Բոլոր համայնքներում էլ ավագանիները բացակայում են նիստերից, բայց մանդատից չեն զրկվում

Բոլոր համայնքներում էլ ավագանիները բացակայում են նիստերից, բայց մանդատից չեն զրկվում

Պարզվում է՝ ընդդիմությունն ավելի հանդուրժող է իշխանության նկատմամբ, քան իշխանությունը` ընդդիմության, թեեւ մշտապես հակառակն է լինում։ Մենք գրել էինք, որ փետրվարի 7-ին՝ Երեւանի ավագանու արտահերթ նիստով ՔՊ-ն ավագանու կազմից հեռացրեց ավագանու ընդդիմադիր 3 անդամների՝ պատճառաբանելով, թե չեն մասնակցել նիստերի կեսից ավելիին, այսինքն՝ ՔՊ-ականներն օգտվեցին օրենքում իրենց տրված այդ հնարավորությունից՝ այն ի չարս օգտագործելով, թերեւս սա իրավունքի չարաշահման հերթական դեպքերից է։ ՔՊ-ականներն իրար հերթ չտալով հայտարարում էին, թե այդ որոշման մեջ չկա քաղաքական ենթատեքստ, ընդամենը աշխատանքային պրոցես է, սակայն ուսումնասիրելով տարբեր համայնքներում իշխանական ՔՊ խմբակցության ավագանու անդամների հաճախելիությունները նիստերին՝ հասկանալի է դառնում, որ սա պարզ քաղաքական հաշվեհարդար է` իշխանությունն ընդամենը հեռացնում է ընդդիմախոսներին։ Եվ դա արեց Երեւանի ավագանու ձեւավորումից ընդամենը մի քանի ամիս անց: Մինչդեռ այլ համայնքների ավագանիների թվում շատ են ավագանու անդամները, որոնք բացակայել են նիստերից, եւ հատկապես մեծ թիվ են կազմում ավագանու ՔՊ անդամների բացակայությունները, սակայն այդ համայնքներում ոչ մեկի մտքով չի անցել նրանց զրկել մանդատից։ Ընդ որում, այդ համայնքներում ՔՊ-ն հաճախ ընդդիմություն է՝ համայնքային իշխանությունն այլ ուժի ձեռքում է, սակայն այստեղ էլ չեն փորձել մանդատներից զրկել հակառակորդներին։ Օրինակ, Մասիս խոշորացված համայնքում, որտեղ ՔՊ-ն չունի մեծամասնություն, բացակայությունների առումով ավագանու անդամները չեն զիջում այլ համայնքներին։ ՔՊ-ական Մելիք Նազարյանը, օրինակ, 34 նիստից բացակայել է 30 անգամ։

Մասիսի համայնքապետի տեղակալ, ավագանու անդամ Նորայր Հակոբյանին հարցրինք՝ հաճա՞խ են ՔՊ-ականները բացակայում, երբեւէ մտածե՞լ են բացակայող ՔՊ-ականներին մանդատից զրկելու մասին։ «Ես էլ եմ ավագանու անդամ, ներկայացնում եմ «Դավիթ Համբարձումյան» խմբակցությունը, եւ մեր խմբակցությունում չունենք ավագանու անդամ, որը պարբերաբար, առանց հարգելի պատճառի չներկայանա ավագանու նիստերին։ Մեկ-մեկ լինում են դեպքեր, երբ չեն մասնակցում, հարգելի պատճառով բացակայում են երբեմն, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից եղել են ավագանու անդամներ, որոնք պարբերաբար մի քանի նիստերի չեն մասնակցել։ Օրենքը կոնկրետ պահանջ չունի՝ մանդատից զրկելու, այսինքն՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքն ասում է, որ համայնքի ավագանին կարող է դիտարկել եւ հարցը դնել քննարկման՝ ավագանու տվյալ անդամին մանդատից զրկելու։ Մենք նման խնդիր չունենք, ավագանու այդ անդամների բացակայությունը բնավ չի խանգարում Մասիս համայնքի ծրագրերի իրականացմանը, հետեւաբար, մենք չենք գնում այն ճանապարհով, որ ավագանու անդամին զրկենք իր իրավունքից»,- պատասխանեց Հակոբյանը։

Փոխհամայնքապետին հարցրինք՝ ավագանու անդամներին մանդատից չզրկելը քաղաքակա՞ն սկզբունքի հարց է, եթե ՔՊ խմբակցությունը, օրինակ, որոշի բոյկոտ հայտարարել ու չներկայանալ նիստերին, իրենք ինչպե՞ս կվարվեն՝ կզրկե՞ն մանդատից, թե՞ կհամարեն, որ դա էլ քաղաքական դիրքորոշման արտահայտման ձեւ է։ «Մեզ մոտ մինչ այս պահը քաղաքական բոյկոտ չի եղել, չեմ հիշում դեպք, որ մեր ընդդիմադիր խմբակցությունը որեւիցե հարցի շուրջ կամ որեւիցե ավագանու նիստ բոյկոտի եւ չմասնակցի։ Իրենք՝ խմբակցությունը, մասնակցում են նիստերին, եւ ավագանու անդամի բացակայությունն ավելի շատ իրենց խմբակցության խնդիրն է։ Մենք դիտարկում ենք, որ դա տվյալ խմբակցության խնդիրն է եւ ոչ թե ամբողջ համայնքի ավագանու խնդիրը, եւ իրենց մոտ էլ ում բացակայությունը շատ է, էլի երբեմն մասնակցում են նիստերին»,- ասաց Հակոբյանը։

Մեր զրուցակցին հարցրինք նաեւ, թե ինչ մթնոլորտում են անցնում ավագանու նիստերը, ՔՊ-ականներն իրենց նույնկե՞րպ ենք պահում, ինչպես Երեւանի ավագանու ՔՊ խմբակցության պարագայում է։ Քաղաքական սուր ելույթներ, բանավեճեր լինո՞ւմ են։ «Այսպես ասեմ՝ մեր ավագանու բոլոր նիստերն ուղիղ եթերով հեռարձակվում են, եւ մեծ հաշվով որեւիցե քաղաքական սուր բանավեճեր չկան, հնարավոր է, որ լինեն աշխատանքային կառուցողական խոսակցություններ, եւ մեր կողմից առաջ քաշված որեւէ հարցադրմանն իրենք դեմ կամ ձեռնպահ քվեարկեն, այն էլ՝ ոչ ամբողջ խմբակցությամբ, այլ ավագանու յուրաքանչյուր անդամ իր խղճի կամոք»։