«Քյասիբ» դեսպաններն ու անիմաստ դեսպանատները մեծ բեռ են բյուջեի վրա

«Քյասիբ» դեսպաններն ու անիմաստ դեսպանատները մեծ բեռ են բյուջեի վրա

Կառավարությունն ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի առաջարկով երեկ որոշեց խոշոր գումար` 347 մլն 522 հազար դրամ հատկացնել արտաքին գործերի նախարարությանը՝ ՀՀ դեսպանատների համար։ Մնացականյանը դա հիմնավորեց այսպես․ նախկինում արտերկրում մի շարք ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների պաշտոնում կատարվել են նշանակումներ, որոնք ԱԳՆ համակարգից չէին։

«Նրանց մի մասը՝ մասնավորապես Վատիկանում, Ժնեւում եւ Լոնդոնում ՀՀ դիվանագիտական, Լիոնում եւ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսական ներկայացուցչությունների ղեկավարները իրենց առաջարկությամբ հրաժարվել էին հասանելիք աշխատավարձերից, ընտանիքի անդամներին փոխհատուցման գումարներից, բնակարանների վարձավճարներից, բժշկական ապահովագրությունից եւ ներկայացուցչական այլ ծախսերից, Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսն իր վրա էր վերցրել նաեւ Գլխավոր հյուպատոսության անձնակազմի պարտադիր ապահովագրական ծախսերը։ ՀՀ արտաքին գործերի նախարարության բյուջետային հայտում վերոնշյալ ծախսերը ներառված չեն եղել, եւ այդ նպատակով բյուջեից գումարներ չեն հատկացվել»,- ասաց ԱԳ նախարարը։ Հիմա, ըստ նախարարի, դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման նպատակով 2018թ․ մայիսից որդեգրել են այլ քաղաքականություն, ըստ որի՝ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ նշանակում են կադրային դիվանագետներին՝ ԱԳՆ համակարգից, ինչը հավելյալ ծախս է առաջացրել։ 

Կարճ ասած՝ հիմա հարուստ դեսպաններն այլեւս չկան, նրանց փոխարինել են կադրային դիվանագետները, որոնք այնքան հարուստ չեն, որ հրաժարվեն պետության տրամադրած գումարներից, ու մեր կառավարությունը ստիպված է լրացուցիչ ծախսեր անել։ Ուստի 2019-ի համար լրացուցիչ հատկացվում է 347 մլն 522 հազ. դրամ, որ հոգան դեսպանների կարիքները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց․ «Տպավորություն է ստեղծվում, թե գոյություն են ունեցել սեփական դեսպանատներ, այսինքն՝ դեսպանատներ, որտեղ նույնիսկ գույքը պատկանում է մի կոնկրետ մարդու, նրանք հանդես են գալիս պետության անունից, բայց պետական ֆինանսավորում չկա․ սա տարօրինակ իրավիճակ է՝ անկախ նրանից, թե ով է դեսպանը»:

Իրականում ոչ մի տարօրինակ բան չկա, ամեն ինչ բնական է։ Նախկինում դեսպաններ են նշանակվել բիզնեսներ ու խոշոր կապիտալ ունեցող մարդիկ, որոնց դեսպանի կարգավիճակն ու անձեռնմխելիությունը հարկավոր են եղել դիվանագիտական արտոնություններից օգտվելու, իրենց բիզնեսն առաջ տանելու համար։ Եվ նրանց հիմնական գործառույթը եղել է Հայաստանից ժամանած պատվիրակություններին դիմավորելն ու նրանց պատիվ տալ-ուղեկցելը։ Հիմա իրավիճակը փոխվել է՝ իշխանության են եկել հիմնականում ոչ ունեւոր մարդիկ, եւ դեսպանների պաշտոններում նշանակում են «չունեւորներին», որոնք պրոֆեսիոնալ դիվանագետներ են՝ համապատասխան կրթություն ստացած, տարիներ շարունակ արտաքին գործերի նախարարությունում աշխատած եւ դեսպան դառնալու իրենց հերթը հասնելուց գրեթե հույսները կտրած։ Բայց հարց է ծագում, թե ինչով է «պրոֆեսիոնալ դիվանագետների» աշխատանքն ավելի արդյունավետ, քան ոչ պրոֆեսիոնալներինն էր։

Ոչ պրոֆեսիոնալ դիվանագետ էր, օրինակ, Միացյալ Թագավորությունում երկար տարիների ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, ով այժմ ՀՀ նախագահն է եւ սերտ հարաբերություններ ունի Բրիտանական թագավորական ընտանիքի հետ, արքայազն Չարլզին նա է Հայաստան բերել եւ Հայաստանի պատիվը միջազգային հարթակներում բարձր պահել։ Ոչ պրոֆեսիոնալ դեսպան էր երջանկահիշատակ Շառլ Ազնավուրը՝ Շվեյցարիայում ՀՀ դեսպանը, ում անունը ցանկացած երկրի պատիվ կբերեր, եւ ով մեծ աշխատանք է կատարել հայրենիքի համար։ Ոչ պրոֆեսիոնալ դեսպան էր Լեւոն Մարտիրոսյանը՝ Կանադայում, ում ներդրումը մեծ է եղել Թրյուդոյի՝ Հայաստան այցի հարցում, եւ առհասարակ՝ նրան հաջողված դեսպան են համարում։ Ոչ պրոֆեսիոնալ դեսպան էր Վատիկանում նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, ում ջանքերով Հռոմի պապը ժամանեց Հայաստան, Ցեղասպանության 100-ամյակի հայտնի արարողություններն արեց Վատիկանում եւ Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց Տիեզերական եկեղեցու վարդապետ։  Այս բոլոր մարդիկ պետությունից առանց փող ստանալու, իրենց հաշվին դեսպանատներ էին պահում եւ միջազգային ասպարեզում Հայաստանի հանրահռչակմամբ զբաղվում։

Նախկին դիվանագետներից մեկը մեզ հետ զրույցում նկատեց․ «Զոհրաբ Մնացականյանն անկեղծ չէ՝ բոլորին համահարթեցնում է եւ կիսաճշմարտություն է ասում: Ծախսերի ավելացման այլ պատճառներ էլ կան, որոնց մասին լռում են: Ինչո՞ւ անցած տարվա բյուջեի մեջ ծախսերը չեն նախատեսել, արդյոք միայն նշված պատճա՞ռն է, թե՞ ուրիշ պատճառ էլ կա, օրինակ՝ լրացուցիչ հաստիքներ են բացվել դեսպանություններում։ Վերջապես՝ խնայողություններ անելու հազար ու մի ձեւ կա, մեծ թվով երկրներում առհասարակ դեսպանության կարիք չկա։ Օրինակ՝ ինչո՞ւ որոշեցին դեսպանություն բացել Մեքսիկայում, Ինդոնեզիայում կամ Վիետնամում, այն դեպքում, երբ նույն Վիետնամը մեր երկրում դեսպանություն չունի։ Սրանք ավելորդ ծախսեր են ու բյուջեի վրա մեծ բեռ։ Կարո՞ղ են ասել՝ ինչ կարեւոր աշխատանք են կատարում այդ երկրների դեսպանները, բացի դիվանագիտական անձնագիր ունենալուց ու մեր երկրի բյուջեի հաշվին այնտեղ ապրելուց։ Հայաստանի քանի՞ քաղաքացի է նրանց երբեւէ դիմել որեւէ հարցով ու քանի՞ քաղաքացի է այդ երկրներ մեկնում»։

Եվ մի բան էլ․ եթե որեւէ պետությունում ՀՀ դեսպանի աշխատանքի արդյունք դիտենք նաեւ օտարերկրյա ներդրումների քանակը, ապա այսօրվա «պրոֆեսիոնալ» դիվանագետները շատ ավելի ցածր արդյունք են ապահովում, քան «ոչ պրոֆեսիոնալները», որոնք  պետբյուջեի միջոցներն էին խնայում, պետությանն էլ ավելի մեծ օգուտ տալիս։