Արգելել և վերջ
Քննչական մարմինների հաղորդագրություններից ավելի զազրելի, մարդու իրավունքները ոտնահարող երեւույթ դժվար է պատկերացնել: Իհարկե, դատախազությունը, ոստիկանությունը, քննչական ու հակակոռուպցիոն կոմիտեները մեզ հաշտեցրին այդ իրողության հետ, բթացրին մեր զգացողություններն ու արմատացրին այդ անթույլատրելի երեւույթը, բայց դրա դեմ հարկավոր է լրջորեն պայքարել: Կիսագրագետ ու կամակատար քննիչների, դատախազների կողմից մի քանի օրապակաս նյութ հավաքելուց հետո այս կառույցները ծանր ու մեծ հաղորդագրություններ են տարածում` ոչնչացնելով մարդկանց տարիների վաստակը, հեղինակազրկելով նրանց, խեղաթյուրելով իրականությունն ու քաղաքական պատվերներ կատարելով: Եվ դյուրահավատ մարդկանց մի մեծ խավ, որը սովոր է պաշտոնական ատյաններին հավատալ եւ նրանց յուրաքանչյուր հիմարությունը հալած յուղի տեղ ընդունել, սկսում է վաշ-վիշ անել` ախ, տեսեք ոնց են թալանել, ախ, այս ինչ է կատարվում` ինչպես են պաշտոնները չարաշահել, պետությանը դավաճանել, հասարակությանը վնաս տվել:
Միայն շատ ուշադիր, իրավաբանական գիտելիքներ ունեցող մարդիկ են կարողանում այդ հաղորդագրությունների տողատակերում տեսնել աբսուրդն ու փաստերի մանիպուլյացիան: Հետո մեղադրյալի կարգավիճակում հայտնված մարդիկ մեծ գումարներ են ծախսում` փաստաբան վարձելու եւ իրենց անմեղությունն ապացուցելու վրա, իսկ երբ դա ապացուցվում է, ոչ մեկն այլեւս չի իմանում դրա մասին: Հարկավոր է օրենքով արգելել՝ մինչեւ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, քննչական մարմինների կողմից նման հաղորդագրությունների տարածումը: Դա բացառապես փիառ նպատակի է ծառայում եւ քննչական մարմինների ու իշխանության հանդեպ վախի մթնոլորտ ձեւավորելուն: Իսկ թե ի՜նչ մեծ վնասներ է պատճառում, դժվար է անգամ պատկերացնել:
Կարծիքներ