Ովքե՞ր են ասել, որ Նիկոլ Փաշինյանը ստում է (ոչ ամբողջական ցանկ)

Ովքե՞ր են ասել, որ Նիկոլ Փաշինյանը ստում է (ոչ ամբողջական ցանկ)

Բարձրաստիճան պաշտոնյաների մի պատկառելի ցանկ կա, որոնք հայտարարել են, թե Նիկոլ Փաշինյանը ստում է․ Լևոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպով, Միքայել Մինասյան, ԱԱԾ նախկին պետեր՝ Արթուր Վանեցյան և Միքայել Համբարձումյան, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյան, ՀՀ ԱԳՆ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյան, Նիկոլ Փաշինյանի ռազմական նախկին տեսուչ Մովսես Հակոբյան, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյան։ Եվ վերջապես՝ Վլադիմիր Պուտին և Իլհամ Ալիև։ 

Սակայն ԱԺ-ում բյուջեի կատարողականի՝ Փաշինյանի ելույթից հետո հերքումների մի հեղեղ տեղաց՝ նախկին պաշտոնյաների կողմից, ընդդիմության տարբեր թևերից։ Արձագանքեցին 1-ին, 2-րդ և 3-րդ նախագահների գրասենյակները, Լևոն Զուրաբյանը, Արմեն Աշոտյանը, Էդվարդ Նալբանդյանը, Օնիկ Գասպարյանը, Սեյրան Օհանյանը եւ շատ ուրիշներ։ Նիկոլ Փաշինյանն այն մարդն է, որի հասցեին «աննախադեպ» թվով մեղադրանքներ են հնչել ստախոսության համար։ 

ՀՀ 1-ին նախագահի գրասենյակի ղեկավար Արման Մուսինյանն անդրադարձավ նրա խոսքի այն հատվածին, որ 2018 թ․ հուլիսին Լևոն Տեր-Պետրոսյանն իր հետ հանդիպմանն ասել է՝ «հողերը արդեն պետք է տաս»․ «Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանի այսօր ունեցած ելույթում նախագահ Տեր-Պետրոսյանին առնչվող «մտքերը» մեկնաբանելու լրագրողների հարցումներին ի պատասխան, հիշեցնեմ 2020թ. նոյեմբերի 30-ին Փաշինյանի նույնանման «մտքերին» Լևոն Տեր-Պետրոսյանի տված գնահատականը. «Նախագահ Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին: Ինչ ուզում է` թող դուրս տա: Միևնույն է` նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու»:
Լևոն Զուրաբյանն ապրիլի 18-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց․ «Ես ցավով պետք է արձանագրեմ, որ Հայաստանի ղեկավարը ստախոս է, որովհետև նման բան չի եղել․․․Դա բացարձակ սուտ է, դա չի համապատասխանում իրականությանը, նման բան չի եղել: Հայոց պետության ղեկավարի ստելու այդ կարողությունն իրականում ազգային անվտանգությանը վտանգ է ներկայացնում, որովհետև այդ նույն ոճը նա գործածում է ոչ միայն ներքին քաղաքական հանդիպումների ժամանակ, այլ նաև արտաքին, և այն աղետալի հետևանքները, որ մենք ունենք դիվանագիտության մեջ, այս պատերազմի մեջ, որոշ մասով կապված են նաև իր անվստահելիության հետ և պայմանավորվել չկարողանալու իր այդ որակի հետ և ընդհանրապես բավականին լուրջ համակարգային արատների հետ, որ իր կառավարումն իր մեջ պարունակում է»:
Արմեն Աշոտյան․ «Անիմաստ է մանրամասնորեն մեկնաբանել գերագույն գլխավոր վիժվածքի այսօրվա ելույթը, որը խարսխված է բացառապես անբարոյականության և ստի վրա: Սա հին կեղծիքների ռեմիքս էր՝ ադրբեջանական մուղամի նոր ելևէջներով: Բանակցային գործընթացի, բանակաշինության, վերջին պատերազմի խայտառակությունների մասին շատ մանրամասն խոսվել է: Համոզվելու համար, որ նա անբարոյական վաստակ է, բավարար է վերընթերցել նույն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունները՝ թե 2009-2013 թթ., թե 2016-2018 թթ., թե 2018-2020 թթ.»։

ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Politique Internationale-ին տված հարցազրույցում հերքում է Նիկոլ Փաշինյանին 2 դրվագով։
ա/ որ հնարավոր չէր խուսափել պատերազմից 
բ/ որ 2018 թ.-ից առաջ բանակցություններն անդրադառնում էին սոսկ Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի կազմում ինքնավարության տրամադրմանը:

Ըստ Նալբանդյանի՝ հնարավոր էր և անհրաժեշտ էր։ «Իսկ նրանց, ովքեր այսօր նույնիսկ Երևանում պնդում են, թե միևնույն է` ոչ ոք չէր կարող երաշխավորել, որ շուրջ 30 տարի ձգվող բանակցությունների միջոցով հնարավոր էր մոտ ապագայում հասնել կարգավորման, ես կպատասխանեմ հայտնի ասացվածքով. «Ավելի լավ է 40 տարի բանակցել, քան 40 օր պատերազմել»։ Մանավանդ, երբ բանակցությունները գնում էին անհրաժեշտ ճանապարհով՝ հիմնված համանախագահների կառուցողական առաջարկների վրա։ Հայաստանը չէր վարում բանակցություններ հանուն բանակցությունների, այլ ձգտում էր հասնել հանգուցալուծման, և համանախագահների ու Հայաստանի մոտեցումները համահունչ էին դարձել»։ 

Հարցին, թե որոշ աղբյուրների համաձայն, Ռուսաստանը և ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահներն առաջարկում էին Ադրբեջանին վերադարձնել Լեռնային Ղարաբաղին հարակից յոթ շրջանները, որոնք գտնվում էին հայկական ուժերի վերահսկողության ներքո՝ ոչինչ չառաջարկելով դրա փոխարեն՝ ո՛չ կարգավիճակ, ո՛չ անվտանգության երաշխիքներ, Էդվարդ Նալբանդյանը բացասական պատասխան է տալիս՝ ասելով․ «Սա բացարձակ սուտ է։ Նույնը վերաբերում է նաև այն զավեշտալի պնդումներին, թե իբր 2018 թ.-ից առաջ բանակցություններն անդրադառնում էին սոսկ Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի կազմում ինքնավարության տրամադրմանը (ամեն դեպքում Հայաստանը չէր կարող ընդունել նման առաջարկ, քանի որ դա կնշանակեր վերադարձ հակամարտության սկզբին և կբացառեր դրա կարգավորման հնարավորությունը)։ Այս ամենը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև չի դիմանում որևէ քննադատության։ Շատ պարզ հարց է ծագում. եթե այդ պնդումների համաձայն համանախագահների առաջարկները, փաստորեն, առավելություն էին տալիս միայն Բաքվին, ապա ինչո՞ւ հենց ադրբեջանական կողմն էր մինչև 2018 թվականը հրաժարվում բոլոր այդ առաջարկներից։ Ինչո՞ւ էր Ի.Ալիևը նախարարների խորհրդի 2016թ.-ի հոկտեմբերի 18-ի նիստում հայտարարում, որ միջազգային միջնորդները փակ դռների հետևում ճնշում են գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինիցս համաձայնություն ստանան Լեռնային Ղարաբաղի անկախության վերաբերյալ»։

ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի` նոյեմբերի 17-ի հայտարարությունը, թե անհրաժեշտ է 2-3 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնել, սուտ է՝ նա նման բան չի զեկուցել ԱԱԽ նիստում։  «Այլ բան այս բարոյազուրկ ստախոսներից, ըստ էության, չէր կարելի սպասել։ Ես կրկին հաստատում եմ նոյեմբերի 17-ին իմ կողմից կատարված հայտարարությունը։ ՀՀ վարչապետը եւ ԱԽ քարտուղարն անամոթաբար խեղաթյուրում են իրականությունը եւ, օգտագործելով իշխանական լծակները, հանրությանը մոլորության մեջ են մտցնում։ ԱԽ նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել եւ ներկայացվել իրենց համար ցանկալի տարբերակով։ Ճշմարտությունն օբյեկտիվորեն կարող է բացահայտվել միայն գործող վարչապետի հրաժարականի եւ իշխանափոխության դեպքում։ Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի պարզել ողջ իրականությունը»։ 

Նիկոլ Փաշինյանը նաեւ մեղադրանքներ էր հնչեցրել զինվորականների հասցեին, եւ մասնավորապես՝ հիշել էր Լելե Թեփեյի օպերացիան, որը ձախողվել է, եւ տվել ենք 800-ի չափ զոհ։ Նա դրա մեղքը բարդեց գեներալների վրա եւ ակնարկներ արեց գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի որդու՝ Արթուր Օհանյանի ուղղությամբ։

Սեյրան Օհանյանն արձագանքեց․ «Իմ որդին, ինչպես ես, իր ամբողջ կյանքում ծառայել է Հայաստանի եւ Արցախի հանրապետություններին․ ․․Ինչի հասել է՝ ինքն է հասել։ Եվ ինքը եղել է այդ հայտնի օպերացիայի հրամանատարներից մեկը։ Եվ այստեղ էլ Փաշինյանը ցույց է տալիս, որ իրավիճակին չի տիրապետում։ Նախեւառաջ մենք տանկային մի քանի միավորում չունենք, որ ինքն ասում է՝ տանկային միավորումներից մեկը։ Իմ որդին եղել է մոտոհրաձգային միավորման հրամանատար։ Այդ երկու միավորումներն էլ իրենց առջեւ դրված խնդիրները հիմնականում կատարել են, բայց քանի որ համակողմանի ապահովում եւ մինչեւ վերջ ծրագրավորված չի եղել, հանգուցալուծումն այդպիսին է եղել։ Թող պարզեն՝ ինչ է եղել։ Ի դեպ, իմ որդին վիրավորվել է այդ օպերացիայի ժամանակ, վիրավորվելուց հետո իր կառույցը հիմնականում հասել է այդ խնդրի վերջնական կետին՝ իր ստորաբաժանումներով։ Թե որքան չեն հասել, ինչ կորուստ ենք ունեցել, թող իրենք քննեն եւ պարզեն»։

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն էլ հայտարարեց․ «Փաշինյանի ելույթները երբևէ աչքի չեն ընկել տրամաբանվածությամբ, իրականության հետ աղերսով, սթափությամբ։ Որպես կանոն՝ հիստերիկ, ցինիզմով ու կեղծիքով լեցուն ելույթներ են։ Այսօրվանը բացառություն չէր»։ 
Սակայն Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԱԾ տնօրեն նշանակված և մոտ 1 տարի անց հրաժարական ներկայացրած Արթուր Վանեցյանի հայտարարությունն ամենախոսունն էր․«Որոշ ժամանակ աշխատելով ԱԱԾ տնօրենի պաշտոնում՝ սկսեցի նկատել, որ այն, ինչ ցուցադրվում է, ինչի մասին խոսվում է, իրականում ամբողջը կեղծ է, իրենց լեզվով ասած՝ ֆեյք, խաբում են բոլորին ու ամենուրեք, խաբում, խաբում, խաբում»։