«Հրապարակ». Քաղաքական գործարք.Արթուր Ալեքսանյանը՝ Գյումրու քաղաքապե՞տ

«Հրապարակ». Քաղաքական գործարք.Արթուր Ալեքսանյանը՝ Գյումրու քաղաքապե՞տ

Իշխանական աղբյուրների փոխանցմամբ, օրերս որոշում է կայացվել, որ Գյումրու քաղաքապետի թեկնածու 2021-ին առաջադրեն գյումրեցի ըմբշամարտիկ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին («Սպիտակ արջ»)։ Մեզ ասացին, որ մի քանի օր առաջ նրան հյուրընկալել են կառավարությունում եւ հայտնել այդ մտադրության մասին։

Նաեւ խոստացել են առաջիկայում ըմբշամարտիկի անունով մարզադպրոց բացել։ Համաձայնե՞լ է արդյոք մարզիկը առաջարկին, հայտնի չէ, երեկ նրա հետ կապ հաստատել էլ չհաջողվեց։ Բայց այս առաջարկը քաղաքական գործարք է հիշեցնում։ Գաղտնիք չէ, որ շատ մարզիկներ, այդ թվում՝ Արթուր Ալեքսանյանը, եղել են ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ուշադրության ներքո, այժմ փորձում են նրանց պոկել Ծառուկյանից։ Նկատենք, որ Ալեքսանյանի հայրը լրատվամիջոցներին ասել էր, որ ՀԱՕԿ-ից զանգել կանչել են, որ ի պաշտպանություն Ծառուկյանի ակցիաներին մասնակցի, բայց որդին չի գնացել։
Հ․Գ․-Լուրն արդեն տպագրվել էր, մեզ հետ կապ հաստատեց Արթուր Ալեքսանյանի հայրը՝ Գեւորգ Ալեքսանյանը եւ հայտնեց, որ ինքը լրատվամիջոցներին նման բան չի հայտնել, ճիշտ հակառակը՝ հարցին, թե իրական են տեղեկությունները, որ ՀԱՕԿ-ից զանգել եւ որդուն կանչել են աջակցության ակցիային մասնակցել, ինքը պատասխանել է, որ սխալ տեղեկություն է։ Իսկ որդու վերաբերյալ տեղեկությունների մասին էլ ասաց, թե ինքն արդեն հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը,չկա նման բան։ Փորձեցինք հասկանալ՝ ինչը չի համապատասխանում իրականությանը՝ առաջարկ չի եղե՞լ,թե մարզիկը չի համաձայնել , պատասխանեց՝ թե մեկը, թե մյուսը,«Թողեք որդիս սպորտով զբաղվի»,-ասաց նա։ Մեր հարցապնդումներին, թե բացառո՞ւմ եք, որ առաջիկայում նման բան լինի, այսինքն՝ դա հնարավոր չէ՞, հայրը բարկացավ ՝ ասելով,որ պրովոկացիոն հարցեր չտանք,  ոչ ոք ոչ մի բան չի կարող բացառել։