«Հրապարակ». Պետք է դիմել ՄԱԿ-ին, որ ապահովի միջանցք, որ հայերը դուրս գան, ու նրանց չնվաստացնեն դուրս գալիս

«Հրապարակ». Պետք է դիմել ՄԱԿ-ին, որ ապահովի միջանցք, որ հայերը դուրս գան, ու նրանց չնվաստացնեն դուրս գալիս

Սեպտեմբերի 27-ին Լաչինի միջանցքից ադրբեջանցիներն ապօրինաբար ձերբակալեցին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, երեկ արդեն Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը մեղադրանք առաջադրեց նրան՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի՝ ահաբեկչության ֆինանսավորման, զինված խմբավորումների կամ խմբավորումների ստեղծմանը եւ գործունեությանը մասնակցելու եւ պետական սահմանն ապօրինի հատելու հոդվածներով: Երեկ նաեւ Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը հայտարարեց, որ գնում է Շուշի, քանի որ ադրբեջանական կողմն այդպիսի պահանջ է ներկայացրել։ Մենք տեղեկություններ ունենք, որ Հակարիի կամրջից էլի մարդկանց են գերեվարել։

Հայաստանում մի շարք փաստաբաններ պատրաստակամություն հայտնեցին՝ գնալ Ադրբեջան եւ պաշտպանել Վարդանյանին։ Թեմայի առնչությամբ զրուցել ենք փաստաբան, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի հետ, ով ՄԻԵԴ-ում մարդկանց շահերը ներկայացնելու հարուստ փորձ ունի։ Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ հայ փաստաբանները Բաքվում կարողանան պաշտպանել Վարդանյանին։

«Մեղադրանքները շինծու են, ձեւական բնույթ են կրում, դրանք ընդամենը դեկորացիան են, դիզայնն են՝ նրան անազատության մեջ պահելու, նրան պատանդ պահելու համար։ Մենք 100-ից ավելի գերիներ ենք ունեցել Բաքվում, որոնց շահերը պաշտպանել են, եւ անձամբ ես բազմիցս փորձել եմ գնալ Բաքու կամ Նախիջեւան՝ պաշտպանելու իմ վստահորդների իրավունքները Բաքվում, այդ թվում՝ նաեւ Եվրոպական դատարանի միջոցով՝ որպես Եվրադատարանում նրանց ներկայացուցիչ, սակայն Ադրբեջանը դա չի ապահովել։ Սա եւս մի դրվագ է, էլեմենտ է, որն ապացուցում եւ ցույց է տալիս, որ Բաքվում երաշխավորված, ապահովված ու պաշտպանված չեն մարդու իրավունքները, այդ թվում՝ նաեւ արդար դատաքննության իրավունքը, եւ այդ իրավունքն առանձնահատուկ ձեւով խախտված է ազգությամբ հայերի համար։ Դա նաեւ ռասիզմ ու խտրականություն է, որը հաստատվում է հենց այս փաստով։ Բաքուն թույլ չի տալու, որ Հայաստանից իրավապաշտպաններ կամ փաստաբաններ գնան, պաշտպանեն հիշյալ անձի իրավունքները»,- ասաց Զեյնալյանը։

Նրանից հետաքրքրվեցինք․ իսկ սովորաբար ովքե՞ր են պաշտպանում հայ գերիների շահերը դատարանում, եթե Ադրբեջանը հրաժարվում է հայ փաստաբաններին ընդունելուց։ «Տալիս են հանրային պաշտպաններ, բայց դրանք եւս դեկորատիվ բնույթ են կրում, որեւէ ձեւով չեն ապահովում արդար դատաքննության իրավունքը։ Բացառված է, որ այնտեղ ձերբակալման կամ ազատազրկման համատեքստում քննարկվի նրա՝ ազգությամբ հայ լինելու հատկանիշը։ Չկա Ադրբեջանում որեւէ հայ, որի ինքնությունն ապահովված է, որն ինքնություն է դրսեւորում, եւ երբեւէ դատական գործ չհասնի նրան»,- պատասխանեց Զեյնալյանը։

