Քոչարյանի դեմ ցուցմունք տվողի պաշտոնը բարձրացվել է․ պաշտպան

Քոչարյանի դեմ ցուցմունք տվողի պաշտոնը բարձրացվել է․ պաշտպան
Ռոբերտ Քոչարյան

Կա ցուցմունք, որի մեջ կա որոշակի հատված, որը նաև հակասության մեջ է այլ ապացույցների հետ, որը, մեր գնահատմամբ, իրականությանը չի համապատասխանում, և այդ մարդը տվյալ ցուցմունքից հետո պաշտոնի բարձրացում է ստացել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ չհրապարակելով այդ անձի անունը՝ ելնելով նախաքննական գաղտնիքից։

Ալումյանի խոսքով՝ Քոչարյանի գործով ներկայացված ցուցմունքների բովանդակության մեծ մասի հետ իրենք համաձայն են․ «Եթե սրանք են էն առավելագույն ցուցմունքները, որոնք ապագայում դատարանում պետք է օգտագործվեն պարոն Քոչարյանի դեմ, ապա մենք կուզեինք, որ այդ դատավարությունը հնարավորինս շուտ լինի, և դուք շատ շուտ դա տեսնեք»։

Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց պաշտպանական կողմից բերած բողոքը Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։ Քոչարյանը կալանքի տակ է 2018 թվականի դեկտեմբերի 7-ից, նա մեղադրվում է «Մարտի 1»-ի քրեական գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ։