են տարածում՝ տպավորություն ստեղծելով, թե իրենց աշխատանքն արդյունք է տվել, իսկ երբ մերժվում է նույն անձին արտահանձնելու ՀՀ պահանջը, ոչ մի ձայն չկա՝ հաղորդագրություն չեն տարածում, պարզաբանում չեն տալիս։

Հարցրել էինք նաեւ Միհրան Պողոսյանի եւ Նարեկ Սարգսյանի արտահանձնումից, սակայն այստեղ եւս նորություն չկա։ Փաստաբան Նորայր Նորիկյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ յուրաքանչյուր անձի դեպքում պետք է առանձին մոտեցում ցուցաբերվի եւ առանձին դիրքորոշում արտահայտվի․ «Մենք ունենք մի քանի անձինք, որոնց վերաբերյալ թույլ տվեք արձանագրել հետեւյալը․ Միքայել Հարությունյանի դեպքում խայտառակություն է, որ այդ անձը ժամանակին ձեռք է բերել նաեւ ՌԴ քաղաքացիություն, ուստի այդ ամենի արդյունքում Ռուսաստանի Դաշնությունը, վկայակոչելով իր Սահմանադրության 81-րդ հոդվածը, իր քաղաքացուն հրաժարվեց հանձնել ՀՀ-ին։ Ես կարծում եմ, որ ՀՀ իրավապահ մարմինները պարտավոր էին ժամանակին իրականացնել կանխարգելիչ գործողություններ՝ այդ խնդիրը պարզաբանելու եւ համապարփակություն ստանալու համար։ Երկրորդը Միհրան Պողոսյանին է առնչվում․ ես կարծում եմ, որ, բոլոր դեպքերում, սա քաղաքական որոշման արդյունք է եղել։ ՌԴ իրավապահ մարմինների որոշումները չեն բխել ՀՀ-ում իրականացվող քրեական հետապնդման բովանդակությունից, կամ ՀՀ իրավասու մարմինները չեն ներկայացրել այնպիսի հիմնավորումներ, որոնք համոզմունք կձեւավորեին Ռուսաստանի գործընկերների մոտ՝ այդ անձին ՀՀ-ին հանձնելու առումով»։

Ն․ Նորիկյանը նշեց՝ Լեւոն Սարգսյանի դեպքում էլ պետք է փոխանցել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը․ «Նա նոր է հայտնաբերվել, ձերբակալվել, ՌԴ-ում 40 օրով կալանավորվել է։ ՀՀ-ն պարտավոր է այս առումով սահմանված կարգով փոխանցել նրա քրեական հետապնդման բոլոր փաստաթղթերը, եւ կարծում եմ, որ մենք այդ հարցի վերաբերյալ չենք կարող լիարժեք դիրքորոշում արտահայտել, կտեսնենք՝ այդ անձի նկատմամբ ինչպիսի վարքագիծ կդրսեւորվի։ Եթե, այնուամենայնիվ, ՌԴ-ն որոշում կայացնի վերադարձնել նշված անձին, մենք կհամարենք, որ իրավական նորմալ գործընթաց է։ Ինչ վերաբերում է Վահագն Հարությունյանին, ապա նշեմ, որ թեեւ նա հետախուզվում է ՀՀ-ի կողմից, բայց նրա հայտնաբերման կամ ձերբակալման վերաբերյալ որեւէ տեղեկատվություն առկա չէ։ Ուստի այս դեպքում հնարավոր չէ դիրքորոշում հայտնել, թե նրա հայտնաբերումից հետո Ռուսաստանի Դաշնությունն ինչպիսի վարքագիծ կդրսեւորի։ Մի բան ակնհայտ է, որ ՀՀ-ում  քրեական հետապնդման ենթարկվող նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց փրկությունն են փորձում գտնել ՌԴ տարածքում։ Եթե սրան ավելացնենք նաեւ Արամ Հարությունյանի անհետանալը Հայաստանից, իմ կարծիքով՝ սա լուրջ մտահոգվելու տեղիք պետք է տա Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգին։ Սա, ըստ էության, համարում եմ շատ վտանգավոր նախադեպ»։

Ինչ վերաբերում է Նարեկ Սարգսյանի արտահանձնման ձգձգվող պրոցեսին, փաստաբանը նշեց․ «Ես չգիտեմ՝ քաղաքական ապաստան տրամադրելու այդ տեղեկությունները որքանով են հավաստի, ավելին՝ ես չգիտեմ՝ քաղաքական ապաստան տալու հիմքերը որոնք են, այդ անձն ինչ քաղաքական գործունեություն է իրականացրել։ Մի բան ինձ համար ակնհայտ է, որ ՀՀ-ում իրականացվող քրեական հետապնդման գործընթացն է դրվում կասկածի տակ։ Փաստորեն, ի՞նչ է ստացվում․ որ բոլոր այն մարդիկ, որոնք այս կամ այն ձեւով որոշակի հնարավորություն ունեն խուսափել քրեական հետապնդումից, հայտնվում են ՀՀ իրավապահ մարմինների վերահսկողությունից դուրս։ Սա ՀՀ-ի արժանապատվության խնդիրն է, եւ կարծում եմ, որ Հայաստանը պետք է գործադրի բոլոր ջանքերը՝ հիմնավորելու համար, որ որեւէ մեկի նկատմամբ քաղաքական հետապնդման մասին խոսք լինել չի կարող։ Գտնում եմ, որ անցել են այն ժամանակները, երբ ՀՀ-ում որեւէ մեկի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացվի»։