Հպարտ լինելու համար ՀՀ քաղաքացուն շատ բան պետք չէ

Հպարտ լինելու համար ՀՀ քաղաքացուն շատ բան պետք չէ
Նիկոլ Փաշինյան

Հպարտ լինելու համար ՀՀ քաղաքացուն շատ բան պետք չէ: Մի փոքր ուշադրություն, ուրիշ` ոչինչ: Իսկ ուշադրությունը պետք է լինի իշխանությունների կողմից, որոնց մեր ժողովուրդն ընտրել ու դրել է գլխին: Ժողովուրդը հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանի վստահեցումները, թե վարչապետը դու ես, նա, է, երրորդն է, չորրորդը, ավելին չեն, քան օդի տատանումը: Եթե այդպես լիներ, ապա ինձ, քեզ, նրան և բոլոր ՀՀ քաղաքացիներին ման կտային հատուկ կորտեժով, հոգ կտանեին տարեկան առնվազն 2 բնակարան հատկացնելու ուղղությամբ, չգիտեմ` հատուկ վարսահարդար ու դիմահարդար կհատկացնեին մեր ընտանիքներին ու լիքը զիզի-բիզի բաներ, որոնցից լիուլի օգտվում են բոլոր երկրների վարչապետներն ու նրանց ընտանիքները:

Ամանորի իր ելույթում Փաշինյանը մի փոքր չափավորել էր խոսքը: Նա մեզ վարչապետ չանվանեց, բայց, ամեն դեպքում խոստացավ, որ ինչ անենք` միասին ենք անելու: Ասաց` հիմա դեռ ստորոտում ենք, իսկ 2019-ին միասին թռիչք ենք գործելու և դա բարձր թռիչք է լինելու, այսինքն, համարյա սավառնելու ենք: Էլի վատ չէ, և կրկնեմ, եթե մի փոքր ուշադրություն լինի ժողովրդի նկատմամբ, ամեն ինչ լավ կլինի:

Փաշինյանը նաև ասաց` իմ հույսը ձեր տաղանդն է և ստեղծագործ աշխատանքը: Մենք տաղանդի ու աշխատելու հարցում երբեք նեղություն չենք քաշել, բայց մի հանգամանք կա, որ չի կարելի աչքաթող անել: Մենք մտավախություն ունենք, որ Փաշինյանը մեր գլխին առոք-փառոք տեղավորվելուց հետո երկրի օրենսդիր և գործադիր մարմինները լցրել է անտաղանդներով ու ծույլերով, որոնք լրացուցիչ բեռ են դառնալու մեզ համար: Այդպիսի բալաստով թռչելը հեշտ չի լինելու: Մենք կարծում էինք, որ Երևանի ավագանին պատահական մարդկանցով լցնելուց հետո Փաշինյանը կանգ կառնի, բայց ոչ, նույն պրոցեսը շարունակվեց նաև ԱԺ ընտրություններից հետո: Մեր մտավախությունը հաստատվեց նաև անցյալ տոներին, երբ Երևանում կուտակված աղբի մասին ժողովրդի «տաղանդավոր» բողոքներին արձագանքեցին իմքայլական անտաղանդ տիկնայք: Նրանցից մեկը նույնիսկ փիլիսոփայել էր, որ Երևանի փողոցներում աղբի առատությունը ժողովրդի բարեկեցության, փող ունենալու և կուշտ լինելու վկայություն է: Ներողություն, բայց եթե կինն է այսաստիճան բութ, ապա ինչպիսին են նրանց կիսամանուկ տղամարդ գործընկերները: Մի խոսքով` հեշտ չի լինելու ոչ մեկի համար:

Եվս մի հարցի վրա կուզենայի հրավիրել մեր միակ վարչապետի ուշադրությունը: Պարոն Փաշինյան, Արցախի հարցն այսօր մի հանգրվանում է, որ պետք է բացառել Հայաստան-Արցախ հարաբերություններին սպառնացող ամեն մի քայլ` լինի հրապարակային ելույթ, լինի յուրայինների չկշռադատված խոսք, լինի անցանկալի ազատությունների դրսևորում թե մի այլ բան: Առաջինը հենց Դանիել Իոաննիսյանի «գյամերը» քաշեք, որ մեզ ձեռ է առնում, թե մենք նախորդ իշխանությունների արածների դեմ չէինք բողոքում, իսկ երբ մի հայ աղջիկ Ադրբեջանի դրոշով լուսանկարվում է, բողոքում ենք: Այդ ապաշնորհ երիտասարդին, որ նույնիսկ նոր ԸՕ-ն չկարողացավ ներկայացնել ԱԺ-ում, խնդրեք` քիթը չխոթել ազգային զգացմունքների տարածք և ընդմիշտ հիշել, որ թուրքերն այդ դրոշի տակ են հարյուրավոր հայերի ականջ կտրել ու պարծեցել այդ «հերոսությամբ»:

Պարոն վարչապետ, Դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում Կարագանդայում: Մենք տեսանք, որ Ղազախստանի իշխանությունները պատրաստ են այդ երկրից հայերին վտարելու համար օգտագործել անգամ կենցաղային հողի վրա ծագած միջադեպը: Ո՞ւր է սփյուռքի նախարարը, որին այս օրերին պետք էր գործուղել Կարագանդա: Անձամբ գնայիք, պարոն Փաշինյան, մանավանդ, որ արդեն մի անգամ հանդիպել եք Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Եթե հավատանք Ձեր խոսքին, Դուք պատրաստվում եք մեզ հետ «թռցնել» նաև սփյուռքը: Թերևս դրա ճիշտ ժամանակն է, ինչո՞ւ ենք շվարած կանգնել:

ՀՀ կառավարության ուշադրությունը քաղաքացիների նկատմամբ ամենից լավ երևում է ներքևներում, այսինքն ավելի ցածր օղակներում, որոնք անմիջական շփում ունեն քաղաքացիների հետ: Այդ օղակներում էլ, կարծես, չեն ժխտում, որ մեր թռիչքը բարձր, շատ բարձր է լինելու, բայց, ավաղ, նրանք էլ են մտածում, որ թռչելու են բացառապես մեր տաղանդի և ստեղծագործական աշխատանքի շնորհիվ: Լավ, դրան էլ ենք համաձայն, բայց մի փոքր էլ պետք է ուշադիր լինեն մեր հանդեպ, չէ՞:

Այս դարում նույնիսկ կինն ամուսնուն անվճար ոչինչ չի տալիս, ինչի՞ մասին է խոսքը: Մեր ուզածը մի թեթև ուշադրություն է: Շնորհակալ ենք գույնզգույն գազարի համար: Մեր փողերով մեզ զարմացրիք, բայց դա չէ ուշադրությունը: Ոչ էլ այն, որ աղբը հավաքեցիք միայն այն ժամանակ, երբ այն հասավ ձեր բնակարաններին: Այդպես չի կարելի: Հայկ Մարությանին 2018թ. նոյեմբերի 23-ին մի նամակ եմ գրել: Բա լավ չէ՞ր Տարոնի ժամանակ: Ճիշտ է մերժում էր, բայց ժամը-ժամին պատասխանում էր, այսինքն ուշադիր էր մեր հանդեպ: Իսկ Հայկ Մարությանը «մեկ պատուհանը» դարձրել է չգիտեմ ինչ: Երբ հարցնում եմ, ասում են` նամակդ ընթացքի մեջ է: Ես արդեն զարմանում եմ` մի՞թե քաղաքապետարանի շենքում դեռ կաբինետ, սեղան ու գզրոց է մնացել, որտեղ իմ խեղճ նամակը չի հասցրել լինել: «Ընթացքի մեջ է»` չէ-չէ մի թռչում է, ճախրում է բարձր, Հայկ Մարությանն էլ չի կարողանում բռնել: Մերժեք, պրծեք, էլ ի՞նչ եք ձգում ծամոնը: Ես էլ վերջնականապես կհասկանամ, որ ես առնվազն Երևանի վարչապետը չեմ, ու այդ հարցում էլ է Փաշինյանն ինձ խաբում:

Շատ կուզենայի այս սիրուն օրերին հետտոնական մի գեղեցիկ, ուրախ, ժպտուն բան գրել, բայց չստացվեց: 2018 թիվն, ի տարբերություն ոմանց, ինձ համար պատմական է բոլորովին այլ առումով: Հայ ընթերցողն արդեն տեղեկացված է, որ 2018-ին Նիկոլ Փաշինյանն ու Վալերիյ Օսիպյանն ինձ 300 հազար դրամ էին պարտք: Նորից չպատմեմ եղելությունը և ասեմ, որ դեռ չեն վերադարձրել, թեև մի քանի անգամ թերթով ու կայքով պահանջել եմ, որ փողերս տան: Իմ սխալը եղել է այն, որ նրանցից պարտավորագիր չեմ վերցրել, բայց, կարծում եմ, որ ՄԻՊ գրասենյակը կարող է այդ փոքրիկ բացը լրացնել, որովհետև հարցն արդեն տեղափոխվում է քրեա-քաղաքական հարթություն, իսկ դա լավ չէ առաջին հերթին Փաշինյանի և Օսիպյանի համար: Դա իմ 3 ամիսների աշխատավարձն է, և ստացվում է, որ ես 3 ամիս, Փաշինյանի ասած, անբանի մեկն եմ եղել ու տուն չեմ պահել:

Վիրավորական է, չէ՞: Պարոնայք Փաշինյան և Օսիպյան, դուք կկարողանայի՞ք ձեր երեխաների աչքերի մեջ նայել, եթե երեք ամիս շարունակ դատարկ ձեռքով գայիք տուն: Հիմա Փաշինյանն ինձ ասում է` 2019 թվականին սավառնելու եմ բարձր-բարձր, շատ բարձր: Շնորհակալ եմ, պարոն Փաշինյան, բայց ես բարձրությունից ֆոբիա ունեմ: Դուք նախ ձեր պարտքը վերադարձրեք, հետո կտեսնենք, թե որքանով եք ունակ նպաստելու հպարտ քաղաքացիների թռիչքին:

Հ.Գ. Ծանոթներիցս մեկը խորհուրդ տվեց այդ պարտքի մասին խոսել Բոլթոնի հետ: Մի պահ ընկա մտածմունքի մեջ: Բա որ Բոլթոնը զայրանա ու մեր իշխանությունների ամորձիներից բռնած ամպերից իջեցնի ներքև: Վերջին հաշվով խոսքը հպարտ քաղաքացու նկատմամբ պետական այրերի ձեռնարկած ռեկետի մասին է, ոչ թե ինչ-որ մանր ժուլիկության: Գործ չունեմ, ինձ պետական հանցագործ կդարձնեն, հայրենիքի դավաճան, թուրք… Չէ, ասում եմ ծանոթիս, կարիք չկա Բոլթոնին զանգելու, տղա են, ի վերջո, կունենան` կտան, հո չփախա՞ն…