Հավատալ Թեմիսին

Հավատալ Թեմիսին

Ֆելիետոնի նման մի բան

Թեմիդա, Թեմիս (հին հուն.՝ Θέμις, Θέμιδος, լատ. Themis)՝ հունական դիցա­բանության մեջ արդարադատության աստվածուհին է, տիտանիդան, շանթահար Զևսի երկրորդ կինը, ով միացավ նրան՝ այն բանից հետո, երբ Զևսը կուլ տվեց իր առաջին կնոջը՝ իմաստնության աստվածուհի Մեթիդին: Թեմիսը պատ­կերվել է աչքերը կապած (անաչառության խորհրդանիշ), ձեռքին առատության եղջյուր և կշեռք, իսկ երբեմն, առատության եղջյուրի փոխարեն՝ սուր:  Այլաբանորեն՝ Թեմիսն արդարադատությունն է, օրենքը, Թեմիսի կշեռքը՝ արդարադատության խորհրդանիշը, Թեմիսի ծառաները (քրմերը)՝ օրենքի սպա­սավորները, դատավորները: Սա երկնքում: 

Իջնենք Երկիր, գնանք Հայաստան: Թեմիսը ՀՀ գլխավոր դատախազությունն է, Հայաստանի քննչական կոմիտեն, ԱԱԾ – ն, իսկ ծառաները՝ ՍԴ, ԲԴԽ, դտավորներ, ոստիկանություն:
Դարեր շարունակ, շագրենի կաշվի նման փոքրացած Հայաստանը, ոչ մեկի կողմից չընդունված ու չսիրված երկիր է, չնայած հայերն ամենահյուրասերն են ու ամենաբարեհամբույրն աշ­խար­հում. պատեպատ կխփվեն, բայց Աստծո հյուրին աստվածահաճո կճա­նա­պարհեն: Հայերն ուժեղ են, հայերը հզոր են, հայերն արժանապատիվ են՝ չնայած հազարավոր տարիներ իրենց պա­տուհասած տառապանքներին, նվաստացումներին:

Այս փոքր, բայց աստվածային երկրում բոլորը բոլորին ճանաչում են, ունեն ծանոթներ նշված ոլորտներում: Ինչպես իրենք են «սովորական» մարդկանց դոսյեները ստեղծում, այնպես էլ այդ սովորական մարդիկ նույն բանն են անում իրենց առնչությամբ: Ոմանց թվում է, որ իրենք բոլորին վերահսկում են, մինչդեռ իրենք էլ վե­րահսկողության տակ են: Իրենք պետք է իմանան, որ «սովորական» մահկանացուները գիտեն, որ նրանք գիտեն, որ իրենք ամեն ինչ գիտեն նրանց մասին:

Բայց «կոմպրոմատները» չէ, որ կարևոր են: Եվ դրանք «կոմպրոմատներ» էլ չեն, այլ բանիմացության դրսևորումներ, թեպետ չունեն այն զորությունը, ինչ պաշտոնական Թեմիսի ձեռքին եղածներն են: Հանգամանքների փոփոխության դեպքում են դրանք դառնում զորեղ:
Եվ ահա, Թեմիսի առկայության պայմաններում, այդ ու՞մ մտքով է անցել աղմկել, իբրև թե երկիրը կործանվում է, որ շուրջբոլորը օտարերկրյա գործա­կալներ են ու դավա­ճաններ: Այդ զազրախոսներին Զևսը կշանթահարի:

Լավ, ինչպես կարելի է «կուտը ուտել» ու պատկերացնել, թե մեծաթիվ անձինք հանցագործներ են, այդ թվում՝ իշխանական, ու հանցակազմերի առկայության պայմաններում Թեմիսը կու՞յր է ձևանում: Այո, նրա աչքերը կապված են, որպեսզի ոչ մի կոռուպցիայի գայթակղության չտրվի: Բայց նա կույր չէ, նա արդարադատ է:

Այնպես որ, գուցե պետք է դադարել դիմադրելը: Թեմիսն ինչ կասի, այնպես էլ կլինի: Պետք է հավատալ ու վստահել մեր Թեմիսին: Եթե Թեմիսը գտնի, որ աշխարհի երեսին Հայաստան պետություն չպետք է լինի, ուրեմն այդպիսին է Զևսի կամքը, իսկ Աստծո կամքին հակառակվելը…

Հ.Գ. Ցանկացած ապաշնորհ իշխանություն՝ առանց Թեմիսի մի օր էլ չի կարող գոյատևել: Որքանով Թեմիսն ապազգային է, այնքանով էլ ապաշնորհ իշխանությունը հզոր է եւ գոյատևող: Իսկ շնորհալի իշխանությունն առանց Թեմիսի կգոյատևի: Խնդիրն այն է, որ արդյունավետ և պետականության բարձր գիտակցությամբ կառավարման դեպ­քում օրենքները պահպանվում են անվերապահորեն, առանց պարտադրանքի, այսինքն՝ առանց Թեմիսի սրի:

Գագիկ Վարդանյան