Հարգում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Աբխազիայի նախագահ

Հարգում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Աբխազիայի նախագահ

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան դիմել է հայ ժողովրդին՝ նշելով, որ Աբխազիայում, ինչպես ամբողջ աշխարհում, հարգում են 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Նրա ուղերձը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։

«Այսօր մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին: Մեր երկրում, ինչպես ամբողջ աշխարհում, հարգում են 20-րդ դարասկզբի ողբերգության զոհերի հիշատակը: Աբխազիայի դիրքորոշումը եղել է և մնում է հետևողական. մենք միշտ համարել ենք, որ մարդկանց զանգվածային սպանությունների համար չկա և չի կարող լինել ոչ մի արդարացում», - ասված է Բժանիայի ուղերձում։

Նա հիշեցրել է, որ փրկելով իրենց և իրենց երեխաների կյանքը՝ բազմաթիվ հայեր են մեկնել Աբխազիա, և նրանց սերունդներն այսօր իրենց ավանդն են ներդնում Աբխազիայի զարգացման գործում։

«Այս սգո և հիշատակման օրն իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Աբխազիայի հայկական սփյուռքին, ամբողջ հայ ժողովրդին, մաղթում եմ ոգու տոկունություն, խաղաղություն և բարգավաճում», - ասված է ուղերձում։