Հայաստանում Արցախի սցենարը չի փոխվելու 

Հայաստանում Արցախի սցենարը չի փոխվելու 

Արցախը Հայաստանի համար զսպաշապիկ էր։ Արցախը Հայաստանի դուռն էր ու մտածել, որ Արցախը տալուց հետո թշնամին կանգ է առնելու, նույնն է, ինչ դուռը լոմով  կոտրելուց ու մի կողմ շպրտելուց  հետո գողը երկմտի՝ մտնե՞մ, թե՞ չմտնեմ։  Անհնարին է պատկերացնել, որ Նիկոլ Փաշինյանը  չի իմացել, որ Արցախը հանձնելը թշնամու առաջ դուռ բացել է նշանակում, որ   Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ճանաչելուց հետո  Արցախը չեն հայաթափի։  Դրանք ամենատարրական քայլերն են, որ պիտի կատարվեր, ու դա գիտեր Նիկոլ Փաշինյանը։ Գիտեմ, որ հետևելու է տրամաբանական  հարցը՝ իսկ ինչու՞ է արել։ Դրան պատասխան պետք չի, տրված է պատասխանը։

Ինչու՞ են հանձնում բանալին, ինչու՞ են կոտրում ու բացում դուռը։ Դռան բանալին հանձնելուց հետո  Փաշինյանը խաղաղության օրակարգ է հռչակում։ Խաղաղության օրակարգը ավելի համոզիչ դարձնելու համար մի հետաքրքիր քայլ է անում։ Այն գյուղերը, որ պիտի հանձնվեն Ադրբեջանին, նորին մեծության ուշադրությանն են արժանացել։ Ասում է՝ երեսուն տարի չեն հիշել այդ գյուղերի մասին, ասֆալտ չկա․․․ Արագի մեջ այդ գյուղերում ասֆալտ են փռում, մանկապարտեզ  նորոգում, եռուզեռային մթնոլորտ  ստեղծում, որ գյուղացին մտածի՝ սուտ են ասում, որ մեր գյուղերը հանձնվելու են, տեսեք Փաշինյանն ինչ գործ է անում։ Որ գյուղում շատ գործ են անում, հենց այդ գյուղից վախեցեք, որ գյուղի գումար են տրամադրում, այդ գյուղում առավել զգույշ պետք է լինել։ Հայաստանում Արցախի սցենարը չեն փոխելու։ Փաշինյանը հայտարարեց, որ  Արցախը Ադրբեջանինն է, Ադրբեջանը վերջնական արդյունքով մտավ Արցախ, ասաց՝ իմն է Արցախը։   

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անցած շաբաթ նախազգուշացրել է օրենսդիրներին, որ իր գրասենյակը դիտարկում է այն հավանականությունը, որ Ադրբեջանը շուտով կարող է ներխուժել Հայաստան։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ կոչ էր արել Հայաստանին «միջանցք» բացել իր հարավային սահմանի երկայնքով։ Ալիևը սպառնացել է հարցը լուծել «ուժային ճանապարհով»։ Բլինքենը նկատի է ունեցել ներխուժումը հարավային ուղղությամբ, որովհետև հարավային ուղղությունը նրանց խոցելի հատվածն է։  Ադրբեջանը շարունակելու է գործել Արցախի սցենարով։ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կմ տարածի մեջ մտնում են նաև անկլավները։ Արցախի սցենարով Ադրբեջանն առաջին հերթին «իրենով կանի» անկլավները, վկայակոչելով Փաշինյանին։ Հետո հանգիստ, առանց վտանգի տակ դնելու Փաշինյանի իշխանությունն ու աթոռը,   կգնա հաջորդ փուլին։ Հաջորդ փուլը վերջինն է լինելու և Փաշինյանն այլևս իրենց պետք չի լինելու։  Նրա անվտանգային խնդիրները վերջին պլան են մղվելու, անտեսվելու են։