Դեմ են Ռուբեն Վարդանյանի թեկնածությանը․ Ուկրաինայում վայնասուն են բարձրացրել

Դեմ են Ռուբեն Վարդանյանի թեկնածությանը․ Ուկրաինայում վայնասուն են բարձրացրել

Ուկրաինայի իշխանության ներկայացուցիչները՝ ժողովրդական պատգամավորները, հրապարակայնորեն դիմել են Նոբելյան կոմիտե՝ Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար, բարերար ու գործարար Ռուբեն Վարդանյանի թեկնածությունը մերժելու կոչով։ 

Խորհրդարանականները պնդում են, որ «Պուտինի ընկերը» տեղ չունի հեղինակավոր մրցանակի հավակնորդների ցուցակում։ Այս մասին գրում է Informator.ua-կայքն ու մի շարք ուկրաինական ԶԼՄ-ներ։

Ստորագրողները հայտարարել են, որ «անընդունելի և անհեթեթ են համարում Խաղաղության մրցանակի համար մի անձի առաջադրումը, ով աջակցում է ահաբեկչությանը և անջատողականությանը, որը ներգրավված է կոռուպցիոն սկանդալներում, հանդիսանում է ռուսական ագրեսիայի հովանավորը և Ուկրաինայի թշնամին»։ Նման ցնդաբանություն էլ գրել է ուկրաինական 5-րդ ալիքը։

Ուկրաինական մասմեդիան, տուրք տալով ադրբեջանական քարոզչամեքենայի անհիմն մեղադրանքներին ու Վարդանյանի նկատմամբ իրականացվող թունավոր արշավին, գրում է, որ Ռադայի պատգամավորները հայ գործչին այդկերպ են բնութագրում, քանի որ «դեռևս 2019 թվականին Եվրախորհրդարանի 22 անդամներ նախաձեռնել են նրան ընդգրկել պատժամիջոցների ցուցակում՝ որպես «Կրեմլի համագործակից»։

Նշվում է, որ 2022 թվականին, իբր, ԱՄՆ Կոնգրեսի 46 անդամներ Վարդանյանին ընդգրկել են պատժամիջոցների ցուցակի նախագծում՝ RT-ի գլխավոր Մարգարիտա Սիմոնյանի հետ միասին։
Հիշատակվում է նաև, որ Վլադիմիր Զելենսկու անձնական հրամանագրով Վարդանյանն ընդգրկվել է Ուկրաինայի պատժամիջոցների ցուցակում։ 2023 թվականին Ուկրաինայի ԱԱԾ-ն Ռուբեն Վարդանյանին ավելացրել է «Խաղաղարար» տվյալների բազա՝ նշելով, որ նա ենթակա է «անհապաղ արտահանձնման Ուկրաինայի կամ ՆԱՏՕ-ի երկրների իրավապահ մարմիններին»։

Նոբելյան կոմիտեն առայժմ չի պատասխանել ուկրաինացի խորհրդարանականների նամակին։