Միհրան Պողոսյանը նոր ընկերությո՞ւն ունի

Միհրան Պողոսյանը նոր ընկերությո՞ւն ունի

Փետրվարին որոշ ԶԼՄ-ներ տեղեկություններ տարածեցին, թե ԴԱՀԿ նախկին պետ, բանանի մագնատ Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին գրուպ» ընկերությունը սնանկացման եզրին է։ Իսկ փետրվարի 13-ին հայտնի դարձավ, որ բեռնափոխադրող «Ալիանս Լոջիսթիք» ընկերությունը 6,8 մլն դրամի պահանջ է ներկայացրել բանանի շուկայի խոշոր խաղացողին՝ պահանջելով սնանկ ճանաչել «Քեթրինին»։ Սնանկության կառավարիչ Տիգրան Սահակյանը ներկայացնում է գործընթացը․ «Մայիսի 6-ին հաջորդող 5 աշխատանքային օրերի ընթացքում ես՝ որպես կառավարիչ, պետք է ամփոփեմ ներկայացված բոլոր պահանջները, դրանք պետք է դարձնել մեկ ընդհանուր ցուցակ, եթե մինչեւ 10 պարտատերեր են, պետք է ուղարկեմ կողմերին, սպասեմ, մինչեւ որ ծանուցումները լինեն, ցուցակը պետք է հրապարակեմ «Ազդարարում», եւ ուղարկվի դատարան՝ հաստատման։ Եթե հրապարակումից հետո 7-օրյա ժամկետում որեւէ մեկը կառարկի պահանջների դեմ, ապա դատարանը կհրավիրի դատական նիստեր՝ պահանջների ցանկը որոշելու վերաբերյալ, եթե ոչ՝ կհաստատի նախնական ցանկը»։ 

Ընդամենը մեկուկես ամիս տեւեց դատաքննությունը, ինչը ռեկորդ է մեր ժամանակներում, եւ մարտի 29-ին սնանկության դատարանը «Քեթրինին» ճանաչեց սնանկ։ Տարօրինակ է, որ բանանի շուկայում տարիներ շարունակ գերիշխող դիրք ունեցող հարուստ ֆիրման ընդամենը 7 մլն դրամի համար լուծարվի։ Մանավանդ, որ սնանկության հայց ներկայացնելուց ընդամենը 2 ամիս առաջ ընկերությունը, պաշտոնական տվյալներով, գերիշխող դիրք ուներ բանանի շուկայում։ Թեեւ նոյեմբերի վերջին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այն ժամանակվա նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարել էր, որ բանանի շուկայի մասնակիցների թիվն ավելացել է՝ 9-ի փոխարեն 21 ընկերություն է ներմուծում, նոյեմբերի դրությամբ «Քեթրին գրուպի» մասնաբաժինը շուկայում պաշտոնապես 40 տոկոս էր։ Ինչո՞ւ այսքան արագ նա սնանկացավ։ Հնարավոր է, որ սնանկությունը կանխամտածված էր։ Հայկական իրականության մեջ քիչ չեն դեպքերը, երբ օլիգարխները միտումնավոր սնանկության են տանում ձեռնարկությունը, ազատվում են ձախողված, պարտքերի տակ կքող կամ վարկաբեկված բրենդներից եւ նոր բիզնես են բացում։ 

Սխեման հետեւյալն է․ սնանկության տարվող ընկերության գործընկերների թվում գտնում են մեկին, ով համեմատաբար ցածր գումարային պահանջ է ներկայացնում, երբեմն՝ ծիծաղելի։  «Նաիրիտ» ՓԲԸ-ի դեպքում, օրինակ, սնանկության պահանջով դատարան էին մտել «Հայաստանի էլեկտրական ցանցերը», իսկ պարտքը կազմում էր ընդամենը 1,2 մլն դոլար։ Այնուհետեւ պարտատերը մտնում է դատարան, եւ ընկերությունը կարճ ժամանակ անց հայտարարվում է սնանկ։ Այսպես է եղել «Մոսկվիչկա» հայտնի բրենդի հետ, որը պատկանում էր Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանին։

Ընկերությունը սնանկ ճանաչվեց, եւ մինչ պարտատերերը քաղհայցեր էին ներկայացնում սնանկացած խանութներին, Երեւանի նախկին ոստիկանապետը նոր ընկերություն հիմնեց։ Այժմ նույն ճանապարհով է գնում Միհրան Պողոսյանի բիզնեսը։ 

Սնանկության կառավարիչ Տիգրան Սահակյանը վստահեցնում է․ «Սեփական բիզնեսը սնանկության տանելու մեջ որեւէ տրամաբանություն չկա»։ Սակայն, մեր տեղեկություններով, «Քեթրին» հայտնի բանանային բրենդի փոխարեն, որը հեղափոխությունից հետո բացասական ընկալում ուներ հանրության շրջանում, Միհրան Պողոսյանը ստեղծել է նոր՝ «Բանանեկ» ընկերությունը։ Այն գրանցվել է 2018 թ․ հունիսին եւ ըստ ՊԵԿ տվյալների, որպես «Բանանեկ» ՍՊԸ հիմնադիր՝ նշված է Իսպանիայի քաղաքացի Անտոնիո Ռիկարդո Մերինոն, որը «Քեթրին գրուպի» բաժնետերերից էր, ապա՝ սեփականատերը։ Այսպես․ բանանի շուկայում նոր, մաքուր դեմքով ու չվարկաբեկված կենսագրությամբ խաղացող ավելացավ, որը, ըստ հոկտեմբերին հրապարակված ՊԵԿ տվյալների, ապահովում էր բանանի ներկրման 15 տոկոսը։