Հերոսությունը չպետք է ասոցացվի նահատակության հետ

Հերոսությունը չպետք է ասոցացվի նահատակության հետ

Առաջ է մղվում մի մտայնություն, թե հերոսությունը ամենօրյա լուռ աշխատանքն է:

Եթե ամենօրյա լուռ աշխատանքը հերոսություն է, ապա դա այլ բան չէ, քան հերոսության «նշաձողի» իջեցում: Հասարակության մեջ արժեքներն ու դրանց վերաբերյալ պատկերացումները որքան պետք է լինեն դեգրադացված, որ առօրյա աշխատանքը, մասնագիտական գործունեությունը «հռչակվի» հերոսություն:

Կամ, գուցե դեգրադացնելու, լղոզելու, գլխիվայյր շրջելու համար է, որ տեղի է ունենում հերոսության հենց այդպիսի շրջում:

Անկասկած է, որ հերոսությունը ռազմահայրենասիրական պաթոսը չէ, այդ թեմայով մեծաբերանությունը չէ: Բայց մի ծայրահեղությունից չպետք է ընկնել մեկ այլ ծայրահեղության մեջ, կամ գցել հանրությանը, ասելով, թե պետք է վերանայվեն հերոսության մասին պատկերացումները եւ հերոսությունը չպետք է ասոցացվի նահատակության հետ:

Այո, հենց նահատակության պատրաստ լինելու հետ է նաեւ, որ պետք է ասոցացվի հերոսությունը: Սա չի նշանակում, թե դրա տակ պետք է անպայման նկատի ունենալ հայրենիքի կամ պետության համար զոհվելը, բայց «զոհաբերման պատրաստակամությունն» է հերոսություն՝ լինի կյանքի զոհաբերման պատրաստակամությունը, թե որեւէ այլ կարեւոր ու թանկ բանի: Հերոսությունը պետք է պահանջի առօրյայից վեր առանձնահատուկ եռանդ, ջանք ու նվիրում:

Անկասկած է աշխատանքի արժեվորման հույժ կարեւորությունը, բայց դա չպետք է ուղղակի, թե անուղղակի դրվի հերոսության հետ «հակադրության» մեջ:

Երբ հասարակությունը հերոսության «նշաձողն» իջեցնում է առօրեականության կամ պարզապես «պրոֆեսիոնալիզմի» մակարդակի, դա պարզապես լղոզում է թե աշխատանքի, թե հերոսության արժեքը:

Քաղաքագետ Հակոբ Բադալյան