Միհրան Պողոսյանի պաշտպանը նրանից համաձայնություն չի ստացել մեկնաբանություններ տալու

Միհրան Պողոսյանի պաշտպանը նրանից համաձայնություն չի ստացել մեկնաբանություններ տալու

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի արտահանձման վերաբերյալ բազմաթիվ հրապարակումներ եղան մամուլում։ Մասնավորապես, գրվեց, որ Պողոսյանին ՌԴ-ում ժամանակավոր կացություն  է տրամադրվել մինչեւ կլուծվի քաղաքական ապաստան տալու-չտալու հարցը։ Մինչ այդ էլ մամուլը գրել էր, որ նրանք քաղաքական ապաստա է տրվել։
Հայաստանում Պողոսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը այդ գործի վերաբերյալ մեկնաբանություն չի տալիս։

Հարցին էլ՝ թե Միհրան Պողոսյանն է ասե՞լ գործի մասին  ոչինչ չասել, պատասխանեց․ «Էդ թեմայով ընդհանրապես մեկնաբանություն չեմ տալիս։ Էս գործով համաձայնություն չունեմ խոսելու։ Չեմ խոսել, որ ստանամ համաձայնություն, չեմ քննարկել՝ խոսել թե չխոսել։ Ես՝ որպես պաշտպան իր հետ կապ ունեմ, թե ի՞նչ եղանակով, չեմ անդրադառնում։ Իսկ գործի վերաբերյալ մեկնաբանություն չեմ կատարում»։

Գլխավոր դատախազությունից էլ մեզ փոխանցեցին․ «Միհրան Պողոսյանի հանձնման գործընթացի վերաբերյալ տվյալ պահին հրապարակման ենթակա պաշտոնական տեղեկությունն այն է, որ նրան հանձնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը գտնվում է քննարկման փուլում և էքստրադիցիոն գործընթացը շարունակվում է սահմանված իրավական ընթացակարգերին համապատասխան: Գործընթացի վերաբերյալ, ելնելով դրա շահերից, հետագայում կտրամադրվի անհրաժեշտ տեղեկատվություն»: 

Հիշեցնենք, որ ռուսական դատարանը բավարարել էր Ռուսաստանի Դաշնության դատախազության միջնորդությունը և Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու որոշում էր ընդունել՝  Պողոսյանին Հայաստանի Հանրապետությանը հանձնելու հարցը քննարկելու նպատակով: Հայաստանում Միհրան Պողոսյանը մեղադրվում է  Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Ըստ մեղադրանքի՝ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: