Նիկոլ Փաշինյանի 50 երանգները կամ Մարգարիտայի առաջ շպրտված մարգարիտները

Նիկոլ Փաշինյանի 50 երանգները կամ Մարգարիտայի առաջ շպրտված մարգարիտները

Նիկոլ Փաշինյանը տարբեր է։ Նա լինում է եռանդուն, ագրեսիվ, ընդդիմադիր, հեղափոխական, վարչապետ, լրագրող, խմբագիր, շատախոս, պերճախոս, ագրեսիվ՝ թաթիկներ կտրող, պինցետով քյաբաբ առ քյաբաբ  հանող ու պատերին ծեփող, նախանձ, աչքերով հայացքներ որոնող ու դրանք վանող, ինքնամեկուսացված, անտրամադիր, շատակեր, «մարդկային»՝ գլուխ ու ականջ քորող, երեխաներին հեքիաթներ պատմող, հասկացող, խաղացկուն, աչքով անող, կատակասեր, մուննաթ եկող, հազացող, միամիտ, բարեգութ, Քրիստոսի նման հեզ ու տաճարներում սեղաններ շուռ տվող, եւ իհարկե՝ դուխո՛վ։

Նայած՝ պահն ու  իրավիճակը ինչպիսին է․ կախված քաղաքական իրավիճակներից ու օրակարգից՝ Նիկոլ Փաշինյանն ունի 50 և ավելի մարդու և քաղաքական գործչի երանգ։ Երեկ նա զոհ էր։ Երեկ նա թողնում էր աշխարհից հոգնած մարդու տպավորություն, ում միսն առավոտից իրիկուն «ծամում են», ու որը խոզերի առաջ մարգարիտներ է շպրտել։ Մարգարիտները շպրտվել էին Հանրայինի Մարգարիտայի առաջ։ Գրեթե մեկ տարի առաջ Նոր Հայաստանի Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Պասկեւիչյանը գրեթե կաթված էր ստանում վիրավորանքից, թե ինչպես իր 30 տարվա ընկերը՝ Արա Շիրինյանը, հանուն Մարգարիտայի ընդունեց իր հրաժարականը, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ, ում հետ «քայլել էր» 2008-ին, ձայն բարբառո հանապատի թողեց իր բոլոր բաց նամակները, որոնցում ամեն օր ասում էր, որ հեռանում է, քանի որ իր՝ Հանրային հեռուստաընկերությունը  քոչարյանա-սարգսյանական ճահճից դուրս բերելու բոլոր ջանքերը մի կողմից հանդիպել էին սառն անտարբերության, մյուս կողմից՝ կոշտ դիմադրության։ 

«Չես գնում փոփոխությունների՝ ուրեմն չես ուզում աշխատել։ Եթե չես աշխատում, հազար պատճառաբանություն կարող ես բերել՝ մարդուժ չկա, թարմ գաղափարներ չկան, փող չկա եւ այլն։ Ոչինչ, որ հանրային տարածքում սանիտարական մաքրություն անցկացնելու շանսն ես բաց թողնում՝ մսխելով թավշյայի բովանդակությունն ու արժեքները»։ Սերժ Սարգսյանի կադր Մարգարիտայի ամենակարողության ֆենոմենն այն ժամանակ վերլուծվել էր և արձանագրվել, որ «հեղափոխական» թիմից բոլոր նրանք, ովքեր տիկին Գրիգորյանի հետ 1 ամսից ավելի աշխատում են, դառնում են նրա ամենաքնքուշ պաշտպանները։ Եվ սա Մարգարիտա Գրիգորյանի դեպքում արդեն լակմուսի թուղթ էր։ Հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրենի պաշտոնը, պատգամավոր դառնալու պատճառով թողած, «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Թեւոսյանը, օրինակ, հեռանալիս համատեղ աշխատանքի համար անվանական շնորհակալություն էր հայտնել միայն գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանին՝ «համատեղ ծանր ճանապարհ անցնելու համար»։

Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Շիրինյանը Մարգարիտա Գրիգորյանի այնպիսի ազդեցության տակ էր հայտնվել, որ երբ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Հանրային, գերադասում էր քայլել նրա ու իր գործադիր տնօրենի հետևից, մինչ նրանք զրուցում էին։ Եվ սա՝ «օդում կախված լուրերի»  ֆոնին, թե Ռուբեն Ջաղինյանի երբեմնի աջ ձեռքը՝ Մարգարիտա Գրիգորյանը, օրենքի հետ կապված լուրջ խնդիրներ ունի Հանրայինում իր նախկին ղեկավարի հետ կատարած գործարքների արդյունքում։ Մարգարիտա Գրիգորյանի ֆենոմենն այն ժամանակ բացատրվել էր նրա երեք հզոր հովանավորներով, որոնցից երկուսը փոխվարչապետներն են, մյուսը՝ վարչապետի տիկինը։

Հիմա Մարգարիտա Գրիգորյանը «սերժսարգսյանական կոռումպացված կադր» է։ Լիքը տեղեր միջնորդությունների համար զանգահարած Մարգարիտա Գրիգորյանը սա հասկացել էր դեռ Փաշինյանի լայվից առաջ,  երբ հայտնի ՊՈԱԿ-ի փողերով սնվող յութուբյան ալիքներից մեկի` «Նիկոլը կկոտրի սրանց վզերը. Հրատապ սարսափ գործողություն» վերտառությամբ տեսանյութում ասվեց, որ «այն մարդիկ, որոնք որևէ կերպ վնասել են պետությանը, այսօր գտնվեին իրենց իսկական տեղերում, նրանք ժամանակ չէին ունենա կազմակերպել անբարո գործողություններ ողջ ազգի դեմ»։ Իհարկե, այս տեքստն ասվում է Ազգային անվտանգության ծառայության շենքի «պերճախոս» կադրերի վրա, բայց չէ՞ որ  ամեն ինչ հասկանալի է արցունքի կաթիլի պես։ Սա` Մարգարիտայի համար։

Թե ինչու ԱԱԾ․ «Հրապարակը» մինչ այդ տեղեկություն էր հաղորդել, որ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի գիտությամբ երկարատև հանդիպում են ունեցել ԱԱԾ -ում, ինչն օպերատիվ կերպով «հերքվել էր» 2-րդ ու 3-րդ նախագահների գրասենյակի կողմից։ Քանի որ նման հանդիպման՝  առանց Փաշինյանի գիտության և հանձնարարության տեղի ունենալը ֆանտաստիկայի ժանրից է, ապա հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ էր Փաշինյանին  պետք, կամ ինչո՞ւ է նա թույլ տալիս, որ նախկին սիամական երկվորյակները հանդիպեն։ Բա՞ն կա փոխանցելու։ Եթե այդպես է, ապա հարց՝ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հանձնարարությո՞ւնն է կատարում։ Նիկոլ Փաշինյան և Սերժ Սարգսյա՞ն։ Երբ մեր երկրում նման զարմանահրաշ  բաներ են կատարվում, ու խոսվում է այս մասին մամուլում,  էլ ո՞վ, եթե ոչ Սերժ Սարգսյանի կոռումպացված իշխանության կադր ու Նիկոլ Փաշինյանի նետած մարգարիտները կոխկրտած Մարգարիտը պետք է ստանա աստվածաշնչյան խոզի կերպարանք ու  քավության նոխազի կարգավիճակ։ Քանզի նա է, որ պետք է տարորոշի։