Դատարան դիմելու սահմանափակումներ. միայն էլեկտրոնային եղանակն է գործելու

Դատարան դիմելու սահմանափակումներ. միայն էլեկտրոնային եղանակն է գործելու

Փաստաբաններին վերաբերող օրենսդրության մեջ իշխանությունը փոփոխություններ է նախատեսել: Դրանցից մեկը վերաբերում է հարկմանը` էականորեն ավելացվում է փաստաբանների հարկերի չափը, ինչն անուղղակիորեն նշանակելու է նրանց ծառայությունների թանկացում եւ ազդելու է փաստաբանական ծառայություններից օգտվող քաղաքացիների վրա: Մեկ այլ փոփոխությամբ որոշվել է, որ դատարան դիմելու, դատարանի հետ հաղորդակցության մեկ ձեւ պետք է գործի` էլեկտրոնային տարբերակը: Այդ մասին զրուցել ենք փաստաբան Միքայել Ահարոնյանի հետ:

-Օրենսդրության փոփոխությամբ որոշվել է, որ այսուհետ դատարան ներկայացվող հայցերը պետք է ներկայացվեն միայն էլեկտրոնային տարբերակով։ Այստեղ ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ։

-Այո, յուրաքանչյուր փաստաթղթի մուտքագրումը դատարան՝ այս տարվա փետրվարի 1-ից պետք է լինի էլեկտրոնային։ Անհատների համար դեռևս գործում է թղթային տարբերակը, սակայն որոշ ժամանակ։ Իմ կարծիքով, մի քանի ամիս անց քաղաքացիները ևս չեն կարողանա թղթային տարբերակով մուտք անել հայցադիմումներ, և կգործարկվի միայն էլեկտրոնային տարբերակը: Այստեղ էլ լուրջ խնդիրներ կան, քանի որ մուտքագրված դիմումների հետ վերադարձը բավականին բարձր է, որը պայմանավորվում է հիմնականում տեխնիկական խնդիրներով, օրինակ, փաստաթղթեր են դիմումի հետ կցում, որը հաճախ չի հաստատում, մինչ ամբողջովին էլեկտրոնային տարբերակին անցնելը պետք է վերացվեն այս խնդիրները։ Ժամանակին, երբ քննարկվում էր այս նախագիծը, ես առաջարկում էի՝  էլեկտրոնային դատավարությունը նախ գործարկել վարչական դատավարությունում, որովհետև՝ պատասխանող կողմը հիմնականում պետությունն է, պետական մարմինները, և ավելի հեշտ կարելի էր դիտարկել առկա խնդիրները, հետագայում վերացնել այդ խնդիրները։ Այս նախագծում ոչ միայն խնդիրներ կան քաղաքացիների համար, նաև բազմաթիվ խնդրահրույց դեպքեր կան պետական մարմինների համար, օրինակ, պետտուրքի վճարման համար նախատեսվել է միայն քարտային տարբերակը, ես չգիտեմ` գանձապետարանը ունի՞ պետական մարմինների համար հատուկ բանկային քարտեր, որ իրենք քարտով պետտուրքը վճարեն։ 

-Այս նախագծի դեմ փաստաբանական պալատը բողոք արտահայտե՞լ է։

-Պալատի ներսում ակումբի նիստեր են պարբերաբար եղել և պալատը նույնպես խնդրահարույց է համարում այս օրինագիծը, որի մասով հայտնել է իր դիրքորոշումները՝ պաշտոնական հաղորդագրություն տարածելով: