Նիկոլ Փաշինյանը պետք է առաջին պլան մղի ՀՀ-Ադրբեջան բանակցային նոր օրակարգի ձեւավորման խնդիրները

Նիկոլ Փաշինյանը պետք է առաջին պլան մղի ՀՀ-Ադրբեջան բանակցային նոր օրակարգի ձեւավորման խնդիրները

Մարտի 29-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո սպասվում է Փաշինյան-Ալիեւ առաջին հանդիպումը։ Քանի որ ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ինքը Արցախի հայությանը ներկայացնելու մանդատ չունի, եւ Արցախի Հանրապետությունը պետք է ներգրավված լինի բանակցություններում, քաղաքագիտական-փորձագիտական շրջանակներում փորձում են հասկանալ, թե ինչպես, ինչ քայլերով է հնարավոր Արցախին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ, երբ քսան տարի շարունակ, դեռեւս Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանից,  նա դուրս մղված է եղել բանակցային գործընթացից։ 
1990-95թթ․ ՀՀ Գերագույն խորհրդի, 1995-99 թթ․ ԱԺ պատգամավոր, ՀՀ մաքսային վարչության նախկին պետ Երջանիկ Աբգարյանին ուղղեցինք հետեւյալ հարցերը։ 

-Որքանո՞վ է իրատեսական Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու՝ Հայաստանի իշխանությունների հայտարարությունը:

-Արցախը բանակցային կողմ է ճանաչվել 1994-ի  ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի հռչակագրով: Այսինքն՝ տվյալ  դեպքում մենք գործ ունենք միջազգային կազմակերպության ընդունած փաստաթղթի հետ, որի պահանջները ենթակա են կատարման տվյալ կազմակերպության բոլոր անդամների եւ, առաջին հերթին,  այն անդամ-երկրների համար, որոնց անմիջականորեն վերաբերվում է  հռչակագրի համապատասխան դրույթը:  Հետագայում՝  Ռ. Քոչարյանի իշխանության սկզբում, կոպտորեն խախտելով հռչակագրի պահանջը, Ռ. Քոչարյանը կատարեց  Հ. Ալիեւի խնդրանքը՝ բանակցությունները, որոնք մինչ այդ ընթանում էին եռակողմ ձեւաչափով, շարունակել երկկողմ ձեւաչափով: Ընդգծենք, որ վերոհիշյալ հռչակագրի այդ կոպիտ խախտման նկատմամբ որեւէ արձագանք չեղավ ո՛չ ԵԱՀԿ-ի, եւ ո՛չ էլ Մինսկի խմբի համանախագահողների կողմից, չնայած այն հանգամանքին, որ դեռ 1992թ. ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից ընդունած բանաձեւերում արձանագրվել էր, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունն ընթանում է Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի «տեղական ռազմական կազմավորումների»  միջեւ:

Այսպիսով՝ հարցն այստեղ վերաբերվում է  ոչ թե բանակցային ձեւաչափի փոփոխությանը, այլ   բուդապեշտյան հռչակագրի պահանջի վերականգնմանը: Հայկական  կողմը Վիեննայում պարտավոր է շատ կոշտ դնել այդ հարցը, այլապես ՀՀ վարչապետը չի կարողանալու իրականացնել իր բազմաթիվ հայտարարություններում հնչեցրած միտքը, թե ինքը Ադրբեջանի հետ բանակցություններում Արցախի բնակիչների անունից հանդես գալու համար մանդատ չունի:  

-Կոնկրետ ի՞նչ քայլեր պետք է անեն ներկայիս իշխանությունները:     

-ՀՀ-Ադրբեջան բանակցությունների լիազորությունների այն շրջանակը,  որն իր համար մինչ այս ձեւավորել է վարչապետը, եթե մի կողմ թողենք Արցախի անվտագության երաշխավորողի ՀՀ-ի պարտավորությունները, որոնք գործնականում պահանջում են արցախյան կողմի ներկայությունը բանակցություններում,  ապա Վիեննայի հանդիպման ժամանակ Ն. Փաշինյանը պետք է առաջին պլան մղի ոչ թե բանակցային հարցեր, այլ ՀՀ-Ադրբեջան բանակցային նոր օրակարգի ձեւավորման խնդիրները: Առաջնային հարցն այստեղ Ադրբեջանի կողմից  ՀՀ-ին տարածքային պահանջներ ներկայացնելու եւ մեր երկկրի նկատմամբ նրա ագրեսիվ նկրտումների  հարցերը օրակարգ  ներառելն է: Այդուհետեւ պետք է արծարծվեն Տավուշի մարզից  մինչեւ Վարդենիսի հյուսիսային սահմանը ընկած սահմանային գոտում երկկողմանիորեն զորքի եւ սպառազինությունների կուտակումների դադարեցման եւ Նախիջեւանի սահմանային բարձունքներում  դիրքերի առաջխաղացման անթույլատրելիության հարցերը:

Մյուս կողմից օրակարգային հարց պետք է դարձնել փոխատելության քարոզչության դադարեցման հարցն՝ ի կատարում  Մինսկի խմբի համանախագահողների հորդորի՝  երկու ժողովուրդների միջեւ հաշտեցման ընկալումը քաջալերելու համար:  

Արցախի բանակցություններին մասնակցելու հարցը Վիեննայում քննարկման առարկա չի կարող դառնալ առանց ԼՂՀ-ի իշխանության կողմից լիազորված անձերի ներկայության: