Հասարակությանը պիտի շատ արագ պատրաստել դրան․ Կրպեյան

Հասարակությանը պիտի շատ արագ պատրաստել դրան․ Կրպեյան

«Այս պահին, բացի ազգային իշխանությունից, ունենք ամեն ինչ: Ունենք կամք, ունենք ռեսուրս, պատմություն, ունենք իրավական փաստաթղթային հիմք մեր իրավունքների համար պայքարելու ու այդ իրավունքներն իրացնելու համար, պարզապես այս պահին չունենք մեկ գաղափարի շուրջ համախմբած ազգային դաշտ ու այդ գաղափարը հայկական պետականության գոյությունն է, այդ գաղափարը մեր կենսական պատմական հայրենիքում մեր արժանապատիվ գոյությունն ապահովելու վճռականությունն է։ Որ պահին այդ համախմբումը հաջողեցինք լավ կլինի, սակայն դա հեշտ չէ»։ Այս մասին քիչ առաջ «Հայրենիք, թե՞ «կադաստրի թղթով» ցեղասպանություն» թեմայով հրավիրված հանդիպում-քննարկման ժամանակ իր ելույթում ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։

«Հասարակությանը պետք է հստակ պատրաստել այն շատ կարևոր ճակատամարտին, որը պետք է ապահովի հայկական պետականության հարևատումն ու հավերժական գոյությունը»,- ասաց Կրպեյանը։

Պատգամավորի պնդմամբ՝ իշխանությունները հրաժարվելու են թե հայկական արդար դատից, թե Արցախից, թե առհասարակ հայկական պետականությունից ու ինքնիշխանությունից։ 

«Օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչները հստակ որդեգրել են մի ճանապարհ՝ հայկական պետականության ջախջախում, վերացում։ Իրականում մենք վտանգների մասին դեռ տևական ժամանակ առաջ ենք խոսել  ու ժամանակը ցույց տվեց, որ մեր մատնանշած վտանգները, ռիսկերը իրականություն են դարձել։ Այս հանցախմբի ներկայացուցիչներն իրենց պարագլխի գլխավորությամբ ապիկար չեն, անկարող չեն, անփորձ չեն, որ դրա հետևանքով մենք ունենք այս իրականությունը, այլ 2018 թվականից հենց դավադիր քաղաքականությամբ են եկել իշխանության և հենց այդ դավադիր քաղաքականությունն է, որ ամեն քայլափոխի, ամեն վայրկյան իրագործում են։ Դա մենք տեսնում ենք, ապրում ենք, տեսնում են գրեթե կես տարի շրջափակման մեջ գտնվող մեր սիրելի հայրենակիցները Արցախում, դա տեսնում են սահմանամերձ բնակավայրի բնակիչները, ովքեր անպաշտպան են մնացել թշնամական ուժերի դիմաց, Տեղ համայքնում, Սոթքում, որտեղ մարդիկ պարզապես ապավինում են իրենց անձնական ուժերին, նախաձեռնությանը, տարբեր անհատներից կազմված խմբերի նախաձեռնողականությանը, որ կարողանան իրենց կենսական, տարրական իրավունքներն իրացնեն»,- հավելեց նա։