Հարցրինք՝ հնարավո՞ր է, որ այլ երկրից փաստաբաններ՝ միջազգային փաստաբաններ ներգրավվեն՝ միջազգային հանրության ճնշման ներքո։ «Փորձել ենք նաեւ ազգությամբ ֆրանսիացի եւ Ֆրանսիայի քաղաքացի հանդիսացող անձանց էլ ներգրավել այն պրոցեսներում, որոնց մասին ասացի, անձամբ ես բազմիցս փորձել եմ գնալ Նախիջեւան կամ Բաքու՝ մեր գերիների իրավունքները պաշտպանելու նպատակով, որպեսզի նաեւ նրանք մեզ հետ գան կամ միայն նրանք գնան, բայց մեզ դա չի հաջողվել իրականացնել։ Այստեղ որեւէ մեկը հո չի՞ կասկածում, որ շանս կա, որ միջազգային փաստաբանը գնա, ու որոշվի, որ Վարդանյանն ապօրինի է ձերբակալվել, եւ որ նա ձերբակալվել է հայ կամ ՀՀ քաղաքացի լինելու հատկանիշներով պայմանավորված, որեւէ մեկի մտքով դա անցնո՞ւմ է, որ դա Ադրբեջանում հնարավոր է։ Կարելի է մեկ անգամ եւս արձանագրել, որ մարդն իր ընտրած պաշտպանի միջոցով Ադրբեջանում պաշտպանվելու շանս չունի։ Դա եւս մեկ անգամ արձանագրելու համար, թե մարդիկ ինչու են Ադրբեջանից փախչում, ինչու չեն մնում Ադրբեջանում ապրելու, որովհետեւ Ադրբեջանում կյանք չկա, Ադրբեջանում ազգությամբ հայի համար կյանք չկա»,- պատասխանեց Զեյնալյանը։

Հնարավո՞ր են միջազգային մեխանիզմներ՝ այս պահին Արցախում գտնվող հայերի՝ դեպի Հայաստան անվտանգ գալն ապահովելու համար, քանի որ Վարդանյանը հենց Հակարիի կամրջի վրա է ձերբակալվել, երբ փորձել է գալ Հայաստան, եւ այս պահին Արցախում են այնտեղի իշխանությունները, բազմաթիվ հրամանատարներ, որոնք Ադրբեջանի սեւ ցուցակում են, եւ նրանք էլ են ձերբակալման պոտենցիալ վտանգի ներքո։

«Մենք այդ մեխանիզմները փոխանցել ենք Արցախի իշխանություններին․ ուղղակի հարկավոր էր հակադրվել ռուս խաղաղապահների կամ Կրեմլի շահերին եւ ՄԱԿ-ին դիմել, ասել՝ մենք չենք կարող այստեղ ապրել, հայերի համար Ադրբեջանում կյանք չկա, դիմել ՄԱԿ-ին եւ խնդրել, որ ապահովեն միջանցք՝ այնտեղից դուրս գալու համար, այլ ոչ թե այս նվաստացուցիչ պայմաններով գալ, ադրբեջանական անցակետով անցնել, իջնել, ոտքով կամուրջն անցնել, նստել մեքենան, գալ։ Սա պետք էր անել այն ժամանակ եւ բարձր դասել ազգային հազարամյա իրավունքները, պարտականություններն ու շահերը եւ դիմել ՄԱԿ-ին՝ գոնե այն ժամանակ։ Ամեն ինչ տրվել էր Կրեմլին, բայց երբ մինչեւ վերջ խաբեցին, գոնե այդ ժամանակ էր հարկավոր դիմել ՄԱԿ-ին։ Չեղավ ոչ մի բան, խաղաղապահները չապահովեցին մեր իրավունքները, խաղաղություն չապահովեցին, եւ մենք հիմա պետք է լքենք մեր հազարամյա օրրանը։ Ապահովեք միջանցք, որ մենք դուրս գանք, ու մեզ չնվաստացնեն դուրս գալիս»,- պատասխանեց Զեյնալյանը։