«Ձեզ թվում է, որ իմ մրցակիցները ինձ պիտի գովեի՞ն»․ կձևավորի՞ Հակոբ Շահգալդյանը կոալիցիա իր մրցակիցների հետ (տեսանյութ)

«Ձեզ թվում է, որ իմ մրցակիցները ինձ պիտի գովեի՞ն»․ կձևավորի՞ Հակոբ Շահգալդյանը կոալիցիա իր մրցակիցների հետ (տեսանյութ)

Չարենցավանում այսօր «Միասնական համայնք» դաշինքի քաղաքապետի թեկնածու և գործող քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը իր համաքաղաքացիների հետ հանդիպումը սկսեց նախ կոչով, որ ընտրապայքարը թշնամանքի չվերածեն և մրցակից թեկնածուների հասցեին որևէ ավելորդ արտահայտություն թույլ չտան։ Նրա խոսքով՝ կարևորը համայնքում միասնականությունն է, դրա համար էլ իրենց դաշինքի անվանումը «Միասնական համայնք» են դրել։ Այնուհետև անցավ իր պաշտոնավարման տարիներին կատարված աշխատանքները ներկայացնելուն՝ հերթով թվարկելով դրանք, ապա խոսեց անելիքների մասին, եթե նորից ընտրվի։ Հիշեցնենք, Չարենցավանում ընտրություններին մասնակցում է «Միասնական համայնք» դաշինքը՝ Հակոբ Շահգալդյանի գլխավորությամբ, ՔՊ-ն, որի ցուցակը գլխավորում է Արթուր Գալստյանը, և «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի առաջին համարի թեկնածուն Անահիտ Խեչոյանն է։ 

Հանդիպման ավարտին Hraparak.am-ը հարցրեց Հակոբ Շահգալդյանին, թե ինչո՞ւ կոչ արեց ընտրապայքարը թշնամանքի չվերածել, ինչ-որ մտավախություննե՞ր ունի այդ հարցում, կամ լարվածությո՞ւն կա թեկնածուների միջև։

«Ես էդպիսի բան չեմ նկատել։ Ինձ հասած ինֆորմացիայով՝ բոլոր երեք թեկնածուներով էլ մենք տանում ենք շատ նորմալ ընտրապայքար։ Չասեմ՝ շնորհակալություն եմ հայտնում, իհարկե, բաներ կան, որ կարող է՝ ես տեղյակ չեմ, բայց, համենայնդեպս, գնահատում եմ բավարար»,-ասաց Հակոբ Շահգալդյանը։

-Դուք կարծում եք՝ մինչև սեպտեմբերի 25-ը խաղաղ մթնոլորտում կանցնի՞ ամեն ինչ։

-Չի կարա խաղաղ մթնոլորտում չանցնի։ Բոլորս էլ պետք է հասկանանք, որ մենք էս քաղաքում ապրելու ենք։ Էդ շաբլոն դարձած նախադասությունը չեմ ուզում ասել, որ 25-ից հետո 26 կա, բայց մենք ապրելու ենք էս քաղաքում, ինչի՞ մասին է խոսքը։

-Պարոն Շահգալդյան, մրցակից թեկնածուները խոսում կամ հիշեցնում են, որ նախկինում ճնշումների են ենթարկվել Ձեր կողմից, Ձեր հայրիկի կողմից, նախորդ իշխանությունների կողմից, հիմա իրենք բացառիկ ազատ կամարտահայտման հնարավորություն ունեն, և հիմա ճնշումներ չկան։ Դուք ի՞նչ կասեք, ո՞ւմ եք ճնշել նախկինում։

-Ես ընդհանրապես որևէ մեկին չեմ ճնշել։ Եթե էսօր ասում են՝ նախկինում տենց բաներ են եղել, իսկ էսօր էդ հնարավորությունն ունեն՝ կամարտահայտության, թող անեն, ինչի՞ մասին է խոսքը։ 

-Իսկ ինչի՞ց ելնելով են այդպիսի բաներ ասում։ Ի դեպ, Ձեր նկատմամբ ճնշումներ կա՞ն այսօրվա իշխանությունների կողմից։

-Ոչ, ես էդքան էլ թույլ մարդ չեմ, որ իմ նկատմամբ ճնշում լինի։

-Որովհետև քաղաքում խոսակցություններ կան, որ ՔՊ-ից որոշակի ճնշումներ, թեկուզ՝ ոչ ուղղակի կերպով, բայց բանեցնում են Ձեր կամ Ձեր թիմակիցների նկատմամբ։

-Ես բամբասանքների չեմ հավատում, ես հավատում եմ ինձ․ կոնկրետ իմ նկատմամբ ճնշումներ չկան։

-Պարոն Շահգալդյան, «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն՝ չգիտեմ, բայց ղեկավարությունից ինձ հետ զրույցում ասել էին, որ բացառում են ՔՊ-ի հետ կոալիցիան։ Դուք ի՞նչ կարող եք ասել հավանական կոալիցիայի մասով։ 

-Ես ընդամենը կարող եմ ասել՝ քաղաքականության մեջ որևէ բան բացառել պետք չի։ Թող գա ժամանակը՝ կհասկանանք․ կարող է «Ապրելու երկիրը» 51 տոկոս է հավաքում։

-Եթե ձայների այնպիսի բաշխում լինի, որ ստիպված լինեք կոալիցիա ձևավորել, Դուք պատրա՞ստ եք ՔՊ-ի կամ «Ապրելու երկրի» հետ կոալիցիա ձևավորել։

-Ես չեմ ուզում գուշակություններով զբաղվենք։ Մեզ 15 օր ժամանակ է մնացել, էդ 15 օրը կհամբերենք, դրանից հետո կհասկանանք։

-Կարծում եք՝ կոալիցիայի կարիք չի լինի, և Դուք առանց կոալիցիայի էլ կհաղթե՞ք։

-Ես էդպիսի բան երբեք չեմ ասել, ես ինքնագովազդով չեմ զբաղվել, գուշակություններով՝ նույնպես։

-Դուք ո՞ւմ եք համարում Ձեզ հիմնական մրցակից երկու թեկնածուներից։

-Բոլորին։

-Պարզապես, ես մամուլում էլ հրապարակում տեսա, որ ասում են՝ ավելի շատ Ձեր և ՔՊ-ի միջև է մրցակությունն ընթանում։

-Ես ցանկացած քաղաքական ուժ, որը ելել է պայքարի, ինձ համարում եմ մրցակից, որովհետև ամեն մարդ էլ, քաղաքական ուժ էլ, եթե առաջադրվել է, ուրեմն շանսեր ունի ընտրվելու։

-ՔՊ-ի թեկնածու Արթուր Գալստյանը բացատրել էր, թե ինչու է 2007 թվականին հրաժարվել ու դուրս եկել Ձեզ հետ պայքարից։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է հրաժարվել, որովհետև ինքը այլ ակնարկներ էր անում։

-Էդ հարցերը կարող եք իրեն ուղղել, բայց ես մի բան կարող եմ ասել, որ դա իրականությանը չի համապատասխանում։

-Դուք նշեցիք, թե այս 15 տարիներին ինչ ծավալի աշխատանքներ եք կատարել Չարենցավանում, բայց Ձեր մրցակիցները կարող է որևէ տեղ ինչ-որ բան տեսնեն, օրինակ՝ ասեն, որ այստեղ աղբ կա կամ որևէ տեղ, օրինակ, էլիտար շենք չի կառուցվել, դրա համար համարեն, որ պետք է իրենք գան կառուցեն։

-Իսկ Ձեզ թվում է, որ իմ մրցակիցները ինձ պիտի գովեի՞ն։ Բնականաբար՝ ոչ, էդպես էլ պետք է լիներ։ Եթե առողջ քննադատություն է, ես ընդունում եմ, կարող է և ինչ-որ տեղ էլ թերացել ենք։

-Ի՞նչ չեք հասցրել անել, որ պետք է անեք առաջիկա հինգ տարիներին, եթե նորից ընտրվեք։

-Ես արդեն ներկայացրեցի, բավականին աշխատանք կա, բայց ինձ թվում է, որ խոստումները պիտի լինեն իրատեսական, որ հետո մենք ժողովրդի առաջ պատասխան տալու բան ունենանք։

-Ձեզ որևէ քաղաքական ուժ աջակցո՞ւմ է։

-Դա քաղաքական ուժերին հարցրեք, բայց որևէ քաղաքական ուժ բարձրաձայն չի ասել, որն ինձ աջակցում է և էդպիսի հայտարարություն չի արել։

Մանրամասն՝ տեսանյութում