Ավագանու անդամը ծպտված եկել է նիստին, որ ոստիկանություն չտանեն

Ավագանու անդամը ծպտված եկել է նիստին, որ ոստիկանություն չտանեն

Hraparak.am-ի տեղեկություններով՝ երեկ Ախուրյան խոշորացված համայնքի ավագանու հերթական նիստը մեծ դժվարությամբ է կայացել: «Ախուրյան» եւ «Հաղթանակ» դաշինքների ավագանու անդամները դիմել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որպեսզի նիստը կայանա: Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամները նիստը բոյկոտել են՝ հույս ունենալով, որ այն չի կայանա:

Հիշեցնենք, որ Ախուրյան համայնքում «Ախուրյան» եւ «Հաղթանակ» դաշինքների միավորումով համայնքապետ է ընտրվել դաշնակցական Արծրուն Իգիթյանը, ում դեմ անողոք պայքար է սկսել իշխանությունը: Երեկվա նիստին համայնքապետը բյուջեի հաշվետվությունն է ներկայացրել եւ հաստատվել Է 2022 թի համայնքի բյուջեն: Բանն այն է, որ բյուջեն չհաստատվելու դեպքում համայնքապետի հրաժարականի կամ անվստահություն հայտնելու հարց էր առաջանալու, ինչին ՔՊ-ականները փորձում են հասնել առաջին իսկ օրվանից:

Մեզ պատմեցին, որ երեկ նիստից առաջ ոստիկան է ժամանել համայնքապետարանի շենք եւ փնտրել «Ախուրյան» դաշինքով ավագանի ընտրված անդամներից մեկին՝ պնդելով, թե ոստիկանություն հարցաքննության է հրավիրված: Ավագանու անդամներին կասկածելի է թվացել հենց նիստի ընթացքում ոստիկանի հայտնվելը, անմիջապես կռահել են, որ իրենց անդամներից մեկին մեկուսացնելու դեպքում նիստը չի կայանա, քանի որ քվորում չի ապահովվի:

Մեր աղբյուրի պատմելով՝ գաղտնի հասցրել են տեղեկացնել գործընկերոջը, որ նրան ոստիկանությունն է փնտրում, եւ ավագանու անդամը, ինչպես մեր զրուցակիցն ասած, գողեգող, ծպտյալ հաջողացրել է ներկայանալ նիստին, որպեսզի այն չտապալվի: Թե ինչ է տեղի ունեցել իրականում, փորձեցինք պարզել համայնքապետարանից:
Համայնքապետի տեղակալ Վարդան Իկիլիկյանը չհերքեց կատարվածը:

«Այո, երեկ ոստիկանը փնտրում էր մեր ավագանու անդամին հենց նիստից առաջ, այն դեպքում, երբ նա ամբողջ օրը գյուղում է, իր աշխատատեղում եւ փախած չէ: Դա պլանավորած էր, քանի որ մեր մի ավագանու անդամին մեկուսացնելով նիստը չէր կայանա, բայց մենք շուտ կողմնորոշվեցինք, քայլեր ձեռնարկեցին, եւ իրենց պլանը վիժեցրինք: Սա մեզ համար նորություն չէ, եւ ոչ էլ անսպասելի էր, քանի որ առաջին օրվանից նրանք ամեն ինչի գնում են, հիմա մարզում իրենց միակ նպատակը Մարալիկի ու Ախուրյանի հարցը լուծելն է: Իրենց առջև խնդիր են դրել ատամներով պահել իշխանությունը»,-ասաց փոխհամայնքապետը:

Մեր հարցին, թե ինչ պատճառաբանությամբ էր ոստիկանը փնտրում ավագանու անդամին, Իկիլիկյանը պատասխանեց․ «Մի հատ թեթև գործ կա վրան հարուցված, գործը նախաքննության փուլում է, մենք հրավիրեցինք իր փաստաբանին, նա եկավ, ներկայացավ, դիմեց ՄԻՊ-ի գրասենյակ, եւ դրանից հետո ոստիկանն անհետացավ, էլ ձայն չհանեցին»: