Իրավիճա՞կ է փոխվել
Մինչ փորձագիտական շրջանակները խոսում են վաղը Վիեննայում կայանալիք Փաշինյան-Ալիեւ «առանց օրկարգի» հանդիպման մասին, հայտնի է դարձել, որ միջնորդներն այսօր կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Ակնհայտ է, որ նպատակը Փաշինյան-Ալիեւ բանակցությունների կազմակերպումն է: Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնածարարների վերջին հանդիպումը տեւել էր ավելի քան չորս ժամ, ինչը վերլուծաբաններից թույլ էր տվել ենթադրել, թե, բացառված չէ, կողմերը քննարկում են «ինչ-որ նոր գաղափարներ»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մարտի 9-ի հայտարարությունը, կարծես, ցրեց այդ տպավորությունը, երբ միջնորդները վերստին շարադրեցին կարգավորման երեք սկզբունքները եւ դրանց կից վեց տարրերը եւ պարզ դարձավ, որ կարգավորման հայեցակարգը փոփոխության չի ենթարկվել: Համենայն դեպս՝ ըստ միջնորդների մոտեցումների: Վիեննայում Փաշինյան-Ալիեւ հանդիպման նախօրեին ի՞նչ հարցեր կարող են քննարկվել ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումներում:
Ի՞նչ իրավիճակային փոփոխություն է տեղի ունեցել, որ միջնորդներն շտապել են մի սեղանի շուրջ բերել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին: «Եթե բանակցություններում չի քննարկվում օկուպացված տարածքների վերադարձի հարցը, ապա ի՞նչ իմաստ ունի գնալ հանդիպման»,- ֆեյսբուքի իր էջում գրառում է արել Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը, իսկ վտարանդի հանրային գործիչ Արիֆ Յունուսովը Փաշինյան-Ալիեւ հանդիպումն անվանել է «հետախուզական մարտ»:
Ըստ երեւույթին, ադրբեջանական կողմում անհանգստություն կա, որ միջնորդները կարող են արձագանքել կարգավորման սկզբունքները հստակեցնելու մասին վարչապետ Փաշինյանի առաջարկությանը: Այդ դեպքում հարկ կլինի, մասնավորապես, ճշգրտել, թե ով եւ ինչպես է հասկանում ինքնորոշումը: Փորձագետները համարում են, որ հենց այդ հարցն է բանավեճի առարկա, եւ միջնորդները մինչեւ վերջերս խուսափում էին պարզություն մտցնելուց: Հայաստանը ներկա փուլում առաջադրել է սկզբունքների տարընթերցումը բացառելու խնդիր: Հավանական է, որ միջնորդները Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին հանդիպում են, որպեսզի ճշգրտեն Փաշինյան-Ալիեւ բանակցությունների գոնե ընդհանուր օրկարգը:
Տպավորություն է, որ հայրենական փորձագիտական շրջանակների գնահատականը, թե դա կլինի ազատ ռեժիմի ճանաչողական հանդիպում, չի հաստատվում: Միջնորդները փորձ են անում բովանդակային տարրեր մտցնել Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների սպասվող երկխոսության համատեքստ: Ռուս վերլուծաբան Տարասավը նույնիսկ ենթադրում է, թե գոյություն ունի Փաշինյան-Ալիեւի պայմանավորվածություն՝ զարգացնելու բանակցությունների դինամիկան, եւ կողմերի հրապարակային հայտարարությունները միայն տուրք են հավուրպատշաճությանը: Անշուշտ, կանխատեսումներ անելն անշնորհակալ զբաղմունք է: Մյուս կողմից էլ, սակայն, չպետք է անուշադրության մատնել ոչինչ: Այս իմաստով միջնորդների հանդիպումները Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ, անկասկած, նշանակալի են:
Կարծիքներ