Նման սերիալներն արտացոլում են հենց հեղինակների ճաշակը եւ մոտեցումները

Նման սերիալներն արտացոլում են հենց հեղինակների ճաշակը եւ մոտեցումները

Հայկական հեռուստաեթերի դոմինանտը սերիալներն են: Ամեն աշխատանքային օր` ժամը 20:00-ից մինչեւ կեսգիշեր, որոշ դեպքերում՝ նաեւ հանգստյան օրերին, շաբաթվա կտրվածքով կրկնությամբ, մեկը մյուսին հաջորդելով ու լրացնելով, էկրանին են հայտնվում նույն` պրիմիտիվ բովանդակությամբ, ագրեսիայով ու զավեշտով լի հեռուստասերիալները: Բոլորովին վերջերս էլ հանրության շրջանում վրդովմունքի առիթ դարձավ «Արմենիա» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Կույր աշխարհ» հեռուստասերիալը, իսկ ավելի կոնկրետ` սերիալի հետադիմական սցենարը: Հայկական հեռուստաեթերի, առկա հեռուստասերիալների որակի, դրանց լեզվի մասին «Հրապարակը» զրուցել է Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի հետ:

- Պարոն Բաբայան, չնայած մեզանում առկա հեռուստասերիալները երբեք էլ աչքի չեն ընկել իրենց որակական բարձր հատկանիշներով, սակայն բոլորովին վերջերս «Արմենիա» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Կույր աշխարհ» հեռուստասերիալը դարձավ լայն քննարկման առարկա: Եկեք խոսենք այն մասին, թե հեռուստասերիալներն ինչպիսի ազդեցություն են թողնում հասարակության վրա: Մարդկանց մտածողության եւ գեղագիտական ճաշակի վրա ազդո՞ւմ են դրանք:

- Ես այն հազվագյուտ մարդկանցից եմ, որը երբեք հեռուստասերիալ չի նայում, սակայն երբեմն պատահմամբ հեռուստացույցի առաջ նստում եմ եւ ինձնից անկախ տեսնում եմ, թե ինչ որակի սերիալներ են եթեր հեռարձակվում: Այդ հայտնի սերիալի մասին էլ լսել եմ, ուղղակի զավեշտալի է: Հիմնականում նման մակարդակի սերիալներ նկարահանողներն իրենց աշխատանքը բացատրում են հետեւյալ կերպ. ինչ դիտում են, դա էլ նկարահանում ենք: Իրականում այդպես չէ: Նման սերիալներն արտացոլում են հենց հեղինակների ճաշակը եւ մոտեցումները: Խոստովանելը դժվար է, եւ հենց այդ պատճառով էլ ամեն ինչ բարդում են հեռուստադիտողի եւ նրա գեղագիտական ճաշակի վրա: Ես շատ եմ շրջագայում, գնում եմ անգամ մեր ամենահեռու գյուղերը եւ պետք է ասեմ, որ մեր երիտասարդությունը բավականին զարգացած է: Մեր ժողովուրդն ավելի բարձր մշակույթի է արժանի: Ամեն օր ականատես եմ լինում դասական երաժշտություն լսողների, բարձրակարգ գրականություն ընթերցողներ։ Այնպես որ՝ ասել, թե հասարակությունը նման որակի սերիալներ է պահանջում, ներողություն` սուտ է: Այս ամենն իրականում շատ վտանգավոր ազդեցություն է թողնում, քանի որ հեռուստատեսությունը շատ մեծ ազդեցություն ունի մեզանում: Հանրության վրա ուղղակիորեն ունենում է իր բացասական ազդեցությունը, թե երեւի ճիշտն այս կիսագողական ու հետադիմական բարքերն են: Դե, իսկ սերիալներում առկա բառապաշարի մասին խոսելն ավելորդ է: Չես հասկանում, թե ինչ լեզվով են խոսում, ինչ բառեր են օգտագործում եւ այլն: Անկեղծ ասած, երբ ես առաջին անգամ լսեցի այդ հայտնի սերիալի մասին, մի պահ ինձ թվաց՝ կատակերգություն է ցուցադրվելու, եւ շատ ուրախացա: Իրականում, կուսաթաղանթի մասին լուրջ դեմքով սերիալ նկարելը կատակերգության ժանրից կարող է լինել միայն: Օրինակ` իտալացիներն այդ թեմայով հրաշալի կատակերգություն կնկարահանեին:

- Դա մեզանում ներկայացվում է իբրեւ դրամա, այլ ոչ թե կատակերգություն....

- Իրականում սա կատակերգություն է, սարսափելի կատակերգություն: Սա նշանակում է, որ մեզանում առկա է արժեքների թյուրըմբռնում: Ի՞նչն է մեզ համար կարեւոր, ինչի՞ մասին ենք մենք խոսում, ի՞նչն է մեր հասարակության համար խնդիր: Այսօր հազարավոր խնդիրներ ունի մեր ժողովուրդը: Չի կարելի նման պարզունակ թեմաներից խոսել: Որ ոլորտն էլ վերցնենք, խնդիրների պակաս չկա: Ինչի՞ մասին է խոսքը: Եթե մենք ուզում ենք ունենալ առաջադեմ երկիր, պետք է փոխենք հետադիմական մտածողությունը:

- Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը, խոշորացույցը ձեռքին, հետեւում է ընդդիմադիր հեռուստաընկերություններին: Բոլորովին վերջերս ընդդիմադիր հեռուստաընկերություններից մեկի հաղորդավարի խոսքի ինտոնացիան անգամ ՀՌՀ-ի համար լուրջ մտահոգության առիթ էր դարձել: Նշել էին, թե հաղորդավարի խոսքը տագնապ է առաջացնում, սակայն նույն այս հետադիմական սերիալների սցենարները, դրանցում առկա դերասանական թույլ խաղը, փողոցային ժարգոնը ՀՌՀ-ին չի մտահոգում: Ինչո՞ւ:

- Ասել, թե հաղորդավարի ձայնի ինտոնացիան տագնապ է առաջացնում, դա էլ է կատակերգական ժանրից: Ես գրաքննությանը դեմ եմ: Ապրել եմ սովետական ժամանակներում: Ամեն օր ժամը 5-ից հետո այդ տարիներին ռադիոն հեռարձակում էր մուղամ: Սարսափելի ժամանակներ էին: Ինչպե՞ս պետք է պայքարել այսօրվա անորակ հեռուստաարտադրանքի դեմ՝ միմիայն լավը ստեղծելով եւ քարոզելով: Պետք է որակյալ արտադրանքին արտոնյալ պայմաններ տալ:

- Այսօր չկա՞ն սցենարիստներ, ովքեր կարող են բարձրակարգ սցենարներ գրել: Թատերականում կա սցենարադրամատուրգիայի բաժին: Ինչո՞վ են զբաղվում այդ բաժնի շրջանավարտները:

- Այնքան տաղանդավոր երիտասարդներ կան իրականում: Այնքան հետաքրքիր աշխատանքներ են ներկայացվում, շատերը հրավիրվում են միջազգային փառատոների: Չեմ կարծում, թե հայ ազգի արմատը չորացել է:

- Իսկ ինչո՞ւ հեռուստաընկերությունները չեն համագործակցում նրանց հետ:

- Դա պետք է հարցնեք TV-ներից: Ես դժվարանում եմ ասել: Չգիտեմ ինչպիսի ներքին խոհանոց ունեն: Ակնառու է, որ նրանք գնում են ամենահեշտ ճանապարհով, ամենաանճաշակ աշխատանքներն են անում, մատուցում գռեհկաբանություններ, ներողություն այս խոսքերի համար, բայց իրականությունը սա է: Այն, ինչ հեշտ է, չի նշանակում որակյալ է: Անհատը բաղկացած է ֆիզիկական եւ հոգեւոր մասերից: Օրինակ՝ անորակ սնունդը քայքայում է մարդու մարմինը, նույնկերպ էլ մարդու հոգեկան աշխարհի վրա ազդում է հոգեւոր սնունդը:

- 90-ականներին հիմնականում ցուցադրվում էին լատինաամերիկյան հեռուստանովելներ, որոնք եւս բազմապիսի քննադատությունների էին արժանանում: Դրա՞նք էին ավելի պարզունակ, թե՞ տեղականը:

- Համեմատության մեջ լատինաամերիկյանն ավելի լավ է: Վերջերս պատահմամբ մի ադրբեջանական հեռուստաալիք էի դիտում, որով մատուցվող սերիալը հայկականից ոչնչով չէր տարբերվում: Նույն անճաշակությունն ու պրիմիտիվությունն էր: Լատինաամերիկյան սերիալներն ավելի գեղեցիկ էին, չնայած կրկին պարզունակ հարաբերությունների մասին էին` դավաճանություն, խանդ, խաբեություն եւ այլն: Հայկական սերիալներն անճոռնի կյանքի մասին են.... իրականում մենք պարզապես ջնջում ենք այն ամենը, ինչ մերն է: Այդքան մի բան: