Միգրանտների զանգվածային արտահոսք՝ Մեծ Բրիտանիայից․ հայերի մասին խոսք կա՞

Միգրանտների զանգվածային արտահոսք՝ Մեծ Բրիտանիայից․ հայերի մասին խոսք կա՞

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը օրենք է ընդունել, որը թույլ է տալիս տեղական իշխանություններին անօրինական ներգաղթյալներին արտաքսել Ռուանդա, որտեղ նրանք կսպասեն ապաստան տրամադրելու վերաբերյալ՝ Լոնդոնի որոշմանը։

Վարչապետ Ռիշի Սունակը հայտարարել է, որ արտաքսումները կսկսվեն 10-12 շաբաթից: 

Կառավարությունը կոմերցիոն մասնավոր թռիչքներ է վարձակալել և անձնակազմ տրամադրել փախստականներին Ռուանդա ուղեկցելու համար։ 

«Ոչ մի եթե, ոչ մի բայց: Այս թռիչքները կիրականացվեն դեպի Ռուանդա»,- վստահեցրել է Սունակը:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ The Times-ը՝ վկայակոչելով բրիտանական կառավարության փաստաթղթերը գրել էր, որ Միացյալ Թագավորությունը բանակցություններ է վարում Հայաստանի, Կոտ դ’ Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի հետ՝ անօրինական միգրանտներ ուղարկելու հետ կապված: Ըստ լուրերի, նախատեսվում է օգտագործել այն նույն սխեման, որի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ռուանդայի հետ։

Հայաստանի ԱԳՆ-ի արձագանքը չուշացավ․ «Հայաստանը և Մեծ Բրիտանիան ունեն քաղաքական երկխոսության լայն օրակարգ, սակայն կոնկրետ հրապարակման մեջ (The Times) բարձրացված հարցի վերաբերյալ որևէ առարկայական կամ տեխնիկական բանակցություններ չեն եղել», – պարզաբանեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։