«Հրապարակ». Դա ուղղակի աբսուրդ է, ես բառեր չեմ գտնում արտահայտվելու համար

«Հրապարակ». Դա ուղղակի աբսուրդ է, ես բառեր չեմ գտնում արտահայտվելու համար

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ հունիսի 12-ին Բաղրամյան եւ Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «խուլիգանություն կատարելու» համար 12 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. 8-ը կալանավորվել է։ Մեկ այլ հաղորդագրությամբ․ հավաքներին «անձանց նյութապես շահագրգռելու վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել 10 անձի, որոնցից 3-ը կալանավորվել է»: Ահա այսպես, նախաքննություն իրականացնող, հանցագործություններ կանխող ու բացահայտող իրավապահներն ամբողջությամբ զբաղված են շարժումը ճնշելով, մարդկանց նկատմամբ քրեական վարույթներ հարուցելով, կալանավորելով: Նաեւ դա է պատճառը, որ մյուս բոլոր հանցագործները մղվել են հետին պլան:

Իսկ ի՞նչ են արել «խուլիգանության» մեջ մեղադրվող քաղաքացիները, որոնք փորձել են իրենց քաղաքական իրավունքներն իրացնել` հանրահավաք անել, բողոքի ակցիա, հրաժարական պահանջել: Ակցիայի մի խումբ մասնակիցներ փորձել են ընդամենը ճեղքել ոստիկանների կազմած պատնեշը, գազազած ոստիկանների ուղղությամբ պլաստիկե դատարկ շշեր, տարբեր առարկաներ նետել: Իսկ աշխարհի ո՞ր երկրում ցուցարարներն իրեր չեն նետում, չեն փորձում պաշտպանվել: Փարիզում մեքենաներ էին հրկիզում, Մակրոնին էին ապտակում: Իսկ ցուցարարներին առանձնակի դաժանությամբ խոշտանգող, արգելված լուսաձայնային նռնակներ նետող ոստիկանները, բնականաբար, չեն պատժվի: Նրանք 100-ից ավելի մարդու մարմնական վնասվածք են պատճառել, որոնց մի մասը դեռ ստացիոնար բուժում է ստանում: Սա Քննչական կոմիտեի համար մտահոգիչ չէ, բայց այն, որ մարդիկ դատարկ` պլաստմասսե շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ, իրավապահ համակարգը մեծ հանցանք է համարել եւ կալանավորել քաղաքացիներին, որոնց շարքում կան նաեւ իրենց հայրենիքից զրկված, անտուն դարձած արցախցիներ, մարդիկ, ովքեր ամեն ինչ կորցրել են Նիկոլ Փաշինյանի պատճառով եւ դարձել փախստական: 

Փաստաբան Ռոման Երիցյանը, ով դատարանում ներկայացնում է արցախցի Երվանդ Աղաբալյանի շահերը, «Հրապարակի» հետ զրույցում պատմեց, որ տղամարդն արցախյան երեք պատերազմների մասնակից է, ունի երկու երեխա` մեկ եւ չորս տարեկան, կորցրել է տուն-տեղ, ամեն ինչ, սակայն մեկ ամսով կալանավորվել է, որովհետեւ դատարանը պլաստմասսե շիշ նետելը համարել է խուլիգանություն։ «Տասնյակ մարդիկ կան կալանավորված` քաղաքական հետապնդումների պատճառով: Ցույցերին են մասնակցել, դա է իրենց միակ «մեղքը»: Դատարանն առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում կալանք չի տալիս, սակայն նման դեպքերում, երբ չկա հանցանք կամ կա փոքր հանցանք, խափանման միջոց է կիրառում կալանքը: Դատարկ շիշ նետելը նրանց համար ծանր հանցանք է, հավանաբար: Այն ժամանակ, երբ ցուցարարներից մեկի ձեռքը պոկվել ընկել է` նռնակի պայթյունի հետեւանքով: Իսկ պաշտպանյալս այդ պահին զայրացել է ուղղակի` դատարկ շիշ է եղել գետնին ընկած, նորից շեշտենք` պլաստմասսե, շիշը պարզապես նետել է, ցույց տալով իր զայրույթը: Դրանից անցել երկու-երեք օր, ոստիկանությունը նրան ձերբակալում է: Նման տեսարաններին ականատես լինող մարդը կարող է հայտնվել ծանր հուզական վիճակում, սակայն դա չի կարելի համարել հանցագործություն, այն էլ՝ ծանր: Առհասարակ, Քննչական կոմիտեի գործողությունները, ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու հանգամանքն ուղղակի աբսուրդ է, ես ուղղակի բառեր չեմ գտնում՝ արտահայտվելու համար: Նպատակը մարդկանց վախեցնելն է: Որպեսզի մարդիկ վախենան, հավաքներին չմասնակցեն: 13 ոստիկան հարձակվում են, մի արցախցու ծեծում, նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում, ոչինչ չեն անում, արցունքաբեր գազ են կիրառում` քաղաքացին կուրանում է, էլի ոչ մի բան, մարդը ձեռքը կորցնում է՝ կրկին ոչ մի բան, Աբրահամ Գասպարյանին առանձնակի դաժանությամբ ծեծում են՝ ոչ մի բան, այլ ցուցարարի ողերն են կոտրել՝ կրկին ոչ մի բան, բայց դատարկ պլաստմասսե շիշ նետելու համար, երբ այն անգամ ոչ մի ոստիկանի չի կպնում, կալանավորում են: 15 ոստիկան այս գործով տուժող է ճանաչվել: Մարդն ամեն ինչ կորցրել է, Հայաստան է եկել, ունի երկու երեխա»,- ասաց փաստաբանը: