Կան շատ լավ դիվանագետներ, որոնք այսօր հայտնվել են լուսանցքում

Կան շատ լավ դիվանագետներ, որոնք այսօր հայտնվել են լուսանցքում

Ապրիլի 9-ին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Թեհրան: Այս մասին հայտնել են Անվտանգության խորհրդի գրասենյակից։ Գրիգորյանը հանդիպում կունենա Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ: «Հրապարակը» զրուցել է իրանագետ Հարութ Արթին Առաքելյանի հետ:

- Գաղտնիք չէ, որ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Հայաստանի ամենաարեւմտամետ գործիչն է, ավելին՝ նա ամերիկյան ազդեցության եւ պրոամերիկյան քաղաքականության վառ կրողներից է, որոշ շրջանակներ նրան սորոսական են համարում: Այժմ նա Իրան է գնում՝ ԱՄՆ-ի հետ լուրջ հակասություններ ունեցող, ԱՄՆ-ի սանկցիաների տակ գտնվող երկիր: Ձեր գնահատմամբ` ի՞նչ այց է սա, եւ սրան ինչպե՞ս կարձագանքեն Իրանի պաշտոնական շրջանակները:

- Դե էլ տակն ո՞վ մնաց: Չեմ կարծում, թե Իրանն այլ երկրի քաղաքական գործիչների հայացքներին մեծ ուշադրություն դարձնի, որովհետեւ, ամեն դեպքում, Իրանում եւս կան այլ քաղաքական հայացքներ ունեցող գործիչներ: Իրանն աշխատում է կոնկրետ պետությունների հետ, եւ այս պարագայում անհատներն այնքան էլ կարեւոր չեն: Նրանք գալիս եւ գնում են:

- Ասում եք՝ ո՞վ, եթե ոչ Արմեն Գրիգորյանը: Կարծում եք՝ Հայաստանում այլ, ավելի չեզոք գործիչներ չկա՞ն, որոնք կկարողանան մեր հարեւան երկիր մեկնել եւ դիվանագիտական կապերը պահել:

- Իհարկե, կան, բայց, ցավոք, մենք նրանց ճիշտ չենք օգտագործում: Տարածաշրջանում այս պահին փոփոխվող իրավիճակ է: Այս իրավիճակում կան անվտանգությանը վերաբերող հարցեր, որոնց մասին պետք է փակ քննարկում տեղի ունենա:

- Իսկ գուցե սա Արեւմուտքից ուղարկվող մեսի՞ջ է Իրանին:

- Մենք վաղուց Իրանին մեր մեսիջները տվել ենք: Չեմ կարծում, թե նման մարդ ուղարկելով՝ Արեւմուտքը ցանկանում է մեսիջ տալ Իրանին:

- Սա հերթական՝ ոչինչ չասող հանդիպո՞ւմն է լինելու, թե՞ կարող է վճռորոշ լինել:

- Ըստ երեւույթին, սա հերթական հանդիպումներից մեկն է լինելու: Այս պարագայում կարեւորվում են Հայաստանի տեղն ու դերը: Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ Սոչիում տեղի ունեցած հանդիպումից հետո անմիջապես մեկնեց Թեհրան, այժմ նույն բանն են ուզում անել, կարծես:

- Արմեն Գրիգորյանի փոխարեն, ըստ Ձեզ, ո՞վ կարող էր Իրան մեկնել: Կա՞ առավել ցանկալի մեկը:

- Անուններ չտամ, բայց ասեմ, որ կան շատ լավ դիվանագետներ, որոնք ունեն դիվանագիտական մեծ փորձ: Նման մարդիկ կան, սակայն այսօր նրանք հայտնվել են լուսանցքում: Մենք մշտապես ինչ-որ մարդկանց ենք ուղարկում բանակցությունների, որոնք չունեն դիվանագիտական փորձ: Եթե անվտանգության մասին է խոսքը, ապա պետք է փորձառու մեկը գնար Իրան: