Գերիների փոխանակումից ընդամենը երեք ժամ առաջ են Վիգենին տեղեկացրել, որ նա չի վերադառնա հայրենիք․ Մանրամասներ

Գերիների փոխանակումից ընդամենը երեք ժամ առաջ են Վիգենին տեղեկացրել, որ նա չի վերադառնա հայրենիք․ Մանրամասներ

Ամուսինս գիտեր, որ Հայաստան վերադարձողների թվում է, սակայն նրան փոխանակումից ընդամենը երեք ժամ առաջ են տեղեկացրել, որ ինքը մնում է Ադրբեջանում։ Այս մասին «Հրապարակին» տեղեկացրեց Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լինդան։

Հիշեցնենք, որ վերջինս, երբ տեղեկացել էր, որ վերջին պահին փոփոխություն է լինելու, առողջական վիճակի կտրուկ վատթարացում էր ունեցել։

«Ես շատ եմ վախենում ու մտահոգվում նրա համար, ուզում եմ նրա մասին տեղեկություն ստանալ, ձայնը լսել։ Մենք ստորագրահավաք ենք սկսել ինտերնետում, հույս ունենք, որ հնարավորինս շատ մարդիկ կմիանան, չգիտեմ, թե դա որքանով կօգնի, չգիտեմ ուր գնալ, ում խնդրել, ո՞վ կարող է մեզ օգնել, այլևս ոչինչ չգիտեմ»,-ասաց Լինդա Էուլջեքջյանը։

Լինդան նշեց, որ Կարմիր Խաչի ներկայացուցիչները հնարավորություն կունենան Վիգենին տեսակցել միայն մյուս շաբաթ, իսկ վերջին անգամ տեսել են գերիների փոխանակումից երկու օր առաջ։
«Կարմիր խաչի» աշխատակիցները փորձել էին պարզել, թե ինչու է վերջին պահին՝ փոխանակումից երեք ժամ առաջ փոփոխություն կատարվել, սակայն այդպես էլ ադրբեջանական կողմը ոչ մի պարզաբանում հարկ չէր համարել տալ։

«Ուզում եմ հասկանալ, թե ով է նման փոփոխության հրահանգ տվել, իմ ամուսինն անմեղ է, նա քաղաքացիական անձ է։ Նա վճարում է իր կյանքի գնով մի բանի համար, որը չի արել, ինչու հենց իմ ամուսնուն որոշեցին փոխարինել, ինչո՞ւ։ Ով է Ադրբեջանում այդ հրահանգը տվել կամ միայն Ադրբեջանի՞ց է եղել այդ հրահանգը, ո՞ւմ է դա ձեռնտու»,-ասում է Լինդան։

Հիշեցնենք, որ Վիգեն Էուլջեքջյանը գերեւարվեր էլ պատերազմի ավարտից անմիջապես հետո՝ Շուշիում, երբ գնացել էր իր անձնական իրերը վերցնելու։

Վիգեն Էուլջեքջյանին ազատելու համար սկսված ստորագրահավաքին կարող եք միանալ այս հղումով