Էրդողանը թուրքերին տրամադրում է Իսրայելի դեմ 

Էրդողանը թուրքերին տրամադրում է Իսրայելի դեմ 

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն հետեւողականորեն թուրքերին տրամադրում է Իսրայելի դեմ՝ ՀԱՄԱՍ-ին անվանելով «ազատագրողների խումբ», գրում է գերմանական Bild  պարբերականը։ Իսրայելն արդեն երեք շաբաթ պայքարում է ՀԱՄԱՍ-ի զինյալների դեմ, որոնք ներխուժել են իսրայելական պետության տարածք եւ սպանել ավելի քան 1400 մարդու, նշված է հրապարակման մեջ։

Միաժամանակ, սակայն, Թուրքիայի նախագահը պաշտպանում է արմատական իսլամիստներին, հայտարարելով, որ ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական խմբավորում չէ, այլ մոջահեդների՝ Սրբազան Ջիհադի մասնակիցների եւ ազատագրողների խմբավորում, որը պայքարում է հանուն սեփական երկրի եւ սեփական ժողովրդի։ Իր քաղաքական հենարանը հանդիսացող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունում ունեցած ելույթում արտահայտած այս մտքերն աննկատ չեն մնացել ոչ միայն Թուրքիայում, այլ նաեւ Գերմանիայում, որտեղ թուրքական ծագմամբ մեծ թվով գերմանացիներ են ապրում։

Նրանցից շատերը քննադատաբար են արձագանքել Էրդողանի այդ հայտարարությանը, համարելով, որ Թուրքիայի նախագահը միտումնավոր կերպով մանիպուլացնում է Մերձավոր-Արեւելյան ներկայիս սրացումը։