Դժվար է մեր պես իշխանությանն ընդդիմություն լինել

Դժվար է մեր պես իշխանությանն ընդդիմություն լինել

Ինչպիսի՞ն են հեղափոխական իշխանության պատկերացումներն ընդդիմության մասին, որո՞նք են այն չափորոշիչները, որոնցով պետք է չափել ընդդիմադիր ուժերին։ Հարցի պատասխանը շուրջ մեկուկես տարի է՝ չի գտնվում, քանզի հեղափոխականներն անուն են կպցնում թե՛ արտախորհրդարանականներին, թե՛ տեղն ընկած տեղը՝ յուրային պառլամենտականներին, թե՛ նախկիններին, թե՛ նոր ստեղծվածներին: Նրանց պատկերացմամբ՝ Հանրապետականի էջը փակվել է թավշյա իրադարձություններով, եւ, առհասարակ՝ որեւէ նախկին չի կարող երազել նոր Հայաստանում ընդդիմություն դառնալ, որովհետեւ ժողովուրդը ՀՀԿ-ի հետ մերժել է անխտիր բոլորին՝ Քոչարյանից սկսած, ՀՀԿ-ով ու Դաշնակցությունով վերջացրած։ Անգամ նորահայտ երիտասարդ ուժերին ու շարժումներին են անուն կպցնում, նրանց կապում նախկինների հետ ու վարկաբեկում:

 Նոր Հայաստանի իշխանության «հագով» ընդդիմության մասին փորձեցինք պատկերացում կազմել՝ զրուցելով իշխանական օրենսդիրների հետ: Հովիկ Աղազարյանը վերահաստատեց՝ ՀՀԿ-ի էջը փակված է, այլ հարց է, որ այդ կուսակցության որոշ երիտասարդ ու մտածող անհատներ փորձեն քաղաքական ապաստան գտնել նոր ուժերի մոտ. «Որ ՀՀԿ-ի միջին օղակներում եղել են անհատներ, որոնք իրենց ասելիքը չեն ասել, միանշանակ է, հետեւաբար, այդպիսի անհատները պետք է միավորվեն, միանան այլ քաղաքական ուժի ու դրսեւորվեն, բայց ո՛չ ՀՀԿ-ի միջոցով»: Հիշեցրինք, որ օրերս ընդդիմադիր գործիչները փորձեցին միավորվել մեկ հարկի տակ՝ նկատի ունեինք «Վերնատուն» ակումբի հավաքը, բայց իշխանությունն ու իր արբանյակները դա էլ սեւացրին։ ««Վերնատունն» էլ չի կարող ընդդիմություն լինել, որովհետեւ այնտեղ հավաքված գործիչների մեծ մասը Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան զույգի առանցքի շուրջ հավաքված մարդիկ են, ժողովուրդն իրենց կողմը չի նայի»:

Աղազարյանը չի տրտնջում՝ ընդդիմության պակաս իրենց իշխանությունը չունի, եւ չեն կարող մեղադրել ոչ ժողովրդավարության համար. «Կարծում եք քի՞չ են «Լուսավորն» ու ԲՀԿ-ն: Ընդդիմությունն էլ է պետական ինստիտուտ, ինչի ապացույցը վերջերս կոռուպցիայի հանձնաժողովի ձեւավորման ընթացքը ցույց տվեց։ Կարծում եմ՝ սա պետք է խորացնել»: Նկատեցինք, որ գուցե ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն արդարացնում են իշխանության սպասելիքները, բայց հանրության շրջանում տեսակետ կա, որ այսօր երկրում ընդդիմություն չկա, քանզի խորհրդարան անցան միայն այն ուժերը, որոնք գովերգեցին Նիկոլ Փաշինյանին։ «Ժողովուրդն է որոշում՝ ով է ընդդիմություն, ով՝ ոչ, այդ ուժերն ընտրությունների արդյունքում են ձայն ստացել»: Հիշեցրինք, թե ոչ վաղ անցյալում ԲՀԿ-ին էլ էին իրենք կապում Քոչարյանի հետ։ «ԲՀԿ-ի գործունեությունը վիճարկելի է՝ ինչքանով է կապված, ինչքանով՝ ոչ, կապված է եղել այնքանով, որ համագործակցել են: Հիմա ՀՅԴ-ն էլ է համագործակցել, բայց դա չի նշանակում․․․ Դաշնակցությունը միշտ էլ՝ որպես առանձին միավոր, կարող է իր խոսքն ասել»:

Իմքայլական Տիգրան Ուլիխանյանի պատկերացրած ընդդիմությունն այսօր չկա ո՛չ խորհրդարանում, ո՛չ արտախորհրդարանական դաշտում․ «Ընդդիմությունը պետք է կարողանա զսպել իշխանությանը, նոր օրակարգեր առաջ բերել կամ կառուցողական քննադատությամբ որակապես ավելի լավացնել իշխանության բերած օրակարգերը: Իսկ առհասարակ՝ մենք չենք կարող արգելակ հանդիսանալ որեւէ մեկի քաղաքական նկրտումների համար, ժողովուրդն է որոշելու՝ ում վստահի, ում՝ ոչ: Այո, ցավոք, ես դաշտում տեսնում եմ ուժեր, որոնք իշխանական հավակնություններ են դրսեւորում, բայց իշխանության հասնելու միջոց տեսնում են ոչ թե ժողովրդին, այլ խարդավանքները, սրա-նրա սրի տակով անցնելը, թաքուն կապերը եւ այլն»։ Թե ովքեր են դրանք, պատգամավորն անուններ չհնչեցրեց: Խորհրդարանական ընդդիմության մասով էլ շեշտեց՝ ասելիքի բացակայություն է տեսնում. «Կարծում եմ՝ շատ բնական է, որովհետեւ դժվար է մեզ պես մեծ վստահություն ստացած իշխանությանն ընդդիմություն դառնալ․ դա շատ մեծ եւ տանջալից գործ է: Այդ ուղղությամբ պետք է շատ աշխատել, ոչ թե չեղած բաներ թմբկահարել: Իհարկե, մենք քննադատելու առիթ տալիս ենք, բայց բովանդակային քննարկում, չասեմ՝ չենք լսում, այդուհանդերձ, չնչին տոկոսն է կազմում»: