Վերակառուցվող տունը՝ նոր կյանքի մեկնարկ

Վերակառուցվող տունը՝ նոր կյանքի մեկնարկ

Մինասյանների ընտանիքը ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր» տնաշինական կենտրոնի աջակցությունը ստացած ութերորդ ընտանիքն է Սյունիքի մարզում: Ախլաթյան գյուղում այս օրերին շինարարություն է ընթանում: Կամավորության սկզբունքն սկսում է տարածվել եւ մշակույթ դառնալ նույնիսկ առանց գործընկերների միջամտության: Բնակարանաշինության ծրագրի կարեւոր ձեռքբերումներից մեկն էլ դա է:

Քսանչորսամյա սյունեցի Հրաչյան սկսել է շատ լուրջ խնդիրներ հաղթահարել տարիներ առաջ… Նա կորցրել է մորը, հետո ընտանիքի հետ պայքարել եղբայրներից մեկի կյանքի համար: Տան կրտսերին հաջողվել է փրկել միայն համառ ու երկարատեւ ջանքերից հետո: Ճակատագրի հարվածներից տոկուն դարձած տղաները նախ իրականացրել են մոր երազանքը. երկուսն արդեն ավարտել են բուհը եւ աշխատում են Ախլաթյան գյուղի դպրոցում: Կրտսերն ուսանող դառնալու ճանապարհին է: Այժմ էլ փորձում են կյանքի նոր էջ բացել: Երեքով թեւ-թիկունք են դարձել իրենց հորը եւ սկսել քսանութ տարի կիսակառույց մնացած տան շինարարությունը:

Կիսակառույցի ներսում ընթացող աշխատանքները համախմբել են բոլորին: Ժամանակ առ ժամանակ տան տղամարդկանց կամավոր օգնության են գալիս հարեւանները, հարազատներն ու բարեկամները: Այդ ամենն առավելապես գնահատում է կամավորության փորձ ունեցող եւ այն արժեհամակարգ դարձրած Հրաչյան: Գործն առաջ է գնում միմյանց ոգեւորելով եւ կատակելով: Տղամարդիկ ուզում են, որ նոր տան պատերի ներսում այսուհետ միայն ուրախություն լինի:
«Երազանքներ շատ ունեմ, բայց ամենակարեւորներից մեկը հորս ապահով տեսնելն է: Տարիներ շարունակ նրան չի հաջողվել տուն կառուցել: Մորս մահից եւ փոքր եղբորս առողջական լուրջ խնդիրները հաղթահարելուց հետո մեզ հաջողվել է վերսկսել այն շինարարությունը, որը հայրս էր ուզում, բայց չկարողացավ իրականություն դարձնել: Ես ուզում եմ, որ տարիների այդ տառապանքից հետո նա հանգիստ ապրի այն տան մեջ, որը մենք ենք կառուցում»,- ասել է տան ավագ որդին՝ 24-ամյա Հրաչյան:

Աշխատանքային գործունեությամբ պայմանավորված, գործընկերները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր» տնաշինական կենտրոնի ղեկավարները, միշտ չէ, որ կարողանում են միանալ շինարարությանը:  Ընտանիքների կյանքն ու իրականացվող գործընթացը, սակայն, նրանց ուշադրության կենտրոնում են: Երբեմն էլ՝ մինչեւ հանդիպում, ֆիզիկական բացակայությունը լրացվում է ուղերձով:

«Հրա՛չ, տեղեկացված եմ, թե ինչ դժվարությունների միջով է անցել ընտանիքդ: Աշխատավայրից դիմում եմ քեզ, եղբայրներիդ ու հայրիկիդ: Գիտակցում եմ, թե որքան ուժեղ եք եւ ինչ կամք եք դրսեւորել, որպեսզի հաղթահարեք կյանքի հարվածները: Պայքարեք ձեր երազանքներն իրականացնելու համար: Դուք արժանի եք հարգանքի: Եղեք լավատես եւ վստահ մտածեք, որ նոր կառուցվող տան պատերի ներսում երջանիկ օրեր եք ապրելու»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: