«Հրապարակ»․ Եվրոպական դրախտ` ռուսական դժոխքի փոխարեն

«Հրապարակ»․ Եվրոպական դրախտ` ռուսական դժոխքի փոխարեն

Բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ հայ հանրության մոտ Հայաստանի «փրկության» սպասումներ գեներացրած հայաստանյան իշխանությունները երեկ խորհրդարանում լսումներ էին կազմակերպել՝ ռազմաճակատ դուրս բերելով «մատյան գնդին»՝ իրենց աջակից արեւմտամետ, սորոսական ՀԿ սեկտորի ներկայացուցիչներին։ Արեւմուտք-Ռուսաստան վճռորոշ փուլ մտած պատերազմում ՀՀ իշխանությունները ռուսատյաց այդ ակտիվիստների միջոցով թերեւս ակնկալում էին հանրությանը ներշնչել, որ Հայաստանի բոլոր դժբախտությունների անունը Ռուսաստան է, որ նրա թողտվությամբ ու աջակցությամբ են եղել 2020 թվականի պատերազմը, հաջորդած ադրբեջանական հարձակումները, Արցախի կորուստը, հիմա էլ հերթը Տավուշի բնակավայրերինն է, եւ Հայաստանը որքան շուտ գնա դեպի Եվրոպա եւ դուրս գա Ռուսաստանի դաշինքից, այնքան շուտ կգա հային փրկություն, իսկ Հայաստանը կդառնա ծաղկուն դրախտավայր։ Նաեւ ուզում էին ցուցադրել, որ հայ հասարակությունն է իշխանություններից պահանջում փոխել արտաքին քաղաքական վեկտորը, այլ ոչ թե հակառակը: Այլ կերպ ասած՝ փորձում են կոլեկտիվ պատասխանատվության կամ անպատասխանատվության դաշտ ձեւավորել։
Եվ պետության օրենսդիր մարմնի դահլիճում երեկ մի քանի ժամանոց տրագիկոմեդիա էր ընթանում, որի ժամանակ որոշ գործիչներ ոգեւորված խոսում էին Եվրամիությանն անդամագրվելու հեռանկարից, ուլտիմատում ու սպառնալիքներ հնչեցնում ՀՀ իշխանությունների հասցեին՝ հորդորելով մինչեւ ԵՄ-ին անդամակցելը խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել եւ ռուսական ընդդիմությանը փոխարինել իրենցով։ 

Լսումների թեման էր. «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները», նախաձեռնող-վարողն էլ ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Արման Եղոյանն էր, ով տալով լսումների մեկնարկը, իր ներածական խոսքում նշեց, որ 2020թ. հետո ԵՄ-ն նկատելիորեն ակտիվացել է Հարավային Կովկասի տարածաշրջանում եւ 2021թ. ԵՄ-ն Հայաստանին առաջարկել է նոր տնտեսական եւ ներդրումային ծրագիր՝ 2,6 մլրդ եվրո աջակցության փաթեթով։ «Դա աջակցություն է դրամաշնորհների եւ վարկերի ձեւով։ Ներկա պահին մեզ արդեն տրամադրվել է 550 մլն եվրո։ Այդ միջոցների մեծ մասը կազմել են արտոնյալ վարկերը՝ ուղղված փոքր եւ միջին բիզնեսի աջակցմանը»։

Եղոյանը հավելեց նաեւ, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ քաղաքական համագործակցության հարցում, ու հույս հայտնեց, որ «ԵՄ-ՀՀ քաղաքական փաստաթղթի մշակումը կամբողջանա մայիս-հունիս ամիսներին»։ Նկատենք, որ նա, ըստ էության, չհայտարարեց, որ Հայաստանը ԵՄ անդամակցության թեկնածու դառնալու ճանապարհին է կամ հայտ է պատրաստում։ Մինչդեռ ողջ քննարկման ընթացքում ներկաներն այդ կապակցությամբ կոչեր ու պահանջներ էին հնչեցնում։
Արման Եղոյանից հետո ելույթ ունեցավ Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ում ելույթը բացահայտ ծաղր էր: Նա հայտարարեց, թե ԵՄ-ն մտադիր է աջակցել ՀՀ զինված ուժերին՝ ոչ մահաբեր զենքերի հարցում։ «Էական աջակցության մասին է խոսքը, որպեսզի կարողանանք ուժեղացնել կարողությունները․ սա վերաբերում է եվրոպական խաղաղության մեխանիզմի շրջանակներին»,- ասաց նա: «Ոչ մահաբեր» զենք ասելով, Արեւմուտքը հասկանում է պաշտպանողական զենքը, թեեւ դրա մեջ կարող են մտնել նաեւ պարսատիկներն ու ջրով հրացանները։ Ասաց նաեւ՝ ԵՄ-ն շարունակում է հանձնառու մնալ տարածաշրջանում իրավիճակի կայունացման եւ կարգավորման հարցին՝ վկայակոչելով ԵՄ անզեն դիտորդների առաքելությունը։

Այնուհետեւ սկսվեց Ռուսաստանի ոսկորները փշրելու գործընթացը, գրեթե բոլորն իրենց ելույթներում Հայաստանի բոլոր դժբախտությունները՝ դարերից եկած, բարդեցին Ռուսաստանի ուսերին, Արման Բաբաջանյանը պատմական էքսկուրս կատարեց՝ գալով 1915 թվականից 1937 թվական եւ հասնելով մեր օրերը, երբ «Ռուսաստանի կազմում շարունակվել է հայ ժողովրդի ցեղասպանությունը»: Ապա հորդորեց իշխանություններին` հաղթահարել վախերն ու հաստատուն քայլերով շարժվել դեպի Եվրոպա։
Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անունից խոսեց Անահիտ Ադամյանը․ «Ի՞նչ փաթեթով է ՀՀ վարչապետը գնալու Բրյուսել, նա պետք է ԵՄ անդամության թեկնածության հայտ ներկայացնի, ցանկալի է եւս մեկ հանդիպում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ՝ խորացված համաձայնագիր պատրաստելու համար, վարչապետը տարածաշրջանային զարգացման ծրագրի փաթեթ պետք է ունենա»։ Նրա համոզմամբ, այդ հանդիպումից է կախված՝ կպարտադրե՞նք Ադրբեջանին խաղաղություն, թե՞ ոչ։

Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանի ելույթն էլ դեժավյու առաջացրեց․ «Արցախը Հայաստան է, եւ վերջ» արտահայտության հանգով նա ԱԺ ամբիոնից գոչեց․ «Հայաստանը Եվրոպա է, եւ վերջ»։ Նա իր ելույթը սկսեց՝ ուրախությամբ ողջունելով «Հայաստանի վեկտորի փոփոխությունը, որին առարկել այլեւս հնարավոր չէ»․ «Մենք երջանիկ ենք, որ մեր ծրագիրը դառնում է պետական քաղաքականություն, մենք պետք է գիտակցենք նաեւ ոչ միայն մեր հասարակության համար, այլեւ աշխարհի եւ տարածաշրջանի համար գործընթացների կարեւորությունը։ Այն, ինչ անվանում էին Հարավային Կովկաս, մեր աչքի առաջ դառնում է հարավ-արեւելյան Եվրոպա, եւ Հայաստանն արեւելյան սահմանն է՝ քաղաքական, քաղաքակրթական, տնտեսական եւ այլն»։ Բայց մի խելացի պահանջ առաջ քաշեց` Փաշինյանից պահանջեց անցկացնել համազգային հանրաքվե, որպեսզի Հայաստանի եվրաինտեգրումը չլինի մեկ-երկու մարդու որոշում, այլ դառնա համազգային որոշում, եւ դրա պատասխանատվությունը կրի ողջ ազգը: Պահանջեց նաեւ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել․ «Որովհետեւ մտնել Եվրոպա այս խորհրդարանով, մեր գնահատմամբ՝ անթույլատրելի է ու անհեթեթ»։ Նկատի ուներ ռուսամետ ընդդիմությանը, որին առաջարկում են փոխարինել իրենցով: 

ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանն էլ ասաց. «Մենք օր առաջ պետք է ազատվենք գաղութատիրական կապանքներից, ազդեցությունից, որն ունի Ռուսաստանը Հայաստանի վրա, եւ վերագտնենք նաեւ մեր ինքնիշխանությունը, որը մինչ օրս խոցելի վիճակում է»: Ապա կոչ արեց ՀՀ իշխանություններին՝ հետամուտ լինել հասարակական պահանջին` ՀՀ-ն պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից։ Կոչ արեց նաեւ չեղարկել 102-րդ ռազմաբազայի պայմանագիրը։
Նկատենք, որ Արամ Սարգսյանի կուսակցությունը մեծ կազմով էր մասնակցում լսումներին: Խոսեց նաեւ Երեւանի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը եւ անդրադարձավ խորհրդարանի ընդդիմությանը` մի անհասկանալի ձեւակերպում տալով։ «Այսօրվա օրենսդիր մարմինը չի արտահայտում այդ պատկերը` չկա ընդդիմություն: Օրենսդիր մարմնում կա քաղաքական մեծամասնություն եւ փոքրամասնություն, երկուսն էլ, բոլորն էլ իշխանություն են»,- ասաց նա։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն էլ մեղադրանքներ հնչեցրեց, թե Բաքուն ու Մոսկվան, ձեռք-ձեռքի տված, աշխատում են մեր դեմ։ «ԵՄ դիտորդներն ուղղակի թույլ չեն տալիս սպանել մեր երեխաներին, շնորհակալություն Տոյվո Կլաարին եւ հատկապես Բլինքենին, ով զանգեց Ալիեւին։ Բոլորս հասկանում էինք՝ ինչ պիտի լիներ, բայց չկա, որովհետեւ ինքը զանգեց, մարդավարի զգուշացրեց»,- նախօրեին կայացած Բլինքեն-Ալիեւ հեռախոսազրույցը վերծանեց նա եւ կոչ արեց Փաշինյանին՝ Բրյուսելում կամ մինչ գնալը հայտարարել, որ մենք սկսեցինք դուրս գալ ՀԱՊԿ-ից, որ բրյուսելյան հանդիպումն ավելի արդյունավետ անցնի:

Դանիել Իոաննիսյանն էլ գաղափարակիցներին հիշեցրեց․ «Եվրոպան մեր գլխին ոսկի ու մեղր չի թափելու, եվրոպական բանակներն էլ մեր սահմանները չեն տալու, բայց մեզ օգնելու են, որ զարգանանք»: Ապա նկարագրեց հնարավոր սցենարը․ Ռուսաստանը կարող է մեզ պատժել` իրենից պոկվելու համար, բայց բոլոր արհավիրքները, Իոաննիսյանի խոսքով, արդեն մեր գլխին բերել է՝ Արցախը չկա, Ադրբեջանի հարձակվելու փորձերն արդեն մեկուկես տարի տեսնում ենք։ «Էլ ի՞նչ պետք է անի»: «Ռուսաստանն այլեւս չունի նախկին ուժը, Ռուսաստանն այլեւս ջարդած ատամներով է, ատամներ, որ ջարդել է Ուկրաինան, այո, կարող է գազը թանկացնել, սննդամթերքը թանկացնել, ու պետք է աշխատել այս հարցերով, տնտեսության դիվերսիֆիկացիան լուրջ խնդիր է»,- հայտարարեց նա։

Մնում է հուսալ, որ Ռուսաստանը չի տրվի մի խումբ բախտախնդիրների եւ արկածախնդիրների սադրանքներին եւ չի ցուցադրի իր ողջ ուժն ու «ատամները», որոնք, ի ցավ եվրոպամետների, դեռ ամբողջությամբ չեն ջարդվել: